Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՇՈՒՇՈՏ Է՝ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՔՆՆԵԼՈՒ

Նոյեմբեր 09,2010 00:00

Անդրադառնալով այն փաստին, որ նոյեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված շփման գծում տեղի ունեցավ ռազմագերիների եւ քաղաքացիական անձի դիակների փոխանակումը՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը երեկ «Դե ֆակտո» ակումբում ասաց. «Սա ցույց է տալիս, թե նրանք փաստորեն ճանաչում են, որ հակամարտող կողմը Լեռնային Ղարաբաղն է, ինչպես ճանաչել էին 1994 թվականին, երբ ստորագրեցին հրադադարի պայմանագիր, որտեղ իր ստորագրությունը դրեց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը: Այսինքն՝ երբ իրենց ձեռնտու է՝ ճանաչում են, ձեռնտու չէ՝ չեն ճանաչում»: Հավելեց, թե Ադրբեջանին հանձնված 2 դիակների թաղումը «շոու էին սարքել: Ադրբեջանի նախագահն էլ ոգեշունչ ելույթներ է ունեցել՝ նույն ոճով, որ եթե խաղաղ կարգավորում չլինի, մենք ռազմական ճանապարհով… Նույն երգն է: Արջը 7 երգ գիտի՝ 7-ն էլ տանձի մասին է: Բայց իրենց այս տանձը, ասեմ ձեզ, շատ վիրտուալ է»:
«Առավոտը» խնդրեց անդրադառնալ այն փաստին, որ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, քանի որ նոյեմբերի 4-ին Հայաստանին հանձնված Մանվել Սարիբեկյանի դիակի վրա առկա էին կտտանքների հետքեր: Մեր հարցին, թե ի՞նչ մեխանիզմներ է տեսնում՝ արդյոք ՀՀ իրավապահները որեւէ լծակ ունե՞ն քրեական գործի արդյունքներով Ադրբեջանում որեւէ մեկին պատասխանատվության ենթարկելու՝ Հրայր Կարապետյանը պատասխանեց. «Դատախազությունն արել է այն, ինչ որ պիտի աներ: Յուրաքանչյուր սպանության վերաբերյալ նրանք պարտավոր են քրեական գործ հարուցել: Այլ հարց է, որ դրա իրագործման մեխանիզմները բավական մշուշոտ են: Միակ ճանապարհը, ես կարծում եմ, միջազգային ատյաններում հարցը արծարծելն է: Ի դեպ, ասեմ, որ ես՝ հանձնաժողովի անունից, եւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Անդրկովկասի ներկայացուցչի հետ, այդ բոլոր հարցերը ներկայացրել ենք ու խնդրել, որ մեզ պաշտոնապես պատասխանեն, թե ինչպիսի ընթացք է ունենալու այդ հանգամանքը, որովհետեւ ակնհայտ է, որ Մանվել Սարիբեկյանը սպանվել է կտտանքների արդյունքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել