Օրերս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում հրավիրված հանրապետական գիտաժողովը նվիրված էր 19-րդ դարի հայ նորարար մանկավարժներից մեկի՝ Ղազարոս Աղայանի ծննդյան 170-ամյակին: Հայաստանյան տարբեր բուհերի դասախոսների զեկույցները հիմնականում 2 ուղղվածություն ունեին՝ Ղ. Աղայանի կյանքը, գործն ու ստեղծագործությունը եւ ուսուցման գործընթացում նոր մեթոդների, նոր տեխնոլոգիաների կիրառությունը: Վերջին ուղղվածությունը պատահական չէ, քանի որ Ղ. Աղայանը համարվում է 19-րդ դարի հայ ամենանորարար մանկավարժներից: «Նա մեր այն բացառիկ ուսուցչապետերից է, ով գիտությունը բանաստեղծականացրեց՝ միջոց ընտրելով մանկավարժությունը»,- նկատում է ՎՊՄԻ գրականության ամբիոնի դասախոս Արտակ Սարուխանյանը: Գիտաժողովի մասնակիցները միակարծիք էին. այսօրվա դասագրքերի հեղինակները շատ բան ունեն սովորելու Ղ. Աղայանից: