Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ»՝ ՈՒԵԼՍՈՒՄ

Նոյեմբեր 09,2010 00:00

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը Ուելսի ազգային պառլամենտի ցուցասրահում բացվել է «Հայկական մշակույթի ոչնչացումը» խորագրով լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսի կազմակերպիչն է արվեստագետ եւ պատմաբան Վարդան  Թադեւոսյանը:
«Արմինֆոյի» մատուցմամբ, ցուցահանդեսին, որը հովանավորել է Ուելսի ազգային պառլամենտը, ներկա են եղել բոլոր 60 պատգամավորները, վարչապետը, պետական այրեր, եկեղեցու առաջնորդներ: Ցուցահանդեսում ներկայացվել են Թուրքիայում եւ Ադրբեջանում ոչնչացված հայկական մշակութային կոթողների, հուշարձանների, եկեղեցիների լուսանկարները՝ բացատրական տեքստերով ու հուշագրություններով: Ցուցահանդեսում ցուցադրվել է նաեւ «Ջուղայի խաչքարերի ոչնչացումը» 45 րոպեանոց վավերագրական ֆիլմը: «Քաղաքակիրթ աշխարհը կլինի ավելի գազան, եթե չդատապարտի հայկական մշակույթի ոչնչացումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից»՝ ազդագրին գրվել է Վարդան Թադեւոսյանի խոսքը: Այցելուները մեծ հետաքրքրությամբ ծանոթացել են պատմաբանի այն ուսումնասիրություններին, որոնք նա կատարել է Լոնդոնի գրադարանների արխիվներում եւ որոնք վերաբերում են հայկական հարցին:
Այցելուներին բաժանվել են նաեւ տեղեկատվական գրքույկներ: Ցուցահանդեսն ունեցել է բազմաթիվ այցելուներ աշխարհի տարբեր երկրներից: Ուելսի կենտրոնական թերթերը լայնորեն լուսաբանել են այս յուրօրինակ միջոցառումը, իսկ BBC հեռուստաալիքով ելույթ է ունեցել սենատի նախագահ եւ լորդերի պալատի անդամ լորդ Դեյվիդ Էլիս- Թոմասը:
Հոկտեմբերի 5-ին պառլամենտը գրավոր պաշտոնական կարծիքը հանձնել է Վարդան Թադեւոսյանին, ուր մասնավորապես նշվում է, որ այսպիսի ցուցահանդես դեռեւս չի եղել Ուելսի պառլամենտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել