Հեռուստատեսային գործունեությունը ոչ գրավիչ բիզնես լինելու մասին պնդմանը հակադարձում է «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:
– Ինչո՞ւ «Ա1+»-ն այս անգամ հայտ ներկայացրեց միայն մի մրցույթում եւ չմասնակցեց նաեւ հանրապետական կամ մայրաքաղաքային սփռման ընդհանուր ուղղվածության մրցույթներին:
– «Ա1+»-ը նախընտրեց իր ուղղվածությանը համապատասխան՝ միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթը: Բացի այդ՝ արտոնագրից զրկվելուց հետո 8 տարվա ընթացքում «Ա1+»-ը բավականին լուրջ կորուստներ է կրել՝ ե՛ւ ֆինանսական, ե՛ւ տեխնիկական, եւ այսօր լիովին պատրաստ չէ հանրապետական հեռարձակման: Այդ պատճառով որոշեցինք գնալ առաջ փոքր քայլերով: Եվ որպես առաջին քայլ՝ ընտրվեց մեր ուղղվածությանը համապատասխան՝ մայրաքաղաքային հեռարձակման մրցույթին մասնակցելը:
– Ֆինանսական կորուստները փոքր-ինչ լրացնելու իմաստով՝ արդյոք բավական ուշացումո՞վ չձեւավորվեց «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը: Ավելի վաղ ձեւավորվելու դեպքում հնարավորություն կունենայիք մրցութային առաջարկում արդեն իսկ ներկայացնել հիմնադրամի միջոցով արված ներդրումները:
– Հիմնադրամի միջոցով արվող ֆինանսական աջակցությունն ուղղակի կապ չունի մրցույթին ներկայացված փաթեթի հետ: Այն միայն հավելյալ ներդրում է ժողովրդի կողմից՝ որպես պատվիրատու «Ա1+»-ին (երեկ ասուլիսում պրն Մովսեսյանը հայտնեց, որ 15 օրում հիմնադրամին մուծումներով հօգուտ «Ա1+»-ի յուրօրինակ քվեարկություն են արել շուրջ 11 հազար հոգի.- Ա. Ի.): Իսկ մրցութային փաթեթում ներկայացրել ենք հիմնական ֆինանսական ռեսուրսները, որոնք ներդրվելու են արտոնագիր ստանալու դեպքում:
– Եթե զուտ ձեւական դատենք՝ ֆինանսական ներդրումներով, տեխնիկական միջոցներով, մի խոսքով՝ այն 6 չափանիշներից, որով ՀՌԱՀ-ը պետք է որոշի արտոնագրատիրոջը, 4-ով «Արմնյուզը», ինչպես եւ 2003-ին՝ խոստացել է ավելին: Այս պայմաններում կանխատեսելի չէ՞ արդյոք ՀՌԱՀ-ի որոշումը:
– Լավ հիշեցրիք՝ ինչպես եւ 2003-ին էր առաջարկել ու, ընդգծում եմ՝ չի կատարել իր եւ ոչ մի խոստում: Եվ ՀՌԱՀ-ը որեւէ կերպ չի անդրադարձել դրան: Իսկ այժմ մրցույթին «Արմնյուզի» ներկայացրածը որեւէ կապ չունի իրականության եւ նրանց այսօրվա աշխատանքի հետ: «Արմնյուզն» աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերության տեխնիկական բազայով եւ աշխատակազմով:
Այնուամենայնիվ՝ կարելի է ենթադրել, որ կանխավ ինչ-որ որոշում կայացված է: Բայց չեմ ուզում դրան հավատալ, քանի որ դա ունենալու է լուրջ հետեւանքներ:
– Դարձյալ ձեւական առումով՝ 2003-ին հայտը ներկայացրել էր «Սինեմաքս» ՍՊԸ-ն, իսկ այժմ՝ «Արմնյուզ» ՓԲԸ-ն: Նրանք այս բավական խորամանկ ձեւն են ընտրել, որից ստացվում է, թե «Արմնյուզը» պատասխանատու չէ 2003-ին տրված ու չկատարված խոստումների համար:
– Որքան էլ կարծում եք, թե սա խորամանկ քայլ է՝ ասեմ, որ նրանք աշխատել են շատ փնթի: Կներեք կոպիտ խոսքի համար՝ չեմ ուզում վիրավորել իմ գործընկերներին ու մրցակիցներին, բայց ինչպես 2003 թվականին էին փնթի ներկայացրել իրենց փաթեթը, նույն կերպ էլի փնթի են ներկայացրել այս անգամ: Այդ խնդրին մենք դեռ կանդրադառնանք դեկտեմբերի 16-ից հետո:
– Պատճառաբանելով, թե ինչու այս անգամ մրցույթների մասնակիցներն այդքան սակավ էին՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն «Առավոտին» ասել էր. «Հեռուստատեսային գործունեությունը, զուտ հեռանկարայնության իմաստով, գրավիչ չէ, քանի որ փոքր է գովազդային մեր պաշարը, որը պետք է կենսական միջավայր դառնա հեռուստաընկերությունների գործունեության կենսապահովման համար: Սա է, որ պակաս գրավչություն եւ պակաս հետաքրքրություն է առաջացրել այդ ոլորտում ներդրումներ անելու համար: Իսկ նախկինում կար մոտեցում, թե հեռուստաընկերությունը շատ շահութաբեր գործունեության տեսակ է եւ արժե ներդրումներ կատարել այս դաշտում: Այդ պատճառով 2002-2003-ի մրցույթների մասնակիցները շատ էին: Հետո կյանքը ցույց տվեց, որ դրանցից շատերը մղվեցին դեպի լուսանցք, ու հասկացան, որ որպես ձեռնարկատիրություն՝ հեռուստատեսությունը գրավիչ չէ»: Ձեր կարծիքով՝ արդյոք հիմնավո՞ր է այս պատճառաբանությունը:
– Իհարկե, հիմնավոր չէ: Նախ՝ եթե այդ բիզնեսի մեջ գրավչություն չկա, բայց փորձում են անգամ մենաշնորհներ հաստատել այս ոլորտում՝ ուրեմն գործում են միայն քաղաքական շահեր: Իսկ դա ավելի վատ է: Երկրորդ հարցն էլ կա՝ եթե իսկապես այդքա՜ն ոչ շահավետ բիզնես է հեռուստաալիքը, ինչո՞ւ են դրանք իրար ձեռքից փախցնում, եւ ամեն մեկը կառչած է մնացել իր ալիքից. ուզում են մինչեւ վերջ՝ գոնե մինչեւ 2013 թվականը պահել այն: