Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի՝ Կարսում գտնվող հայրական տունը վաճառքի է հանվել 250 հազար թուրքական լիրայով: Այս մասին է գրում թուրքական Hurriyet օրաթերթի հոդվածագիր Իրեմ Քյոքերը՝ Եղիշե Չարենցին, Կարս քաղաքում գտնվող նրա հայրական տանը եւ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված իր հրապարակման մեջ:
Փորձելով թուրք հանրությանը ներկայացնել Եղիշե Չարենցի՝ հայ ժողովրդի համար ունեցած անգնահատելի դերակատարությունը, Իրեմ Քյոքերը, ըստ tert.am-ի, գրում է. «Չարենցը հայոց պատմության ամենակարեւոր անուններից է: Այնքան կարեւոր, որ նրան պատկերել են հայկական 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա: Չարենցը ծնվել է 1897թ. Կարսում:
Առաջին բանաստեղծությունները գրել է դեռ 18 տարին չբոլորած: 1915թ. բռնագաղթի ականատեսն է եղել: Նույնիսկ որոշ աղբյուրների համաձայն՝ միացել է Օսմանյան կայսրության դեմ պայքարի դուրս ելած ուժերին: Ավելի ուշ մեկնում է Մոսկվա, որտեղ անցնում է բոլշեւիկների շարքերը եւ պայքարում հանուն կոմունիզմի: Սակայն 1930-ական թվականներին՝ Ստալինի ռեժիմի ժամանակաշրջանում, ենթարկվում է մահապատժի»,- գրում է թուրք հոդվածագիրը՝ նշելով, թե Չարենցին Հայաստանում սկսեցին ավելի շատ գնահատել անկախությունից հետո: