ՀՀԿ խմբակցության քարտուղարը հակադարձում է Իլհամ Ալիեւին
«Մուբարիզ Իբրահիմովը եւ Ֆարիդ Ահմեդովը զոհվեցին հանուն հայրենիքի, իրենց հողում»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կիրակի օրը՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հունիսի 18-ի եւ սեպտեմբերի 4-ի բախումների ժամանակ զոհված ադրբեջանցի զինծառայողների հուղարկավորության արարողության ժամանակ: Իբրահիմովի եւ Ահմեդովի մարմինները Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնեց շաբաթ օրը: Ադրբեջանը, իր հերթին, նույն օրը ղարաբաղյան կողմին հանձնեց Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Գավրուշ Առուստամյանի դին: Ալիեւի այս հայտարարության կապակցությամբ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 7-ին մասնակցեց ադրբեջանցի երկու ահաբեկիչների թաղման արարողությանը՝ վերջիններիս ներկայացնելով որպես ազգային հերոսներ. սա խոսում է մեկ բանի մասին՝ հարեւան երկրի ղեկավարն անուղղելի է: Իրենք միջազգային հանցագործներ էին եւ դիվերսիա էին կազմակերպել, եւ այս փաստից կարելի է հետեւություն անել, որ հարեւան երկրում պետական մակարդակով խրախուսվում է ահաբեկչությունը: Ադրբեջանը փաստորեն ահաբեկչական օջախ է, եւ սա արդեն վտանգավոր է: Ալիեւը խախտում է բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում եւ աստրախանյան պայմանավորվածությունները, որտեղ որոշվեց մարդասիրական բնույթի հարցերի կարգավորման մասին, մերժվեց ռազմական հռետորաբանությունը: Ըստ էության, կրտսեր Ալիեւը ոչ միայն չի կատարում պայմանավորվածությունները, այլեւ կոչ է անում, որ նոր սերունդը այդ դիվերսանտներից օրինակ վերցնի (նկատի ունեցեք, որ այս կերպ էին վարվում ժամանակին Հիտլերը եւ Գեբելսը): Հակահայկական ֆաշիզմը Ադրբեջանում հասել է շատ մեծ չափերի: Կարծում եմ, հարեւան երկրի ղեկավարը թերարժեքության բարդույթ ունի, որովհետեւ չի կարելի գնալ բանակցությունների, այդ բանակցությունների սեղանին պայմանավորվածությունների շուրջ համաձայնություն տալ եւ հետո գնալ եւ այլ երգ երգել»: ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղարի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հետ աստրախանյան հանդիպումից հետո եւս շարունակում է խոսել երեք հայտնի սկզբունքներից միայն մեկի՝ տարածքային ամբողջականության մասին, եւ ըստ մեր զրուցակցի, այս հարցում եւս հարեւան երկրի նախագահին հարկ է կարգի հրավիրել. «Վաղուց ժամանակն է, որ միջազգային կառույցները, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահները կարգի հրավիրեն կրտսեր Ալիեւին, քանի որ իրենք իրենց բոլոր հայտարարությունների մեջ մշտապես խոսել են այն մասին, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի երեք հիմնարար եւ հավասարարժեք սկզբունքների հիման վրա՝ ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի կիրառման բացակայություն: Ադրբեջանի ղեկավարը բանակցությունների սեղանին մշտապես ընդունում է այս սկզբունքները, սակայն, վերադառնալով Ադրբեջան, շարունակում է խոսել միայն դրանցից մեկի մասին: Կարծում եմ, արդեն ոչ միայն հայկական կողմը, այլեւ միջնորդ երկրները պետք է Ալիեւին հիշեցնեն, որ հարցը կարգավորվելու է երեք հավասար սկզբունքների պահպանմամբ եւ ոչ այլ կերպ»: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Ադրբեջանը ոչ թե մեկ, այլ մի քանի բարդույթներ ունի. «Ի պատասխան պարոն Ալիեւի ռազմական հայտարարությունների՝ հիշեցնեմ մեր երկրի նախագահի խոսքերը այն մասին, որ հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում, բայց մենք պատերազմից չենք վախենում եւ պատրաստ ենք պատերազմի»: