Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾԸ ՀԱՐԳԻ Է ԴԱՐՁԵԼ

Նոյեմբեր 09,2010 00:00

\"\"Նոտար դառնալու հավակնություններ ունեն մեր բարձրաստիճան  պաշտոնյաների երեխաներն ու հարազատները

ՀՀ իշխանությունները մեր հանրությանն ու միջազգային կառույցներին համոզում են, թե հետեւողականորեն պայքարում են մեր երկրում բարձր մակարդակի հասնող կոռուպցիայի դեմ: Դա մեր կառավարությունն իր հիմնական առաջնահերթություններից մեկն է համարում. հա՛մ համարում է, հա՛մ նպաստում դրա ծավալմանը: Կոռուպցիայի մեջ թաղված ոլորտները բոլորիս էլ քիչ թե շատ հայտնի են, բայց, թերեւս, քչերը կարող են որպես  կոռուպցիայի սուբյեկտ մատնանշել «նոտարական» համակարգը, որտեղ աշխատելու համար, պարզվում է, լուրջ կապեր պետք է ունենալ: Ասում են՝ ժամանակին իրեն հարգող որեւէ իրավաբան չէր համաձայնի նոտար աշխատել, որովհետեւ դա առանձնապես «պրեստիժնի» կամ եկամտաբեր աշխատանք չէր համարվում: Բայց հիմա այլ է. նոտարի գործունեությունն առավել քան եկամտաբեր է, մանավանդ, երբ «մեջքդ» է ամուր, եւ այդ «մեջքդ» կարող է քեզ անսպառ «գործերով» ապահովելու երաշխիք լինել: Նոտարի աշխատանքը հարգի է դարձել հատկապես վերջին շրջանում, երբ 2002-ին «Նոտարիատի մասին», ըստ էության, նոր օրենք ընդունվեց, որով հայրենի նոտարիատը համապատասխանեցվեց միջազգային չափանիշներին՝ «լատինական համակարգին»: Հիմա նոտարները ոչ թե պաշտոնատար, այլ  մասնավոր անձինք են՝ բիզնեսմեններ, որոնք աշխատում եւ, ըստ ՀՀ կառավարության տված համաձայնության, հարկվելու են ՀԴՄ-ներով: Որքան նոտարի կնքած գործարքների թիվը մեծ է՝ այնքան մեծ է նրա եկամուտը:   
Ինչո՞ւ հիշեցինք նոտարներին. որովհետեւ օրերս ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել էր նոյեմբերի 1-25-ը նոտարների որակավորման քննությունների անցկացման նպատակով թեկնածուների անձնական գործերի ընդունելության մասին: Մեր անցկացրած հետաքննությամբ պարզվեց, որ այս անգամ որակավորման քննությունները, որոնք տեղի են ունենալու դեկտեմբերին, առավել քան ներկայացուցչական են լինելու, եւ դա վառ ապացույցն է այն բանի, որ նոտարի  աշխատանքը հիմա շատ հարգի է: Դրան մասնակցելու են մեր հանրությանը քաջ հայտնի պաշտոնյաների զավակներն ու հարազատները՝ ՀՀ նախագահի բարեկամ՝ Միքայել Մինասյանը (բնականաբար, ոչ փեսան), վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր աղջիկը՝ Տաթեւիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի անդամ, Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանի աղջիկը՝ Հասմիկ Շահինյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանի կինը՝ Էմիլյա Առուստամյանը, ջավախահայության հիմնական հովանավորներից մեկը համարվող մոսկվաբնակ Նորիկ Թեւանյանի հարսը՝ Սյուզաննա Նազինյանը, գեներալ Աստվածատուր Պետրոսյանի հարսը եւ այլն: Նրանք բոլորն էլ արդեն անցել են որակավորման քննություններին մասնակցելու եւ նոտարական գործունեությամբ զբաղվելու համար հավակնություններ ներկայացնելու համար գործող օրենսդրությամբ անհրաժեշտ առնվազն մեկ տարվա ստաժավորումը:
Պետք է փաստել, որ սպասվող քննությունների գործընթացում կոռուպցիոն գործարքներ արդեն իսկ եղել են: Բանն այն է, որ մեր աղբյուրների հավաստմամբ, «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության գործող որոշման համաձայն, որակավորման ստուգումները կազմակերպվում են տարեկան մեկ անգամ, եւ դրան մասնակցելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուն ունենա, ինչպես վերն ասացինք, նոտարական գործունեության առնվազն մեկ տարվա ստաժավորում: Անցած տարի որակավորման քննությունները տեղի էին ունեցել ամռանը, ինչը նշանակում էր, որ այս տարի եւս քննությունները պետք է նշանակվեին նույն ժամանակահատվածում, բայց դրանք հետաձգվել եւ նշանակվել են դեկտեմբերին բացառապես այն պատճառով, որ մեր պետպաշտոնյաներից ոչ բոլորի հարազատներն էին հասցրել մեկ տարվա ստաժ կուտակել: Խոսքը վերաբերում է մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր աղջկան. նրա ստաժն ամռանը դեռ չէր լրացել, եւ քննությունները պետք էր մի քանի ամիս հետաձգել, որպեսզի Տաթեւիկ Սարգսյանն իրավունք ստանար մասնակցելու դրանց: Թե որքա՞ն եկամուտ նա կկորցներ, եթե ստիպված լիներ մի քանի ամիս սպասել մինչեւ հաջորդ ստուգման քննությունները՝ դժվար է ասել: Բայց փաստն այն է, որ նախարարի համար առանձնապես մեծ դժվարություն չէր եղել որակավորման քննությունը մի քանի ամիս հետաձգել: Ընդ որում, քաջատեղյակ մեր աղբյուրների մատուցմամբ, այս բոլոր թեկնածուների համար արդեն բարեխոսել են համապատասխան պաշտոնյաները: Իսկ Նորիկ Թեւանյանն ամենուրեք հայտարարել է, որ իր հարսն արդեն հունվարից  աշխատելու է, ու նույնիսկ նրա աշխատասենյակն է պատրաստ: Թերեւս հասկանալի է, որ նախարարի եւ ՀՀ վարչապետի մակարդակով ամեն ինչ արվելու է այս մարդկանց ոչ միայն քննությունն անցկացնելու, այլեւ նրանց աշխատանքի հարցը լուծելու համար: Դրա համար պետք է միայն, որ նոտարական գրասենյակ բացելու բավարար հայտ իջեցվի, ինչը արդարադատության նախարարն արդեն մի անգամ արել է: Նա միայն անցյալ տարի Երեւանում 5 նոտարական գրասենյակ բացելու որոշում է կայացրել՝ յուրայիններին, բարեկամ-ընկերներին հարազատներին, բայց նախեւառաջ իր դստերը՝ Էլմիրա Դանիելյանին աշխատանքով ապահովելու համար: Եվ ապահովել է կենտրոնում: Դրա համար պարարտ հող էր նախապատրաստել ՀՀ վարչապետը դեռ 2008-ին, երբ հայտարարել էր նոտարական գրասենյակներում, իբր, առաջացած հերթերը վերացնելու եւ քաղաքացիների սպասարկումը ավելի դյուրին դարձնելու համար նոտարական գրասենյակների թիվն ավելացնելու իր որոշման մասին: Թերեւս հասկանալի է, որ խնդիրը ոչ այնքան քաղաքացու գործը հեշտացնելն էր, այլ նոտարական թափուր տեղեր ապահովելը: Սա այն դեպքում, երբ Հայաստանում եւ մասնավորապես Երեւանում նոտարական գրասենյակներն առանց այն էլ գերազանցում են միջազգային չափանիշներով հաշվարկվող 50 հազար բնակչին մեկ նոտար հասնող թիվը՝ ինչպես բազմիցս հեռուստատեսությամբ հայտարարում էր գլխավոր նոտար Մ. Գաբոյանը: Այժմ 1 մլն 200 հազար բնակչություն ունեցող Երեւանում  աշխատում է 30 նոտար, այսինքն՝ 40 հազար բնակչին հասնում է մեկ նոտար:  
Բայց կոռուպցիան միայն այստեղ չէ, որ թաքնված է: Բանն այն է, որ նոտարական որակավորման քննություն հանձնելն ու համապատասխան գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստանալը դեռ բավարար պայման չեն նոտարական գրասենյակ բացելու եւ այդ բիզնեսով զբաղվելու համար: Դրա թույլտվությունը՝ ըստ անհրաժեշտության, պիտի կառավարությունն իջեցնի՝ ի դեմս նախարար Գ. Դանիելյանի: Հիմա  նախարարը ո՞նց որոշի՝ այս անգամ քննությունները հաղթահարած պաշտոնյաների հարազատներից որին աշխատանքով ապահովել, որին թողնել ձեռնունայն: Խնդիրը բարդ է նաեւ այնքանով, որ որքան շատ լինեն նոտարական գրասենյակները, այնքան մրցակցությունը շատ կլինի, իսկ քանի որ Հայաստանը մրցակցությանը սովոր տնտեսություն չէ, ուրեմն այս ոլորտն էլ աստիճանաբար վերածվելու է մենաշնորհայինի, որն արդեն այսօր ծիլեր է տվել՝ դառնալով կոռուպցիայի բուն: Իսկ քանի որ նոտարի եկամուտը կախված է նրա կնքած գործարքների ծավալից, սկսում է գործել կոռուպցիոն մեկ այլ փակ ու ինքնատիպ համակարգ:
Եվ այդպես՝ ով իր կապերի շնորհիվ կկարողանա մի բան «կպցնել»՝ նա կշահի, իսկ անտերին գելը կտանի, նա կմնա անեկամուտ: Որ վերը թվարկված թեկնածուներն առաջիկա քննությունները հաղթահարելու են եւ նոտարական գրասենյակներ են բացելու, թերեւս, կասկած չկա: Իսկ թե ինչպե՞ս այս մի ոլորտում դեռ թափ հավաքող կոռուպցիայի դեմն առնել՝ դժվար է ասել, եթե դրան նպաստում են կոռուպցիայի դեմ պայքար հայտարարած չինովնիկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել