Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Սեդրակյանը իր հայտնագործած տատանվող համակարգի նոր հատկության միջոցով ապացուցել է, որ երկրաշարժը ոչ թե 9 բալ, այլ դրանից 5-10 անգամ ավելի ուժգնություն է ունեցել:
Մոտ մեկ ամսից կլրանա 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարին: Բնական աղետ ներկայացված երկրաշարժը տասնյակ հազարավոր անմեղ զոհերի պատճառ եղավ: Ավերված նյութական արժեքները գնահատվեցին շուրջ 16 մլրդ դոլար: Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ 85-ամյա Լավրենտի Սեդրակյանը «Առավոտի» միջոցով ցանկացավ մեկ այլ՝ երկրաշարժի բնական աղետ լինելու հանգամանքի վրա ուշադրություն դարձնել: Միայն մեր տվյալներով, 25 հազար զոհ տված 1988-ի աղետին նա գենոցիդ անվանումն է տալիս, քանի որ գիտականորեն ապացուցել է՝ այդ երկրաշարժը ամենեւին էլ բնական աղետ չէր: Լ. Սեդրակյանը պոլիտեխնիկական ինստիտուտում սովորելիս եւ ասպիրանտուրայում անվանական թոշակառու է եղել, 25 տարեկանում ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան, 35-ում եղել է «Հայսեյսմշին եւ կառուցվածքների պահպանման ինստիտուտի» (նախկինում՝ «Շինանյութերի եւ կառուցվածքների ԳՀԻ»- Լ. Խ.) տնօրենը, այժմ էլ նույն ԳՀԻ-ում լաբորատորիայի վարիչ է աշխատում: «Այն ժամանակ աղետի գոտու տարածքի ամբողջ ազգաբնակչությունը տեղյակ էր, որ երկրաշարժի պայմաններում նախապատրաստվում էին ԽՍՀՄ զինված ուժերի վարժանքներ անցկացնել եւ արհեստական երկրաշարժ առաջացնել: Այդ բոլորը կատարվում էր ժողովրդի աչքի առաջ: Եվ հանկարծ 5-6 բալ ուժգնության երկրաշարժի փոխարեն տեղի ունեցավ կործանարար երկրաշարժ»,- նշում է Լ. Սեդրակյանը: Ինչ վերաբերում է 9 բալ գնահատված երկրաշարժին, գիտնականը կարծում է, որ 9 բալը նման ավերիչ հետեւանքներ ունենալ չէր կարող: Նույն կարծիքն էր հայտնել նաեւ ԽՍՀՄ-ի՝ Սպիտակի երկրաշարժի հետեւանքներն ուսումնասիրող հեղինակավոր հանձնաժողովը: «Դժբախտաբար, երկրաշարժի ժամանակ ցնցումները գրանցող սարքավորումներ չեն եղել: Միակ բնակատեղին Գյումրին էր, որտեղ երկրաշարժի ժամանակ երկրի ցնցումները գրանցող սարքեր են եղել, իսկ Սպիտակում, Նալբանդում եւ էլի ուրիշ բնակավայրերում երկրաշարժի առաջացրած ցնցումները հնարավոր չի եղել չափել»,- փաստում է մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ Գյումրիում եղած 9 հարկանի 111 սերիայի բնակելի 138 շենքերը գետնին են հավասարվել: Լ. Սեդրակյանը գտնում է, որ եթե շենքերը որակյալ կառուցված լինեին, 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին պետք է դիմանային: Հարցին, թե ինչպես է որակյալ լինելու հանգամանքն ապացուցում, նա պատասխանում է. «Ցույց եմ տվել, որ այդ շենքերի որակը ցածր չի եղել՝ հաշվի առնելով, թե որ գործարաններն են կառուցել եւ որ կազմակերպությունները՝ մոնտաժել»: Բացի այդ, նա նաեւ նշեց, որ այդ նույն շենքերից նաեւ Վանաձորում են եղել՝ 130-ը, որ չեն վնասվել, այն դեպքում, երբ մեր զրուցակցի խոսքով, Վանաձորում երկրաշարժի ուժգնությունը եւս գնահատվել էր 9-10 բալ. «Սա նշանակում է, որ ԽՍՀՄ քաղբյուրոյի եւ մյուսների համատեղ հանձնաժողովի վճիռը, որ երկրաշարժի ուժգնությունը եղել է 9 բալ, հալած յուղի տեղ չպիտի ընդունել»:
Լ. Սեդրակյանին երկար պրպտումների արդյունքում հաջողվել է հայտնաբերել տատանվող համակարգի նոր հատկություն, ինչը հաճախ չի լինում: Հայտնագործած համակարգի նոր հատկության կիրառումով ստացված երկրաշարժերի ազդեցության օրինաչափություններից եւ Գյումրիում գործիքային չափումների արդյունքներից ելնելով՝ նա հաշվարկել է, որ Գյումրիում շենքերը տապալվել են հեղինակավոր հանձնաժողովի գնահատած 9 բալից 5-10 անգամ ավելի ուժեղ ցնցումների արդյունքում. «Նոր հատկությունը հնարավորություն է տվել չափազանց պարզ հավասարումներով ներկայացնելու տատանվող համակարգի օրինաչափությունները նաեւ երկրաշարժերի ազդեցության ժամանակ: Այդ 5-10 անգամ ավելի ուժեղ ցնցումները կարող են լինել արհեստական՝ 6,7 բալ ուժգնության ռազմական վարժանքները անցկացնելու համար նախապատրաստած ցնցումների ժամանակ թույլ տված կոպիտ սխալների արդյունքում»: Լ. Սեդրակյանը պատահական չի համարում նաեւ վարժանքի աշխատանքները նախապատրաստող հրամանատարական ամբողջ կազմի՝ ռազմական ինքնաթիռով Բաքու ճանապարհելիս ինքնաթիռի կործանումը, որի ժամանակ նրանցից ոչ մեկը կենդանի չմնաց. «Չի բացառվում, որ դա հատուկ առաջադրանքով կատարված կործանում էր, որպեսզի կոծկեին ահավոր կործանումները առաջացրած եւ ժողովրդի դեմ հանցանք կատարած պետությունների պատասխանատվությունը, եթե ոչ՝ այդ երկրների ղեկավարները պետք է կանգնեին դատարանի առաջ»:
Գիտնականը կարծում է, որ զինվարժանքներն անցկացնում էին ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ համատեղ, հետեւաբար սխալը երկուսի մեղքով էր: Մեր զրուցակիցը մեջբերեց նաեւ հեղինակավոր հանձնախմբի 27 հատորով ներկայացված նյութերի քննարկման ժամանակ նիստը վարողի՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի արած հետեւյալ արտահայտությունը. «ԽՐՏՎպ րսպտօւ րՌս տՐՌՐՏՊօ, փՑՏ պքպ րՉՈսՌսՏրՖ վՈ վՈՔց չՏսՏՉց»: Լ. Սեդրակյանը կարծում է, որ այս բնագավառի խոշոր գիտնականները կամ պետք է ցույց տան, որ ինքն իր հայտնագործության մեջ թույլ տված սխալներ ունի, կամ էլ ընդունեն, որ ժողովրդի նկատմամբ 1988-ին հանցանք է կատարվել: