Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՃՈՒՄ Է ԱՏԵԼՈՒԹՅԱՆ

Նոյեմբեր 09,2010 00:00

\"\"Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը՝ թանկացումների մասին

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունում գտնում են, որ գների թանկացումը, մանավանդ այն տեմպերով եւ ձեւերով, ինչպես դա տեղի է ունենում Հայաստանում, սովորական երեւույթ չէ: Անգամ զարմանում են, թե ինչո՞ւ է ուշանում այդ ամենի ադեկվատ արձագանքը հանրության կողմից: Դեմկուսում գտնում են, որ թանկացումների հերթական ալիքը պայմանավորված է հայրենի տնտեսության շատ լուրջ եւ խորը հիվանդությամբ: Ցնցումներից խուսափելու եւ երկրի անվտանգությունը չվտանգելու համար Դեմկուսն առաջարկում է. «Ձեւավորել պետական պահուստային համապատասխան պաշարներ, ինչի հաշվին, անհրաժեշտության դեպքում (ինչպիսին այսօրվա իրավիճակն է), ապրանքների ինտերվենցիա կատարել շուկայում: Երկրի պարենային անվտանգությունն ապահովելու համար գյուղատնտեսությունում կտրուկ շրջադարձ կատարել՝ ընտրելով տնտեսությունների խոշորացման ճանապարհը: Պետությունը պարտավոր է պայմաններ ստեղծել՝ խրախուսելով մենատնտեսին ընդգրկվելու կոոպերատիվ միավորումներում՝ ժամանակակից, բարձր արտադրողականություն ապահովող գյուղատնտեսական համալիրներ ստեղծելու համար: Խստագույնս պատժել «ստվերում» գործող՝ հատկապես խոշոր ձեռնարկատեր-սեփականատերերին, ինչը կլցնի բյուջեն, էապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, կխթանի սոցիալական ծրագրերի իրագործումը: Օլիգոպոլիաների դեմ պայքարի արդյունավետության համար ներդնել պրոգրեսիվ հարկի համակարգը՝ Հայաստանի նման աղքատ երկրում թույլ չտալով որեւէ մեկ անձի ստանալու միլիոնավոր դոլարների անվաստակ գերշահույթ: Սա է սոցիալական արդարության սկզբունքի կիրառման տարրական պահանջը»:
Կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը վերլուծելով Հայաստանի տնտեսական դրությունը՝ եկել է համոզման, որ. «Մենք կարող ենք արտադրել, բայց չենք արտադրում, ներմուծում ենք: Պետությունը պայմաններ չի ստեղծում, որպեսզի գյուղատնտեսության ոլորտում լինի իսկապես շրջադարձ, որպեսզի կարողանանք սեփական հնարավորություններն օգտագործելով՝ ոտքի կանգնեցնել գյուղատնտեսությունը»: Դեմկուսում հեռու են կոլխոզ-սովխոզներին վերադառնալու մտքից, բայց համոզված են, որ գյուղացուն օգնել է պետք: «Դա չի նշանակում, որ գյուղացուն պետք է ամեն ինչը հրամցնել: Պարզապես՝ պայմաններ ստեղծել: Ի՞նչ ունի եւ չունի այսօր գյուղացին: Ունի իրեն գրեթե նվիրած հող, որը չի կարողանում մշակել, քանի որ բավարար տեխնիկա չկա, սերմացու չկա, բուժանյութեր, պարարտանյութեր չկան, իր ընտանիքի անդամներն իբրեւ աշխատուժ արդեն չեն բավարարում, քանի որ երիտասարդները հեռանկար չտեսնելով՝ հեռացել ու հեռանում են: Այս պայմաններում պետության միջամտությունն է անհրաժեշտ»,- ասում է Արամ Գասպարիչը եւ հարցն ավելի գլոբալ տեսանկյունից վերլուծելով՝ հանգում է նրան, որ համաշխարհային այս ճգնաժամը ոչ թե ֆինանսատնտեսական է, այլ համակարգային: Արդյունքում՝ Հայաստանի կառավարմամբ զբաղված անձանց մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս ավելի լայնախոհ լինել եւ ուսումնասիրել համաշխարհային գործընթացները, ոչ թե շարունակել ինքնասպանության այս ճանապարհը: Մանավանդ, որ այսօր Հայաստանը արտաքին լուրջ սպառնալիքներ էլ ունի, որոնց արմատներն, ըստ Արամ Սարգսյանի, ներսում են՝ պայմանավորված ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերություններով: Ու նորից հանգում ենք չարչրկված հարցին՝ ունե՞ն իշխանությունները քաղաքական կամք՝ երկրի ներսում ցավոտ հարցեր լուծելու: Հնարավորությունները Դեմկուսը ցույց է տալիս. «Գողը, ով էլ որ լինի, ինչ «քաղաքակիրթ» ճանապարհով էլ գրպանի ժողովրդի հասանելիքը, պետք է նստի ճաղերի ետեւում: Սա է իրավական պետության գործառույթներից կարեւորագույնը, որի իրականացման պահանջը մշտապես ներկայացնում է հասարակությունը»: Իսկ թե ո՞վ է գողը՝ «ով հարկային, մաքսային պարտավորություններ չի կատարում, ով չի պահանջում դրանք կատարել՝ մի մասն էլ ինքն է գրպանում ու «բարեգործություն» է անում եւ այլն: Գովաբանե՞նք նման բարեգործությունը, թե՞ հարցը լուծենք օրենքի սահմաններում եւ օրինական ճանապարհներով»: Ի դեպ, Դեմկուսի նախագահը խորհուրդ չի տալիս քամահրանքով վերաբերվել Ադրբեջանի երեք միլիարդանոց ռազմական բյուջեին ու գլուխ գովել, թե՝ «մենք՝ էսպես-էնպես»: «Այդ բոլոր հարցերն այնքան շաղկապված ու օրհասական են, որ այլեւս չենք կարող հույսով նստել, թե քեռին հյուսիսից մեզ կպահի, մենք էլ մի ձեւով դուրս կգանք այս վիճակից: Այս երկուսուկես տարվա ընթացքում այս իշխանությունը հասկանալով իրավիճակի ողջ բարդությունն ու լրջությունը, իրոք, պետք է գնա շատ լուրջ, համակարգային փոփոխությունների: Խնդիրն արդեն այս իշխանությանն է տրված. խնդիրներին ծանոթանալու, հասկանալու, կողմնորոշվելու ժամանակն արդեն անցավ, պետք է ընտրություն կատարել: Կոսմետիկ փոփոխություններով, 2,5 հազարանոց ավելացումներով ավելի ենք խորացնում ամենը: Մարդկանց դժգոհությունն արդեն վերաճում է ատելության: Այնպես չլինի, որ ներկա իշխանությունները մեկ անգամ եւս «անսպասելի» ոտքը դնեն նույն փոցխի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել