Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 06,2010 00:00

  \"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ ութերորդ

ՏԺԺՈՒՄ ԷՐ ՔԱՂԱՔԸ ԳԼԽԱՑԱՎԻՑ

Այլազգի ու ռուս կուրսանտների բռունցքներն ու մահակները հիմնականում Չիլոյին էին ուղղված, քանի որ Չիլոն ոչ թե ձեւ էր անում, այլ իսկապես ազատ էր, որովհետեւ ծնողներ, տպագրված գրքեր, Լենինի նկարով Գրողների միության անդամատոմս ու այլ կաշկանդող հանգամանքներ չուներ. մի խոսքով՝ իսկական բանաստեղծ էր եւ չնայած հասարակության համար որեւէ վտանգ չէր ներկայացնում, էդ քոչվոր կուրսանտները հատկապես Չիլոյի՛ գոյությունից էին նյարդայնանում, եւ շատ դեպքերում հենց Չիլոն էր նախահարձակ լինում, որովհետեւ Չիլոն ծնողներ ու տուն չունենալով՝ ողջ Երեւանն ու հատկապես Երեւանի կենտրոնն իր տունն էր համարում ու ահավոր նեղվում էր, որ կապուտաչ, շեղաչ ու հիմնականում պզուկոտ էդ քոչվոր հրոսակներն անկոչ թաթարի պես եկել լցվել ու իրենցով էին արել իր էդ մեծ ու միակ տունը, եւ քանի որ Չիլոն ոչ ծնողներ ուներ, ոչ քույր ու եղբայր եւ ոչ էլ տուն, նույնիսկ բանտն էր տուն համարում եւ բոլոր մեծերին՝ ծնող, եւ մնացածներին՝ քույր ու եղբայր, եւ բացառությունն էդ պզուկոտ հրոսակներն էին, որոնց Չիլոն եղբայր չէր համարում, որովհետեւ սրանց բռունցքներն ու դուբինկեքը հատկապես պոետների ու համեմատաբար ազատների վրա էին բարձրանում, եւ քանի որ Չիլոն ամենապոետն ու ամենաազատն էր, ոչ մի կերպ չէր կարողանում խուսափել էդ պզուկոտների հետ հանապազօրյա բախումներից, եւ, հիշում եմ, ես միշտ խուսափում էի Չիլոյի հետ «Պապլավոկում» սրճելուց, որովհետեւ, էլի եմ ասում, իր ու էդ պզուկավորների կոնֆլիկտներից խուսափելն անհնարին էր, ու ես, ի տարբերություն Չիլոյի ու համեմատաբար ազատների, մշտապես խուսափում էի դրանց հետ էդ անիմաստ ու անհեռանկար պայքարից ու բախումներից, որովհետեւ, ի տարբերություն Չիլոյի ու համեմատաբար ազատների, ես ընդամենը դեպքերի բերումով էի բանաստեղծ եւ, ի տարբերություն Չիլոյի ու համեմատաբար բանաստեղծների, Երեւանում ծնողներ, տուն, հարեւանություն, բարեկամություն ու այլ կաշկանդող հանգամանքներ ունեի, եւ չնայած Չիլոյի օրոք ինքս էլ տպագրված գիրք ու Լենինի նկարով անդամատոմս չունեի, իմ ծննդավայր Երեւանում բավական անազատ ու բավական կաշկանդված էի, եւ ինձ կաշկանդողները մի կողմից էդ պզուկոտ հրոսակներն էին, մյուս կողմից՝ Չիլոն ու համեմատաբար ազատները, եւ էս վերջիններն իմ համեմատ ահագին ազատ էին ու Չիլոյի համեմատ՝ ահագին անազատ, որովհետեւ, ի տարբերություն ինձ, Երեւանում ծնողներ, բարեկամներ ու այլ կաշկանդող հանգամանքներ չունեին, բայց, ի տարբերություն Չիլոյի, իրենց գյուղերում ու ծննդավայրերում ծնողներ ու այլ կաշկանդող հանգամանքներ ունեին, ու երեւի դա էր պատճառը, որ սրանք Չիլոյից չխուսափելով՝ պզուկոտներից լավ էլ խուսափում էին, իսկ ինչ վերաբերում է անձամբ ինձ, ինչքան էլ Չիլոյից խուսափեի, երկու անգամ բախտ եմ ունեցել հետը սեղան նստել, եւ չնայած առաջին գրքիս մեջ ասել ու գրել եմ թե՝ Չիլոյի հետ ընդամենը մի անգամ եմ սեղան նստել, հիմա ավելի ու ավելի կենտրոնանալով հիշեցի, որ երկրորդ դեպքն էլ է եղել, եւ էդ երկրորդը հիմա շատ ավելի հստակ եմ հիշում, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ ինչքան էլ Չիլոյից խուսափեի, ներքուստ լավ էլ հպարտ էի, որ ինքն ինձ անձամբ ճանաչում ու հարազատի պես է վերաբերվում, եւ չնայած առաջին գրքիս մեջ գրել եմ թե՝ Չիլոն անունս չգիտեր ու հետս անունով չէր խոսում, հիմա ավելի ու ավելի կենտրոնանալով՝ սկսում եմ հիշել, որ երբ կալանավայրից դուրս էր եկել, առավոտվա կողմ Օֆիկի կաֆեի մոտ տեսա ու հարցրի՝ «ո՞նց ես, մեծ ախպեր», ինքը ձեռքս շատ ուժեղ սեղմելով ու համարյա ճզմելով ասաց՝ «կռուգոմ ջանսաղություն ա, Արմո ջան», եւ երբ նորից հարցրի՝ «ո՞նց ես», ինքը ծիծաղելով ասաց՝ «մի հատ կոֆե որ առնես՝ կասեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «կարամ շամպայն էլ առնեմ», եւ Չիլոն ժպտալով ասաց՝ «շամպայնի համար մի քիչ շուտ ա», ու, հիշում եմ, երբ իրեն հարցրի՝ «բերդում ո՞նց էր», ինքը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «չտեսնված», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Չիլոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ամեն իմաստով», եւ նոր էինք նստել, երբ մեզ մոտեցավ բանաստեղծ Հենրիկ Բաբախանյանը եւ Չիլոյի հետ ողջագուրվելով ասաց՝ «բարով տեսանք» եւ մեր սեղանի մոտ նստելով՝ Չիլոյին հարցրեց՝ «ո՞նց ես», եւ Չիլոն ժպտալով ասաց՝ «Արմոն էդ հարցն արդեն տվել ա», եւ Հենրիկը ժպտալով հարցրեց՝ «արդեն պատասխանել ե՞ս», եւ Չիլոն ժպտալով ասաց՝ «էդ գործի վրա եմ. իրան ասում եմ, որ բերդում շատ լավ էր, բայց ինքը չի հավատում», եւ Հենրիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ հավատալու բան չես ասում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ համեմատ էր շատ լավ», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ձեր էս կյանքի համեմատ», եւ Հենրիկը ժպտալով ասաց՝ «մեր էս կյանքը հիմի քոնն էլ ա», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «չեմ ուզում» եւ մի քիչ էլ մտածեց ու գոռաց՝ «ձե՛զ ըլնի», եւ երբ վեր կացա սուրճերը բերելու, դախլի մոտ Օֆիկն ինձ հարցրեց՝ «էդ էլի գոռգոռոցը դրել ա՞», եւ ես ասացի՝ «հանգիստ նստած՝ խոսում ենք», եւ Օֆիկը քամահրանքով ասաց՝ «շա՜տ հանգիստ եք խոսում», եւ Լենան սուրճը բաժակների մեջ լցնելով ասաց՝ «էլի միլիցեքին գլխներիս ա հավաքելու», եւ Օֆիկն ասաց՝ «դրա գլուխը միշտ քոր ա գալի», եւ ես ասացի՝ «հանգիստ նստած խոսում ենք», եւ Օֆիկն ասաց՝ «նայեք՝ ավելորդ բաներ չանի», եւ ես ասացի՝ «հանգիստ խոսում ենք», եւ Օֆիկը քամահրանքով ասաց՝ «լա՜վ հանգիստ խոսացող ես գտել», եւ Լենան ասաց՝ «բայց հոգին շատ մաքուր ա», եւ Օֆիկն արհամարհանքով ասաց՝ «էրկու բաժակից լրիվ կեղտոտվում ա», եւ Լենան ասաց՝ «բայց ոնց որ օյաղ ա», եւ ես ասացի՝ «հա. լրիվ լուրջ ա», եւ Օֆիկը ծիծաղելով ասաց՝ «կարող ա՞ բերդից դուս թողելուց առաջ խմացնեին՝ նոր դուս թողեին», եւ ես ասացի՝ «փոխանակ մոտենաք՝ մարդավարի բարեւեք, ավելորդ բաներ եք խոսում», եւ Լենան ասաց՝ «դու քեզ տես. ինքը քեզնից առաջ մոտեցել ու շատ մարդավարի բարեւել ա», եւ ես հարցրի՝ «բա էլ ի՞նչ եք ուզում», եւ Օֆիկն ասաց՝ «ուզում ենք, որ ըստեղ ավելորդ ղալմաղալ չանեք», եւ ես ասացի՝ «Չիլոյին հազար տարի յոլա եք տարել», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա բերդում փոխված ըլնի», եւ Օֆիկը ծիծաղելով ասաց՝ «ինքը փոխվելու տեղ չունի» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ինքը փոխված ա ծնվել», եւ Լենան ինձ ասաց՝ «հանգիստ նստեք՝ ձեր կոֆեները խմեք», եւ Օֆիկն ինձ ասաց՝ «կոֆեները շուտ խմեք ու ռադներդ քաշեք», եւ Լենան Օֆիկին ասաց՝ «Արմենից ու Հենրիկից էսքան վախտ ոչ մի վատ բան չենք տեսել», եւ ես հարցրի՝ «Չիլոյի՞ց ինչ վատ բան եք տեսել», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչ անում ա՝ իրան ա անում», եւ Օֆիկն ինձ ասաց՝ «բերանս ե՞ս բացել տալի», եւ ես ժպտալով ասացի՝ «խի քո բերանը փակվում էլ ա՞», եւ Օֆիկն ինձ ասաց՝ «հիմի դու ես ավելորդ բաներ խոսում», եւ ես առանց պատասխանելու՝ սուրճերը վերցրի ու գնացի եւ երբ նստեցի, Չիլոն ինձ հարցրեց՝ «դրանց հետ ի՞նչ էիր մի ժամ գյալաջի անում» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ինձնից էի՞ն հարցուփորձ անում» եւ մի քիչ էլ մտածեց ու դախլի կողմը նայելով փնթփնթաց՝ «ընենց են աչքները չռած վրես նայում՝ ոնց որ թուրքը խոզի մսին», եւ Հենրիկը Չիլոյին ասաց՝ «իրանք էրկուսն էլ քեզ շատ սիրում ու հարգում են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «միշտ քո մասին հարցնում էին», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «սաղի սիրուց ու հարգանքից արդեն սիրտս խառնում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «ձեռս որ ճար ըլներ, էդ քամբախից դուս չէի գա», եւ Հենրիկն ասաց՝ «որ դուս ես էկել, ստիպված պիտի մի քիչ դրսի օրենքներին ենթարկվես», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ժպտալով Հենրիկին ասաց՝ «որ մի քանի անգամ պերեդաչի ես ուղարկել,  էդ չի նշանակում, որ պիտի ինձ դասեր տաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «էս դո՞ւ ինչի ինձ դասեր չես տալի», եւ ես ժպտալով ասացի՝ «ես իրավունք չունեմ», եւ Չիլոն զարմացած հարցրեց՝ «խի՞ իրավունք չունես», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ես ոչ մի անգամ քեզ պերեդաչի չեմ ուղարկել», եւ Չիլոն զարմացած նայեց ինձ ու ասաց՝ «էդ ի՞նչ գլուխ գովալու բան ա», եւ ես ժպտալով ասացի՝ «գլուխ չեմ գովում» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «փաստն եմ արձանագրում», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «շատ շնորհակալ եմ, որ ինձ դասեր չես տալի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ դասեր», եւ Չիլոն նախ Հենրիկին նայեց, հետո նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «կյանքի ու ապրելու դասեր», եւ ես ժպտալով ասացի՝ «մեկն ըլնի՝ ինձ դասեր տա», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուրախ եմ, որ էդքանը հասկանում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էրեկվա էրեխեն ես, բայց էդ հասարակ բանը հասկանում ես», եւ ես հարցրի՝ «խի՞ եմ էրեխա», եւ Չիլոն ասաց՝ «իմ ու Հենդոյի համեմատ էրեխա ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց հասկանում ես, որ չի կարելի մարդկանց ապրելու դասեր տալ», եւ Հենրիկը Չիլոյին ասաց՝ «քեզ ոչ մեկն ապրելու դասեր չի տվել», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ էլ տվել են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «տվել են ու շարունակում են տալ», եւ Հենրիկը նեղսրտած հարցրեց՝ «ո՞վ ա շարունակում տալ», եւ Չիլոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Բաբախանյան Հենդոն» եւ տեղից վեր կենալով՝ Հենրիկին գրկեց ու բարձրացրեց, հետո իջեցրեց ու ասաց՝ «ախպերդ բերդից դուս ա էկել. փոխանակ մի շիշ բան դեմը դնես, ինչ-որ դասեր ես տալի», եւ Հենրիկը նեղսրտած ասաց՝ «քեզ ոչ ոք չի կարա դասեր տա», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «դասեր չեն կարա տան, բայց կարան մի շիշ բան առնեն՝ իրանց ախպոր ազատվելը նշեն», եւ Հենրիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի ճիշտ կանենք՝ մեր տուն գնանք», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մերսի», եւ Հենրիկը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ Չիլոն գլուխը կախելով ասաց՝ «որ ինձնից հուշտ չես ըլնում ու էդքանից հետո տուն ես հրավիրում», եւ Հենրիկը զարմացած հարցրեց՝ «ինչքանի՞ց հետո», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բերդում մարդ ամեն ինչ կորցնում ա՝ բացի հիշողությունից», եւ Հենրիկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «դրանով ի՞նչ ես ուզում ասես», եւ Չիլոն մեղավոր ժպտալով ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ ամեն ինչ հիշում եմ», եւ Հենրիկը հարցրեց՝ «ի՞նչ ես հիշում», եւ Չիլոն մեղավոր ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հիշում եմ, որ վերջին անգամ ձեր տան մեջ համը հանել եմ», եւ Հենրիկը մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ըտենց բան չեմ հիշում», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մարդ արարածն ազատության մեջ ամեն ինչ մոռանում ա», եւ Հենրիկը մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «մեր տնեցիք քեզ շատ են սիրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ քեզ շատ են կարոտել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մանավանդ՝ պապան», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լա՜վ կարոտելու բան եմ», եւ Հենրիկը ժպտալով ասաց՝ «ընենց որ՝ մերոնք շատ կուրախանան», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «էրեսատեղ չեմ թողել», եւ Հենրիկն ասաց՝ «պապան որ իմացավ դուս ես էկել՝ շատ ուրախացավ», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «չեմ էլ կասկածում», եւ Հենրիկն ասաց՝ «ինքը քեզ շատ ա հարգում», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ իրան եմ շատ հարգում», եւ Հենրիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դրա համար էլ ասում եմ՝ գնանք մեր տուն», եւ Չիլոն մի քիչ մտածեց, նայեց ինձ, հետո Հենրիկին հարցրեց՝ «Արմոյին հետներս չտանե՞նք», եւ Հենրիկը գոհունակությամբ ասաց՝ «Արմենը հարեւանս ա. մերոնք Արմենին էլ են շատ սիրում», եւ Չիլոն ժպտալով ինձ հարցրեց՝ «դու էլ ե՞ս կրիվոյցի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Մետաքս եմ ծնվել, բայց արդեն մի քանի տարի ա՝ Կրիվոյ եմ ապրում», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, դաննի մամենտ Կրիվոյն էրկու հատ բանաստեղծ ունի» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «Հենդոն ու դու» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, զեմլյակ եք», եւ ես ժպտալով ասացի՝ «հա», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «Մետաքսի գծով էլ Էդոյան Հենդոյի հետ եք զեմլյակ», եւ ես ժպտալով ասացի՝ «հա», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, Մետաքսն էլ ա աշխարհին էրկու հատ բանաստեղծ տվել» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «Էդոյան Հենդոն ու դու», եւ ես ամաչելով ասացի՝ «ես բանաստեղծություն չեմ գրում», եւ Չիլոն ժպտալով հարցրեց՝ «արդեն թարգել ե՞ս», եւ ես ժպտալով ասացի՝ «որ չեմ գրել՝ ո՞նց կարամ թարգեմ», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «սուտ խոսալը լավ բան չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նստելուցս մի քանի ամիս առաջ էկել էի ձեր մանկավարժական, ու որ բանասիրականի պատի թերթի մեջ ֆոտոդ ու բանաստեղծություններդ տեսա, շատ զարմացա. մտածեցի՝ էս ժարգոնով խոսացող տղեն ո՞նց ա բանաստեղծություն գրում», եւ ես ժպտալով ասացի՝ «դու էլ ես ժարգոնով խոսում», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մանավանդ՝ բերդում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բերդում գողականներից լավ էի ժարգոնով խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ասաց՝ «բերդում որ ժարգոնով չխոսաս, ատամներդ մեկ առ մեկ կհաշվեն», եւ Հենրիկն ասաց՝ «արդեն քանի տարվա հարեւան ենք, բայց ես էլ չգիտեի, որ Արմենը բանաստեղծություն ա գրում», եւ ես արդարանալով ասացի՝ «էդ պատի թերթի համար մի քանի հատ ձեւի համար գրեցի», եւ Չիլոն ժպտալով ասաց՝ «սաղս էլ ձեւի համար ենք գրում» եւ ժպտալով հարցրեց՝ «էդ պատի թերթի մեջ էրկու հատ ձեւի համար գրել էիր. մեկը շատ երկար էր, մյուսը՝ շատ կարճ», եւ ես ամաչելով ասացի՝ «հա», եւ Չիլոն ժպտալով ինձ ասաց՝ «իզուր էլ ամաչում ես. լավ էլ բանաստեղծություններ էին» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ՝ երկարը», եւ ես հարցրի՝ «ի՞նչ երկար», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «կարող ա՞ հիմի արտասանեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կներես, բայց անգիր չեմ հիշում» եւ մի քիչ էլ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «բայց էդ երկարի մի տողը մեջս տպավորվել ա», եւ ես հարցրի՝ «ո՞ր տողը», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու հիշելով ասաց՝ «տժժում էր քաղաքը գլխացավից» եւ ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ էդ դու չես գրել», եւ ես ամաչելով խոստովանեցի՝ «ես եմ գրել», եւ Հենրիկն ասաց՝ «իրոք հետաքրքիր տող ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «շատ ուժեղ հիշողություն ունես, Սլավ», եւ Չիլոն ժպտալով ասաց՝ «որ ուժեղ հիշողություն ունենայի, մյուս տողերն էլ կհիշեի» եւ մի քիչ մտածեց ու Հենրիկին ասաց՝ «էն մի հոգավորի թվանշանի հաշվով մանկավարժական էի գնացել, ու էդ դասախոսն էնքան ուշացավ, որ ստիպված իրանց էդ պատի թերթը ծերից ծեր կարդացի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց էդ սաղ պատի թերթից մենակ էդ մի տողն եմ հիշում», եւ Հենրիկը քթի տակ արտասանեց՝ «տժժում էր քաղաքը գլխացավից» եւ ժպտալով ավելացրեց՝ «շատ լավ տող ա, Արմեն ջան», եւ Չիլոն ժպտալով Հենրիկին ասաց՝ «տարոսը ինձ ու քեզ», եւ ես չգիտեի ինչ ասեմ ու շիվարած ասացի՝ «ձեռ ե՞ք առնում», եւ Չիլոն ժպտալով ինձ ասաց՝ «հուսով եմ՝ չես մեծամտանա», եւ ես ժպտալով ասացի՝ «հուսով եմ՝ ձեռ եք առնում», եւ Չիլոն ժպտալով ասաց՝ «նայի՝ չմեծամտանաս», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ պիտի մեծամտանամ», եւ Հենրիկը Չիլոյի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «Սլավիկի էս գովեստներից» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Չիլոյի մակարդակի պոետը որ մեկին գովում ա, էդ մեկը հեշտ ու հանգիստ կարա մեծամտանա» եւ մի քիչ էլ մտածեց ու Չիլոյին հարցրեց՝ «Արմենին հետներս չտանե՞նք», եւ Չիլոն հարցրեց՝ «ո՞ւր», եւ Հենրիկն ասաց՝ «մեր տուն», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «անհարմար չի՞», եւ Հենրիկն ասաց՝ «մերոնք Արմենին ճանաչում ու սիրում են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Արմենը մեծ ախպորս տղի հետ ա սովորել», եւ Չիլոն Հենրիկին ասաց՝ «ես իմ առումով եմ ասում», եւ Հենրիկը զարմացած հարցրեց՝ «քո առումով ի՞նչ ես ասում», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «վերջին անգամ ձեր տանն ինձ շատ սխալ եմ պահել», եւ Հենրիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու մերոնց համար իսկական նվեր ես, Սլավիկ ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ գաս մեր տուն, մերոնց համար իսկական տոն կըլնի», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու տեղից վեր կենալով ասաց՝ «որ ըտենց ա՝ Արմոյին էլ ենք հետներս տանում», եւ ես ասացի՝ «ես չեմ կարա գամ», եւ Չիլոն զարմացած ինձ նայեց ու ժպտալով Հենրիկին ասաց՝ «արդեն մեծամտացավ», եւ ես արդարանալով ասացի՝ «ժամադրված եմ, Սլավիկ ջան», եւ Չիլոն աչքերիս մեջ նայելով ասաց՝ «սուտ ես ասում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կարող ա՞ խնդրենք» եւ մի քիչ էլ մտածեց ու գոռաց՝ «քեզ սկսնակի պես չես պահում, արա՛», եւ ես չգիտեի ինչ ասեի ու լռեցի, եւ Հենրիկը Չիլոյին ասաց՝ «որ չի գալիս, հո չենք ստիպի», եւ Չիլոն մի քիչ մտածեց ու գոռաց՝ «շատ պիտի երազի, որ ստիպենք» ու էդ ասելով, հիշում եմ, վրդովված դուրս գնաց սրճարանից, եւ Հենրիկն անմիջապես տեղից վեր կենալով՝ գնաց Չիլոյի հետեւից, եւ երբ իրենք գնացին, Լենան դախլի հետեւից ինձ հարցրեց՝ «էդ խի՞ էր գոռգոռոցը դրել», եւ Օֆիկն ասաց՝ «երեւի Արմենից խմելու փող ա ուզել՝ չի տվել», եւ ես ժպտալով ասացի՝ «ընդհակառակը. ինքն էր ուզում ինձ պատիվ տար», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իսկական չոբան ա», եւ Լենան ասաց՝ «բայց սիրտը շատ մաքուր ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «խմիչքն ա իրա տունը քանդողը», եւ Օֆիկն ինձ հարցրեց՝ «հարբած է՞ր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Օֆիկը հարցրեց՝ «որ հարբած չէր, խի՞ էր գոռգոռոցը դրել», եւ Լենան ասաց՝ «երեւի սիրտը նեղված ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իզուր տեղն էդքան բանտ նստեց», եւ Օֆիկն ասաց՝ «իզուր տեղը ոչ մեկին չեն նստացնում», եւ Լենան ինձ հարցրեց՝ «ասում են՝ Համալսարանը կարմիր դիպլոմով ա ավարտել. ճիշտ ա՞», եւ ես ասացի՝ «կարմիր դիպլոմը չգիտեմ, բայց շատ ուժեղ բանաստեղծ ա», եւ Օֆիկը հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ ուժեղ ա», եւ ես ասացի՝ «կարդացել եմ», եւ Օֆիկը հարցրեց՝ «դրա գրածները տպված կա՞ն», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Օֆիկը հարցրեց՝ «ինչի՞ մասին ա գրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ամեն ինչի», եւ Լենան ինձ հարցրեց՝ «կարա՞ս ճարես՝ կարդանք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Բագրատի մոտ կա. որ ուզես՝ կտա», եւ Օֆիկը հարցրեց՝ «Բագրատն էն պստլոն ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Լենան ասաց՝ «Բագրատն էլ ա բանաստեղծ», եւ Օֆիկն ասաց՝ «մի օր որ պարզվի էս Արմենն էլ ա բանաստեղծ, հեչ չեմ զարմանա», եւ Լենան ժպտալով ասաց՝ «Արմենը բանասեր ա, բայց բանաստեղծ չի», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ առավոտից իրիկուն բանաստեղծների հետ ա նստում, օրերից մի օր ինքն էլ բանաստեղծ կդառնա», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արմենին չի սազի», եւ Օֆիկը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չպիտի սազի», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «բանաստեղծները կռվազան են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Արմենը հեչ կարգին խմող էլ չի», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ուզում ես ասես՝ նորմալ մարդը չի կարա՞ բանաստեղծ ըլնի», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «համ էլ՝ բանաստեղծները մի տեսակ երգելով են խոսում», եւ Օֆիկը հարցրեց՝ «ո՞նց են երգելով խոսում», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն բառի վրա երկարացման նշան են դնում», եւ Օֆիկն արհամարհական նայեց Լենային ու ասաց՝ «դու պիտի հայերենի դասատու դառած ըլնեիր, ոչ թե՝ կոֆե էփող», եւ Լենան ասաց՝ «դպրոցում հայերենս միշտ էլ հինգ ա էղել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի բան էլ որ ասեմ, մազերդ բիզ-բիզ կկայնեն», եւ Օֆիկն ասաց՝ «ասա», եւ Լենան ժպտալով ասաց՝ «ես էլ եմ վախտին բանաստեղծություններ գրել», եւ Օֆիկը զարմացած բացականչեց՝ «վալլա քեզ չար սատանա», եւ Լենան ժպտալով շարունակեց ու ասաց՝ «մեր դպրոցի պատի թերթի բանաստեղծությունների հալալ կեսը ես էի գրում», եւ Օֆիկն արհամարհական նայեց Լենային ու ասաց՝ «զգացվում ա», եւ Լենան զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա զգացվում», եւ Օֆիկն արհամարհանքով պատասխանեց ու ասաց՝ «բանաստեղծ ըլնելդ», եւ Լենան ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞նց ա զգացվում», եւ Օֆիկը ժպտալով ասաց՝ «օրական մի մանեթից ավել պակասորդ ես տալի», եւ Լենան մի քիչ մտածեց ու չոր տոնով ասաց՝ «էդ քեզ չի վերաբերվում», եւ Օֆիկը զարմացած հարցրեց՝ «ո՞նց ինձ չի վերաբերվում. կարող ա՞ էս քամբախի վարիչը ես չեմ», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ սաղ պակասորդներն իմ ջեբիցն եմ լրացնում» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ էդ պակասորդները քո վրեն եմ թողում», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու ծիծաղելով Լենային հարցրեց՝ «ախչի, կարող ա՞ հիմի էլ ես ոտանավոր գրում», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի մենակ մտածում եմ», եւ Օֆիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ես մտածում», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ժամանակ առ ժամանակ ոտանավորի պես զադեր են մտքովս անց կենում, բայց ալարում եմ գրի առնեմ», եւ Օֆիկն արհամարհանքով նայեց Լենային ու ասաց՝ «դրա համար էլ օրական մանեթից ավել պակասորդ ես տալի», եւ Լենան մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ պակասորդներից մինչեւ հիմի ոչ մեկը չի տուժել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինձանի բացի»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել