Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱՆԿ, ԲԱՅՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

Նոյեմբեր 09,2010 00:00

Մշակույթը՝ առանց մասնավոր անձանց քմահաճույքների

\"\"
Լ.  Իվանյանն (ձախից) ու Կ. Զաքոյանը:

Հայաստանում առաջին անգամ վերջերս հիմնվել է միջազգային մշակութային բանկ (ՄՄԲ): Ու թեեւ  մեկ ամսականը չբոլորած ընկերության համար դեռ շուտ է արած գործերի մասին խոսելը, այնուամենայնիվ, ելնելով նրանից, որ մեր իրականությունում բանկի ստեղծումը երեւույթ է, «Առավոտը» հանդիպեց ՄՄԲ-ի նախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարապետ Զաքոյանի եւ ծրագրերի ղեկավար Լեւոն Իվանյանի հետ:
Ի՞նչ ասել է Միջազգային մշակութային բանկ: «Ինչպես անհատի կամ պետության համար ամենաթանկ արժեքը անկախության ձեռքբերումն է, այնպես էլ մշակույթը խիստ կարիք ունի անկախության,- ասում է Լ. Իվանյանը:- Այլ բան է, որ շատերը համարում են, թե դա հնարավոր չէ: Այդ կարծիքին են հատկապես նրանք, ովքեր հեռու են մշակույթի ոլորտից ու կարծում են, թե արվեստն ու մշակույթը աշխարհում գոյություն ունեն քաղաքական քմահաճույքի կամ ֆինանսական ժամանցի համար»: Կ. Զաքոյանն  էլ լրացրեց. «Մենք չենք պատրաստվում բարձր մակարդակի մի նոր «լվացքատուն» կառուցել պետական բյուջեի հաշվին: Աշխարհում գումարներ շատ կան, եւ մենք ավելի հակված ենք պրոֆեսիոնալ արվեստի եւ մշակույթի միջոցով դրանք ներգրավել հայկական միջազգային ծրագրերում՝ մի կողմից մեր ներկայանալի որակների առջեւ միջազգային ճանապարհ բացելու համար, մյուս կողմից՝ ժամանակակից արվեստի նվաճումները Հայաստան ուղղելու համար: Բանկի գլխավոր առաքելությունը պրոֆեսիոնալ մշակութային ակցիաների միջոցով  ազգերի միջեւ բարեկամության ամրապնդումն է»:
Լ. Իվանյանը համոզված է, որ մշակույթը այլ ոլորտների թերմացքով սնուցվելու կարիք չունի՝ մշակույթը ինքնին բարձրագույն արժեք է. «Նրան (նկատի ունի մշակույթը-Ս. Դ.) պետք է ազատել պետության «հոգատարության» եւ մասնավոր անձանց ֆինանսական «քմահաճույքների ճաղավանդակից»: Հետաքրքրվեցինք՝ գուցե արդեն կա՞ն  նախագծեր, որոնց մասին կարելի է բարձրաձայնել: Պարոն Զաքոյանը առանց մանրամասների մեջ խորանալու՝  նշեց միայն, որ նախաձեռնել են բելառուս կոմպոզիտոր Դոլգոլյովի «Պրոմեթեւսի կրակը» ռոք օպերան բեմադրել Ազգային օպերային թատրոնում. «Արդեն ունենք Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի եւ Հայաստանի նախագահ Սարգսյանի պատասխան «հետաքրքրությունը» (խոսքը շուրջ $700 000 արժողության ծրագրի մասին է), սպասում ենք Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի պատասխան նամակին՝ այլ ծրագրի վերաբերյալ, դարձյալ մեծ արժողությամբ: Սպասում ենք նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների մեր գործընկերների պատասխանին… Ի դեպ,  բանկում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, օրինակ, ԱՄՆ-ից մշտական հայրենիք է տեղափոխվել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջորջ Արմենը, ով մեզ մոտ միջազգային կապերի պատասխանատուն է: Ամենաերիտասարդ գործընկերը «Կոմա» ռոք խմբի ղեկավար, երաժիշտ Հայկ Զաքոյանն է: Նա էլ մեր «ակադեմիզմը» կլրացնի ժամանակակից արվեստին վերաբերող խնդիրների լուծմամբ…»:
Մեր զրուցակիցները նշեցին նաեւ, որ զուտ քաղաքացիական նամակ են հղել Ամենայն հայոց կաթողիկոսին, խնդրելով դատապարտել ամերիկյան պաստորի կողմից «Ղուրանի» նկատմամբ ծրագրված, մեղմ ասած, անհանդուրժելի քայլը: Անմիջապես ստացել են վեհափառի բարձր գնահատանքը, նաեւ արձագանքներ Իրանի, Սիրիայի եւ ԱՄԷ-ի ներկայացուցիչներից:
Անդրադառնալով մշակութային ծրագրերին, նշեցին, որ դրանք բազում են ու սպասվածից շատ ավելի արագ են ընթանում: Կատակեցին, թե իրենց աշխատանքային կառույցի ձեւավորումը ետ է մնում ՄՄԲ-ի սրընթաց արագությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել