Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԼՐՏԵՍՆԵՐԻ ՈՂՋ ՑԱՆԿԸ

Նոյեմբեր 06,2010 00:00

\"\"Ուրբաթ օրը Վրաստանը հրապարակել է Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվածների ողջ ցանկը: Պարզվում է՝ դրանք ոչ թե 20 կամ 25-ն են, այլ՝ 15-ը, որոնցից երկուսը ավելի ուշ, իրենց մեղքն ընդունելու արդյունքում ազատ են արձակվել: Մյուսների մասով, ըստ Վրաստանի ՆԳ նախարարության հայտարարության, դատարանը կալանավորման որոշում է կայացրել: Կալանավորվածներից 9-ը՝ Վրաստանի, չորսը՝ այդ թվում հայազգի Արմեն Գեւորգյանն ու Ռուբեն Շիկոյանը, Ռուսաստանի քաղաքացիներ են: Վրաստանի ՆԳՆ-ի մատուցմամբ, լրտեսության մեղադրանքով կալանավորվածներից վեցը Վրաստանի ռազմաօդային ուժերի օդաչուներ են, որոնք ՌԴ գլխավոր հետախուզական վարչությանը (թՀձ) փոխանցել էին ռազմական ավիացիայի, այդ թվում՝ անձնակազմի թվաքանակի, հագեցվածության եւ թռիչքների չվացուցակի մասին գաղտնի տեղեկություններ: Ուտիաշվիլիի ասելով, լրտեսության մեջ մեղադրվող անձինք, որոնց թվում կան նաեւ վրացի սպաներ, ՌԴ ԳՀՎ-ին են փոխանցել Վրաստանի ռազմական պոտենցիալի եւ այլ երկրների հետ համագործակցության մասին գաղտնի տեղեկություններ:
BBC-ի փոխանցմամբ, նոյեմբերի 5-ին Վրաստանի ՆԳ նախարար Շոթա Ուտիաշվիլին իր հրավիրած ասուլիսում ասել է, թե այդ գործի բացահայտումը մեծ նշանակություն ունի Վրաստանի ռազմական հետախուզության համար եւ մեծ հարված է ՌԴ ԳՀՎ-ին:
Գերատեսչության ղեկավարի հայտարարության համաձայն, վրացական հակահետախուզության՝ «Էնվեր» պայմանական անունը կրող հատուկ օպերացիան մեկնարկել էր դեռ 2008թ. օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից առաջ: Վրաստանի ՆԳՆ հակահետախուզական գերատեսչությունը հայտարարել է, որ առ ժամանակ առաջ հատուկ լայնածավալ գործողության ժամանակ ՌԴ ԳՀՎ-ում ներդրել է նախկին խորհրդային սպայի, որին հաջողվել է վստահություն վայելել այդ կառույցում եւ մուտք ստանալ Վրաստանում ռուսական լրտեսների փոխանցած տեղեկությունների ապակոդավորմանը, որից հետո այդ ողջ տեղեկատվությունը փոխանցել է վրացական հակահետախուզությանը: Թբիլիսին պնդում է, թե «Էնվեր» հատուկ գործողությունը հիմնականում պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ 2006թ.-ին, այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունների որոշմամբ, այն անձինք, ովքեր կամովին կհայտնեին արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու մեջ, կազատվեն քրեական հետապնդումից, ՆԳՆ էր դիմել մի մարդ, որի «նավոդկաների» հիման վրա էլ իրականացվել է հիշյալ հատուկ գործողությունը:
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ կսպասեն փաստերի հրապարակմանն ու կալանավորումների մասին մանրամասների, թեեւ արդեն ակնարկել են, որ տեղի ունեցածը Մոսկվան կեղծիք է համարում: Այդ գերատեսչությունում «ակնհայտ» են համարում նաեւ այն, որ լրտեսական բացահայտումը տեղի է ունեցել Լիսաբոնում կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ եւ Աստանայում սպասվող ԵԱՀԿ գագաթաժողովների նախօրեին՝ ուշադրությունն առավելագույնս Վրաստանի կողմը շեղելու եւ Ռուսաստանին վնասելու նպատակով: Ռուսական ԶԼՄ-ների գնահատմամբ էլ, Վրաստանի ՆԳՆ-ն հատուկ է լրտեսական սկանդալի լուրջ ասուլիս հրավիրել նոյեմբերի 5-ին, երբ Ռուսաստանը նշում է Ռազմական հետախույզի օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել