Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կյանքի հատակում

Նոյեմբեր 09,2010 00:00

Անմարդկային պայմաններից՝ մահացել է Լիդիա Գադիյանի չորս ամսական երեխան

\"\"
\"\"
\"\" \"\"

Տավուշի մարզի՝ հայ-վրացական սահմանին մերձ Բագրատաշեն գյուղի ծայրին, դեպի հարեւան Դեբեդավան տանող ճանապարհից քիչ հեռու, մեկսենյականոց տանը բնակվում է Լիդիա Գադիյանի ընտանիքը: «Բնակվել» բառն այս դեպքում հարմար չի թվում: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանի հետ նրանց այցի ենք գնում: Չնայած առավոտյան ժամը 9-ն էր եւ 4 երեխաներից 2-ը՝ դպրոցահասակները, արդեն դպրոցում պիտի լինեին, սակայն ընտանիքը քնած էր: Կիսաքուն, աչքերը տրորելով՝ դուռը բացեց Լիդիա Գադիյանը: Շեմքին երեխաներից մեկի կղկղանքն է, երեւի գիշերվանից մնացած: Տան միակ սենյակում ամեն ինչ սեւ է, մրոտ եւ կեղտոտ: Հողե սառը հատակին բոբիկ ոտքերով կանգնած են երկու փոքր երեխաները: Նրանք սկսում են մրոտ գդալներով եւ սեւ ձեռքերով կեղտոտ ամանից տապակած կարտոֆիլ ուտել: Կատուն էլ կողքից է խառնվում նրանց նախաճաշին, կենդանուն ապարդյուն փորձում են հեռացնել, ահավոր աղմուկ է: Շատ աղտոտ մի շշի մեջ խմելու ջուրն է: Տան հոտն այնքան խեղդող է, որ նույնիսկ 10 րոպե հնարավոր չէ դիմանալ: Երեխաներին հարցնում եմ նրանց տարիքը, սակայն պատասխան չեմ ստանում, մայրն ասում է, որ փոքրը՝ Մարիան, 7, իսկ Արթուրը 9 տարեկան է: Երեխաները մի տեսակ աղավաղելով են խոսում, վանկատելով արտաբերում իրենց անունները, որ հազիվ եմ հասկանում: Ավագը՝ 19-ամյա Արմենը մտավոր հետամնացի տպավորություն է թողնում: Երեխաների հայացքները վախվորած են, մի տեսակ վայրենի: Թերեւս միայն 17-ամյա Մարիամն է համեմատաբար բնական թվում:
Ավագները՝ Մարիամն եւ Արմենն ընդհանրապես դպրոց չեն գնացել: Թեեւ Մարիամն ասում է, որ ռուսերեն տառերը ճանաչում է, մայրն է սովորեցրել: Հիմա 9-ամյա Արթուրը առաջին դասարան է հաճախում: Լիդիան 46 տարեկան է, ապրել է Բաքվի 6-րդ միկրոշրջանում: Ասում է, որ Ադրբեջանում ամուսնացած չի եղել: Մոր հետ տեղափոխվել է Բագրատաշեն: 7 տարի առաջ մայրը մահացել է, ինքն էլ վագոն-տնակից տեղափոխվել է փախստականների համար կառուցված քոթեջ:
Նրա բոլոր երեխաները տարբեր տղամարդկանցից են: Նա ինքն էլ չգիտի, թե ովքեր են իր երեխաների հայրերը: Հարցնում եմ ալիմենտի մասին: «Որ հայրեր չկան, ի՞նչ ալիմենտ»,- ասում է Լիդիան: Լիդիային եւ նրա երեխաներին պարբերաբար օգնում է գյուղապետ Արկադի Մակյանը: Նաեւ սեփական տնից եւ գրպանից: Օրեր առաջ նա իր տնից կարտոֆիլ, ձեթ եւ վառելափայտ է բերել Գադիյանների համար: Լիդիան ամսական 30 հազար դրամ ընտանեկան նպաստ է ստանում: Արմենն էլ ոչ մշտական, առիթից առիթ պատահական գործ է ունենում, տարբեր աշխատանքներում օգնում համագյուղացիներին:
Գադիյանների սեւ պատերի հետ «չի խոսում» ընդունող երկու գլխիկով արբանյակային ալեհավաքը: Լիդիան ասում է, որ ալեհավաքը գնել է փոքր աղջկա՝ Մարիաննայի կամ, ինչպես ինքն է ասում՝ Մարիշկայի ծննդյան կապակցությամբ պետությունից ստացած 400 հազար դրամով: Սակայն այդ գումարից դեռ ձմռան վառելափայտ չի գնել: Ցրտից ու անմարդկային պայմաններից, խնամքի պակասից մի քանի օր առաջ 4 ամսական Մարիաննան մահացել է:
Պատմում է Լիդիան:
– Փորը ցավում էր, բժիշկները եկել են տուն, երեխային տարել են Նոյեմբերյանի հիվանդանոց, ուր նրան խնամել է ավագ քույրը՝ Մարիամը: Հիվանդանոցում «սիստեմա» միացրին, «սիստեմի» տակ մնաց, մեռավ:
– Ե՞րբ է եղել թաղումը:
– Ե՞րբ թաղեցինք, որ,- անտարբեր տոնով չգիտես ում է հարցնում Լիդիան,- չեմ հիշում:
– Երեխայիդ թաղումը չես հիշո՞ւմ,- հանդիմանում է գյուղապետ Արկադի Մակյանը ու Լիդիան ասում է, որ հիմա չի միացնում արբանյակային ալեհավաքը, այդկերպ փոքրիկ Մարիաննայի սուգն է պահում:
– 9 ամիս չարչարվել եմ, ցավ քաշելով բերել եմ: Աչքիս անընդհատ այդ երեխան ա երեւում, չեմ կարող աչքս բացեմ, ետ-ուշքի գամ, կուկլա եմ սարքել, դրել իմ անկողնում, մթոմ երեխաս ա, կշտիս դնում, լաց իմ լինում, գիշերները վապշե չեմ կարում քնել,- ասում է Լիդիան՝ ցույց տալով կեղտոտ անկողնու վրա դրված տիկնիկը: Իսկ սեղանի վրա ծխուկներով լի մոխրաման կա՝ «ներվային հողի վրա շատ եմ ծխում»,- բացատրում է:
Լիդիայի խոսքերը կարծես կարեկցանք հարուցելու համար են: Ասում է, որ նախկինում էլ է երեխա կորցրել՝ տարիներ առաջ հիվանդանոցում ծննդաբերելուց հետո երեխային տեղում թողել է, որովհետեւ «հնար չուներ պահելու»:
Գյուղապետ Արկադի Մակյանը փորձում է նրան համոզել, որ երեխաներին հանձնի Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղ», որտեղ երեխաների խնամքի, կրթության եւ դաստիարակության համար լավ պայմաններ կան: Սակայն Լիդիան, վախենալով, որ կդադարի ընտանեկան նպաստ ստանալ, չի համաձայնում: «Իրեն ասել եմ, մի օր շորերդ փոխի, տանեմ մանկական գյուղի պայմանները տես, միգուցե թողես այս երեխաները գնան, մարդավայել ապրեն, մեղք չե՞ն, տես՝ ինչ օրի են»,- ասում է գյուղապետ Մակյանը:
Ոչ այնքան հոգատար մոր երեխաներին քրիստոնեավայել կյանք ապահովելու իր փորձերում գյուղապետ Մակյանն այսօր մենակ է: Տավուշի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, ոստիկանության անչափահասների բաժինը եւ վերջապես երեխաների իրավունքները պաշտպանելու համար հարյուրավոր դրամաշնորհներ ստացած հայաստանյան տասնյակ հ/կ-ները կպաշտպանե՞ն այս երեխաների իրավունքները՝ նրանց իսկ մորից: Թե՞ լինելու է էլի մի զոհ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել