Երեկ հայտարարեց ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը
ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել, որին «Առավոտը» ներկա չէր, ավելի ուշ մենք մի քանի հարցեր ուղղեցինք պատգամավորին: Պարոն Հարությունյանին հարցրինք, թե ի՞նչ հիմնավորմամբ է պնդում, թե «Օրինաց երկիրը» 2012-ի խորհրդարանում ծանրակշիռ տեղ է ունենալու: Ի պատասխան՝ Խաչիկ Հարությունյանն ասաց. «Մենք այդ ծանրակշիռ մասնակցությունն ապահովելու համար ունենք բավարար ռեսուրսներ, բավարար պոտենցիալ: «Օրինաց երկիր» կուսակցությունը ունի կուռ շարքեր, եւ շատերն են այսօր անդամակցում մեր կուսակցությանը: Ոմանք ինչ-ինչ մռայլ կանխատեսումներ են անում, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մեր դեմ այդ, այսպես կոչված, «կանխատեսումները» սկսվել են դեռ 1999-ից եւ տարիներ շարունակ դրանք չեն իրականանում, որովհետեւ հիմնազուրկ են: Այդ, այսպես կոչված, կանխատեսումները որոշ վերլուծաբանների կամ, ավելի ճիշտ, որոշ շրջանակների ցանկություններն են, որոնք այդպես էլ իրականություն չեն դառնում: «Օրինաց երկիրը» մշտապես եղել է ակտիվ, գործուն քաղաքական ուժ եւ այսօր, ավելի քան երբեւէ, այդպիսին է: Իհարկե, վարկանիշային առումով 2008-ի նախագահական ընտրություններից հետո որոշակի կորուստ ունեցել ենք, սակայն այս տարիներին մեր կուսակցության հանդեպ հավատը եւ վստահությունը վերականգնվել է, որովհետեւ հասարակությունը տեսավ եւ համոզվեց մեր կատարած քայլերի ճշմարտացիության մեջ: Երկրի համար այդ լարված շրջանում «Օրինաց երկիրը» իրոք կատարեց շատ սթափ ընտրություն, ըստ էության, մեր քայլից էր կախված, թե երկիրը ինչ վիճակում կհայտնվի, քանի որ բավականին լարված ներքաղաքական իրավիճակ էր, եւ ինչու ոչ՝ նաեւ արտաքին վտանգներն էին ակտիվացել»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ է ՕԵԿ-ը նախագահական ընտրություններից երեք տարի առաջ արդեն իսկ հայտարարում, թե սատարելու է Սերժ Սարգսյանին, ինչո՞վ է պայմանավորված այս շտապողականությունը, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Մենք դեռ վաղուց էինք հայտարարել, որ 2013-ին պաշտպանելու ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եւ այժմ էլ կրկնում ենք մեր հայտարարությունը: Մի մոռացեք, որ այս մասին պայմանավորվածությունը կայացվել է դեռեւս 2008-ին, եւ մենք հավատարիմ ենք այդ պայմանավորվածությանը»: