Տավուշի մարզկենտրոն Իջեւանի կենտրոնում է թե տեղացիներին, թե հյուրերին հայտնի Դենդրոպարկը: Այստեղ հարյուր հազարավոր բուսատեսակներ ու ծառատեսակներ կան, բայց առանձնահատուկ տեղ է գրավում ու շատերի ուշադրության կենտրոնում հայտնվում սեքվոյան: Ինչպես պնդում է պարկի տնօրեն Մեխակ Սայադյանը, «այցելուները շատ են, իսկ Հյուսիսային Ամերիկայից բերված սեքվոյան իր շուրջն է հավաքում բոլոր հետաքրքրասերներին՝ առանց տարիքային սահմանափակումների»: Ծառը Իջեւան է բերել այգու տնօրենը: Բուսական աշխարհի այս հսկան ապրում է ավելի քան չորս հազար տարի: Իջեւանցի սեքվոյայի բնի տրամագիծը 8-10 մետր է, կեղեւ հաստությունը՝ 70 սմ: Սեքվոյայի կեղեւը փափուկ է, ասես ծառի կեղեւ չլինի, այլ՝ սպունգ: Պարոն Սայադյանից տեղեկացանք նաեւ, որ առաջին սեքվոյան իր շուրջն է հավաքել եւ զարմացրել շատ մարդկանց, ուստի այգու աշխատակիցները տնկել են եւս մեկը, որն առայժմ կարճահասակ է: «Դենդրոպարկը ունի բազում գեղեցիկ ծառատեսակներ, բայց սեքվոյան դարձել է մեր մարզի ամենահայտնի ծառատեսակը եւ «Սեքվոյա գիգանտ» անունը ստացել: Սեքվոյայի բնափայտը արժեքավոր է, օգտագործվում է կահույքի արտադրության եւ ինքնաթիռաշինության մեջ, բայց մեր մարզի 2 սեքվոյաները պետք է շատ լավ պահենք՝ թույլ չտալ վնասել»,- մեզ հետ զրույցում ասաց անտառտնտեսության պետ Արծրուն Ղալթաղչյանը: Անտառտնտեսության եւ Դենդրոպարկի միջեւ համաձայնություն կա. եթե սեքվոյան որեւէ խնդիր ունենա՝ անտառտնտեսությունը պատրաստ է օգնության ձեռք մեկնել: