Հայաստանի եւ Վրաստանի հատուկ ծառայությունների համագործակցության արդյունքում ընթացիկ տարվա գարնանը ձերբակալվել են Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք փորձել են
Վրաստանի տարածքում գերհարստացված ուրան իրացնել:
Ինչպես տեղեկանում ենք azatutyun.am-ից, մարտին վրաց իրավապահները ձերբակալել են 63-ամյա գործարար Սմբատ Տոնոյանին եւ 59-ամյա ֆիզիկոս Հրանտ Օհանյանին, իսկ ապրիլին համառոտ հաղորդագրություն էին տարածել Թբիլիսիում միջուկային նյութի մաքսանենգության փորձ բացահայտելու մասին: Այն ժամանակ պատմության մանրամասները չեն հրապարակվել: ՀՀ ազգային անվտանգության ծառայության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, ապրիլին ՀՀ-ում ԱԱԾ մարմինների կողմից վերոնշյալ գործարքին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է նաեւ ՀՀ քաղաքացի Գարիկ Դադայանը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգություն հատկանիշով: «Վերոհիշյալ հանցագործության բացահայտման ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի հատուկ ծառայությունների միջեւ իրականացվել է սերտ համագործակցություն»,- ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ: Անցած շաբաթավերջին Թբիլիսիում դռնփակ դատավարություն է սկսվել: Պարզվել է, որ Տոնոյանը բարձր հարստացման 120 գրամ ուրանի համար 8 միլիոն դոլար է պահանջել: Երկրորդ հանդիպման ժամանակ համաձայնել է գինն իջեցնել մինչեւ 1,5 միլիոն: Տոնոյանը եւ Օհանյանը սահմանային հսկիչ սարքերը շրջանցելու համար կապարե թիթեղներով պատված «Մալբորո» սիգարետի տուփով 18 գրամ բարձր հարստացման ուրան են տարել Թբիլիսի՝ նպատակ ունենալով այն վաճառել մի անձնավորության, ով ներկայացել է որպես «միջուկային նյութով հետաքրքրված մի լուրջ կազմակերպության անդամ», սակայն իրականում վրացական հատուկ ծառայությունների գործակալ է եղել: Հյուրանոցում նրանք «գնորդին» ներկայացրել են 18 գրամ ուրան՝ որպես նմուշ: Հենց այդ պահին էլ սենյակ են ներխուժել իրավապահները:
Մաքսանենգները խոստովանական ցուցմունք են տվել, ասել են, որ ուրանը ստացել են Գարիկ Դադայանից, ով 2003թ. Վրաստանում ձերբակալվել է 180գ ուրանի մաքսանենգության համար, այնուհետեւ Վրաստանից փոխադրվել Հայաստան, դատապարտվել 2,5 տարվա ազատազրկման, սակայն որոշ ժամանակ անց ազատ է արձակվել: Դադայանը, ենթադրաբար, այդ միջուկային նյութը Վրաստան է փոխադրել Նովոսիբիրսկից, որտեղ կա միջուկային վառելիքի վերամշակման գործարան: Իսկ Տոնոյանը ժամանակին զբաղվել է բիզնեսով, սակայն իր դիզած դրամագլուխը մսխել է խաղատներում: Վրաստանի ՆԳՆ վերլուծական բաժնի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանն ասել է, որ առգրավված ուրանի հարստությունը մոտ 90% էր: Սմբատ Տոնոյանին եւ Հրանտ Օհանյանին կարող են դատապարտել առնվազն 10 տարվա ազատազրկման, Ուտիաշվիլիի խոսքերով, նրանք պատիժը կրելու են Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում: Գարիկ Դադայանին սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում: