Կամ պարզ ձեռնարկ ոչ գիտնականների համար
Ինչպես կամայական մասնագիտություն՝ գիտությունն էլ կարիք ունի արժեքների սանդղակի: Ո՞վ է լավ գիտնական. այս հարցը միայն գիտության մեջ քննարկվող ներքին խնդիր չէ: Կամայական պետություն, որ հավակնում է գիտելիքահենք հասարակարգ ստեղծելուն, շահագրգռված է գիտության մեջ արժեքների հստակ համակարգ ունենալու մեջ: Նպատակը պարզ է եւ հասկանալի: Ջոկել լավագույններին, ստեղծել էլիտար կազմակերպություն (ասենք՝ ակադեմիա): Եվ երբ կարիք լինի գիտության որեւէ ուղղության մասին կարծիք հարցնելու՝ դիմել այս էլիտար խմբին: Վերջիվերջո, գիտությունը նեղ մասնագիտական գործունեություն է, եւ պետական կառույցները պարտավոր չեն այստեղ մանրամասներ իմանալ: Իսկ թե որ գիտությունն է դառնալու հասարակության հենքը՝ դա գիտության ընտրանու որոշելու հարցն է: Գոնե Հայաստանի մասշտաբի երկրի համար գիտնականներն իրար շատ լավ էլ գնահատում են: Բայց գիտնականները կազմում են հասարակության փոքր մասը: Նրանց աշխատանքի որակը հասարակության մնացած մասին ներկայացնելու եւ, բնականաբար, պետությունից ու մնացած հնարավոր աղբյուրներից ֆինանսներ պահանջելու համար պետք են ավելի հստակ չափորոշիչներ: Ցանկալի է՝ թվերի տեսքով: Այ սրանց մասին էլ հերթական անգամ փորձեմ խոսել թերթային հոդվածի ֆորմատով:
Գիտնականների էլիտան, շատ երկրերի օրինակով, Հայաստանում կազմակերպված է Գիտությունների ազգային ակադեմիայի ձեւով: Եվ պետք էր ենթադրել, որ պետք եղած պահին մեր կառավարությունը պիտի դիմեր ակադեմիային: Բայց, չգիտես ինչու՝ չի դիմում: Օրինակ, վերջին տարիների հայկական գիտության կարեւոր հարցերից մեկով՝ թե ինչով պետք է զբաղվի Հայաստանի Հանրապետության ամենամեծ գիտահետազոտական հիմնարկը, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը, դիմեցին արտասահմանից հրավիրված մասնագետների: «Միջազգային փորձագիտական հանձնախումբ» անունը կրող փորձագետների խմբում ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչ չկար: Մի խումբ արտասահմանցի մասնագետներ, երեւի աշխարհահռչակ գիտնականներ՝ հիմնականում թոշակի տարիքի, եկան, լսեցին եւ խորհուրդ տվեցին: Զբաղվել նրանով՝ ինչով իրենք են զբաղվել տասնամյակներ շարունակ, այսինքն՝ միջուկային ֆիզիկայով: Երեւի ինչ-որ մեկը ենթադրում էր, որ ուրիշ բան կարող էին խորհուրդ տալ միջուկային ֆիզիկայի ալեհեր մասնագետները: Բայց քանի որ ձեռնարկը ոչ գիտնականների համար է՝ չքննարկենք գիտական թեմաները: Պարզապես այս օրինակի վրա փորձենք հասկանալ, թե ինչ օգուտ կարող են տալ թվերը: Աղյուսակի մեջ բերված են տվյալներ «Thomson Reuters» գործակալության «Web of Science» կայքից: Ամբողջ աշխարհում ընդունված է գիտության բնագավառը գնահատելիս օգտվել այս կայքից: Կայքը վճարովի է՝ իզուր մի փորձեք մտնել: Աղյուսակը բացարձակապես կրկնում է կայքի տվյալները՝ ես պարզապես թարգմանել եմ հայերեն: Որպեսզի բնօրինակը չձեւափոխվի (հասկանալի է՝ այն անգլերեն է), բնագավառների համարակալումն էլ թողել եմ նույնը՝ անգլիական այբբենական կարգով: Ինչպես տեսնում եք, ֆիզիկան բաժանված է տասներկու բնագավառի: Այստեղ ընդգրկված են նաեւ հարակից գիտությունները՝ բիոֆիզիկա, քիմֆիզիկա եւ այլն: Հաջորդ սյունակը տվյալ բնագավառի հոդվածների վրա եղած հղումներն են 2009 թվականին: Կարճ բացատրեմ հետեւյալը՝ 2007-2008 թթ. տվյալ բնագավառում տպագրված բոլոր հոդվածների վրա 2009 թվականին նոր գիտական հոդվածների մեջ եղած հղումներն են: Հղումների թիվը (իհարկե, եթե չեն հայհոյում) բնութագրում է հետաքրքրությունը այդ աշխատանքների հանդեպ՝ ինչքան շատ, այնքան լավ: Հաջորդ սյունակը տվյալ բնագավառի մասնագիտական ամսագրերի թիվն է եւ վերջինը՝ տպագրված հոդվածների թիվը: Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ խորհուրդ է տվել հայկական գիտությանը «Միջազգային փորձագիտական հանձնախումբը» եւ խորհուրդն էլ արդեն սկսել են կյանքի կոչել համապատասխան մարմինները:
Տվյալ դեպքում՝ էկոնոմիկայի (նախկինում՝ առեւտրի) նախարարությունը, որը Հայաստանի տարածքում ֆիզիկայի պատասխանատուն է: Խնդրում եմ մի շեղվեք՝ լուրջ բաներից ենք խոսում: Միջուկային ֆիզիկան՝ խորհուրդ տված բնագավառը, աղյուսակում 11 համարն է՝ ըստ անգլերեն այբուբենի: Բայց դա նրա գրաված տեղը չէ: Տեղը, ըստ թվերի բնութագրի, վերջինն է: Ամենաքիչ հղումներ, ամենաքիչ ամսագրեր եւ հոդվածներ: Բոլոր չափանիշներով՝ ամենավերջինը: Սա կարող է մի քանի բան նշանակել՝ թվարկեմ հերթով: Շատ թանկ է եւ ոչ բոլոր երկրները կարող են իրենց թույլ տալ զբաղվել միջուկային ֆիզիկայով: Կամ, այս բնագավառի մասնագետները պետք է շատ բարձր որակավորում ունենան, իսկ աշխարհում նրանց թիվը քիչ է: Կամ, պարզապես այս բնագավառում արդեն անելիք չկա: Տարօրինակ է, բայց միակ հիմնավորումը, որով կարելի է արդարացնել տրված խորհուրդը, իմ կարծիքով, թաքնված է երրորդ պատճառի մեջ: Մի պարզ տրամաբանությամբ՝ ոչ փող ունենք, ոչ մասնագետ: Իսկ ամբողջ աշխարհը կարծում է այստեղ անելիք չկա՝ ոչ հոդված է գրում, ոչ ամսագիր հրատարակում: Որեմն, ո՞վ կարող է հասնել օգնության: Ճիշտ է՝ մենք, հայերս: Որովհետեւ գիտության հանդեպ մեր գենետիկ հակումները հայտնի են (տես գիտության ղեկավարների կարծիքը): Ահա թե ինչ են հուշում մեզ թվերը: Կհարցնեք, թե ո՞ւր մնաց ՀՀ ԳԱԱ-ն: Չգիտեմ՝ ոնց ասեմ: ՀՀ կառավարությանը հարցրեք: Գոնե ֆիզիկայի սեկցիան անհասկանալի է, թե ուր մնաց: Կամ ակադեմիա մի պահեք, կամ դրսից մարդ մի կանչեք: Թե չէ այսպես ծախսերը շատ են, պանիրն էլ թանկացել է, կարող է էլի ինչ-որ բան թանկանա… Բայց քանի որ դրսից են գիտնական կանչում՝ հաջորդ հոդվածում կփորձեմ թվերով բացատրել, թե «դրսում» ում են լավ գիտնական համարում: Չեմ խոսի տասնյակ հազար հղում ունեցող գիտնականների մասին: Նրանք չափանիշ չեն: Նրանք պարզապես տաղանդավոր մարդիկ են: Կխոսեմ ավելի համեստ արդյունքներով մարդկանց մասին: Նրանց օրինակի վրա էլ կփորձենք հասկանալ, թե ինչպիսի մինիմալ տվյալներ են ունենում գիտնականները՝ որից հետո նոր կարող է խոսեն համաշխարհային գիտության մեջ նրանց ունեցած ավանդից: Դե, եթե գիտության ղեկավարները ցանկանան հետագայում հաշվել մեկ շնչին ընկնող հանճարների թիվը՝ թող հաշվեն: Նախօրոք ասեմ՝ Հայաստանից մարդ չկա: Միշտ զրո է ստացվելու:
Կարդացեք նաև
ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից