Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրավատունը՝ տարվա «քցող»

Նոյեմբեր 09,2010 00:00

«Լոմբարդի Աշոտը» «հաստիքային պատասխանող» է

Թումանյան փողոցում է գտնվում «Մերլե» ՍՊԸ-ն: Գրավատուն, որն աշխատեցնում է Աշոտ Կրոյանը: Վերջինիս դժվար է «տեղում բռնացնելը», քանի որ տասնյակ քաղաքացիներից ու կազմակերպություններից «փախչում» է: Սակայն, որքան էլ տարօրինակ է, գրավատունն «աշխատում» է… Հայկ Մարտիրոսյանն օրեր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հաղթեց «անհատ ձեռներեց» Աշոտ Կրոյանին: Հ. Մարտիրոսյանն այս տարվա հունիսի 22-ին Ա. Կրոյանին փոխառության պայմանագրով տվել էր 15 000 դոլարին համարժեք ՀՀ դրամ, առանց տոկոսի: Ըստ պայմանագրի, հունիսի 28-ին «Լոմբարդի Աշոտը» պետք է վերադարձներ գումարը…
Ամիսներ շարունակ գրավատունը խաբում էր քաղաքացուն, եւ մինչ այսօր գումարը չի վերադարձրել, չնայած դատարանի վճիռ կա: Ինչպես Հ. Մարտիրոսյանը, այնպես էլ կազմակերպություններն ու քաղաքացիները պահանջում են արգելանք դնել Կրոյանին պատկանող գույքի ու միջոցների վրա, հայցագնի չափով, որպեսզի գոնե այդկերպ կատարվի դատարանի վճիռը:
«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը», քարտային հաշվի վարկային գծի պայմանագրի համաձայն, Ա. Կրոյանին տրամադրել է քարտային հաշվի վարկային գիծ՝ 7 մլն դրամի չափով, 22% տոկոսադրույքով: Բանկը կրել է վնասներ եւ Ա. Կրոյանից պահանջում է 9 947 570 դրամ ու արգելանք կիրառել: «Առավոտի» տեղեկություններով, բանկը հայցով դիմել է դատարան: Այս նույն բանկը, ի դեպ, մեկ այլ պայմանագիր էլ կնքել էր մինչեւ 30.11.11թ., եւ Կրոյանին տրամադրել էր 15 000 եվրո՝ 24%-ով: Սակայն գտնելով, որ «Կրոյանի ֆինանսական վիճակը վատթարացել է եւ բանկում կան հիմնավոր կասկածներ վարկային գծի օգտագործված միջոցների վերադարձելիության վտանգված լինելու մասին», բանկը պահանջում է լուծել վարկային պայմանագիրը դատական կարգով:
Ա. Կրոյանը իր շփումների ժամանակ ասել է, թե դատախազությունում «տանիք ունի»: Նույն ազգանունը կրող դատախազության աշխատակիցը դեռ ամիսներ առաջ հրաժարվեց «իր ազգականից»:
Կարեն Զադոյանը գրավատուն՝ Աշոտ Կրոյանին փոխառություն է տվել 50 մլն դրամ՝ դեռ 2008թ.-ին: Սակայն գումարը չի վերադարձվել:
Մեր տեղեկություններով, այս գրավատան «ճանկն» է ընկել նաեւ «Արդշինինվեստբանկը»: Էրեբունու մասնաճյուղը եւ գրավատունը վարկային պայմանագրով ստացել են 4մլն «նպատակային» վարկ՝ տարեկան 21% վճարելու պայմանով: Այս տարվա հոկտեմբերի 8-ին 2008թ. վարկը պիտի  փակվեր, սակայն ո՞վ կամ ինչպե՞ս փակի: Գրավատունը 2007թ. «նպատակային» «քցել է» քաղաքացի Ռ.Պապոյանին՝ 131 555 000 փոխառության տրված գումարները:
Ա. Ամիրյանն էլ իր «Ֆոլքսվագեն –TOUAREQ» մակնիշի ավտոմեքենան վաճառել է Գ. Շահինյանին: Վերջինս գրավատան միջոցով 10 000 դոլարի կանխավճար է տվել, կնքել վարկի, գրավի պայմանագիր: Ըստ մեր տեղեկությունների, գրավ դրված գույքը գրավատունը վաճառել է. …Կրոյանի գործունեությունից տուժել են շատերը, որոնք հույս ունեն, թե նա «կփակվի»: Սակայն մի բան պարզ է, որ գործ ունենք «Տարվա գրավատան» հետ, որի գործունեությունն առնվազն պիտի դադարեցվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել