Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

54. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Նոյեմբեր 06,2010 00:00

\"\"
96-ամյա Հովհաննես Մկրտչյանը:

\"\"
1940թ. Մոսկվայում չափարցի Քափունց Ռուբենի ստացած վկայագիրը:

\"\"
Արցախի խորհրդանիշի՝ Չափարի պեխու արմատները:

Տեղ հասանք, ու քիչ անց Ռոմայի խնդրանքով մեզ հետ զրուցելու եկավ գյուղի ամենամեծահասակ մարդը՝ 96-ամյա Հովհաննես Մկրտչյանը, որին գյուղում Վահանես դայի էին ասում: Ընդառաջ գնացի, որ օգնեմ աստիճաններով բարձրանալու, սակայն նա ամենեւին դրա կարիքը չուներ: Առույգ եւ եռանդուն մարդ էր:
– Էտ հուվը՞ս, հուր տղա՛յըս, վեր ճնանչում չըմ,- հետաքրքրասեր հայացքով ինձ զննելով՝ ասաց ծերունին:
– Վհանես դայի, մեծշնացիյա, էն կյրողնա, վեր ասալըմ, եկալա Երեւանա «Ըռավոտ» կզեթին հետի քըզնհետ զրուց անե,- բացատրեց Ռոման:
– Հա՜, պա տհենց ասե լի՜,- ասաց Հովհաննեսն ու արցախյան բարբառից անցավ գրականին,- ես գյուղի երրորդ սերնդից եմ, իսկ առաջին սերունդը պապս էր՝ Մկրտչյան Վարդազարը, որը վերաբնակեցրել է գյուղը: Նրա հայրը՝ Աղասին, Ղարադաղից տեղափոխվել էր Դիզակի Խծաբերդ գյուղը, իսկ որդին՝ Վարդազարը, առեւտրով է զբաղվել, որոշ տարաձայնություններ ունենալով տեղի բնակիչների հետ՝ ընտանիքով տեղափոխվել էր Գանձասարի վանքը, վանքի վարդապետը ցույց է տվել հինավուրց Չափար գյուղի տեղը, որտեղ պետք է հաստատվեն: Երեք տարի հին գյուղի եկեղեցում են բնակվում, մինչեւ տներ են հիմնում: Շուրջը Կարագյոզլու ցեղի թորքեր էին վխտում, որոնց արհեստը գողությունն էր: Գողանում էին հայի կովը կամ եզնը, մի ջվալ ցորենի դիմաց ետ էին վերադարձնում: Հայրս գնում էր տարբեր բնակավայրեր, հորդորում, որ Չափար բնակվելու գան: Առաջինը Տաթեւից եկան Հայրապետյանները, Մարտիրոսյանները, Բաբայաններն ու Կարապետյանները, Բերդաձորից եկան Քափունք, էսա՝ Ռոման, իր քույրը՝ Հենզելը, Քափունց անայըն, Միրզախանանք, Պիտականք, Խութանք, վերջին եկողները Հարարից էին՝ Սաղին, Սարգիսը, Ասրին, Բալին…
– Վհանես դայի,- ասացի ես,- լավ հիշողություն ունես, գյուղից դեպքեր պատմիր:
– 1905 թվին դաշնակցական Համազասպը՝ Դրոյի ախպերը, մեր գյուղ էր եկել խմբապետ Ասծատուրի խմբով: Այդ ժամանակ երկու թորք էին եկել Յանշաղից ու Վարդազարի տանն էին մնում: Համազասպը Վարդազարից պահանջեց, որ թորքերին իրեն հանձնի: Վարդազարը չի համաձայնում, ասելով, որ այդ դեպքում թորքերը հետագայում կհարձակվեն ու կկոտորեն գյուղի բնակիչներին: Հետո Համազասպը գնահատեց Վարդազարի այդ քայլն ու իր թզբեհը, որ մենք տրիղթորմա («տերողորմյա») ենք ասում, որպես հիշատակ նվիրեց պապիս: Հակառակաբերդի մոտ թորքերը Բլբասանց տոհմից մի մարդ էին սպանել: Համազասպի ավագ որդին՝ Մկրտիչը, բողոք է գրում ույեզդնի նաչալնիկին, որ թորքերը սպանել են հային ու նախիրը տարել: Ույեզդից գալիս են, ստուգում, հաստատում, որ իրոք սպանել են հային, բայց քանի որ նախիրը չեն տարել, Մկրտիչին հինգ ռուբլի տուգանք են գրում, այդպես փակում սպանության գործը: Քանի որ թորքերն ուզում էին հարձակվել գյուղի վրա, Համազասպը գյուղացիներին ժամանակավորապես տեղափոխում է Հաթերք գյուղը: Հաջորդ տարի վերադարձանք Չափար: 1917 թ. գյուղում օրենքը պահպանելու համար հինգ հոգանոց կոմիտե են ընտրում, որի նախագահը գյուղի հիմնադիր Համազասպի ավագ որդին՝ Մկրտիչ Մկրտչյանն էր: Քուրդ Սուլթանովը, որին Ղարաբաղի նահանգապետ էին նշանակել, իր զորքի համար հայկական գյուղերից հարկ էր հավաքում: Նրան զեկուցում են, որ Չափար գյուղից ոչինչ չստացան, քանի որ այդ գյուղից Բեյլարը չտվեց: Սուլթանովը հրամայում է սպանել անհնազանդին: Թարթառի ձորում Բեյլարի ահից ոչ մի թորք ավազակ չէր կարող շարժ անել: Բեյլարին խաբում են, տանում, սպանում: Բեյլարը գող էր: Մի անգամ նա գողանում է հյուսն Խութանց Սաքոյի եզնը, թաքցնում, ապա դիմում Սաքոյին. «Ինձ համար մի պատուհան սարքիր՝ եզնըդ գողերից ետ կբերեմ»: Երբ Բեյլարը 1919 թ. օգոստոսին գետի այն կողմում դարանակալ թորքի գնդակից վիրավորվում է, ընկերոջը խնդրում է. «Ավետիս, ինձ տար, չթողես, որ գլուխս կտրեն տանեն»:
Հյուսն Սաքոն լաց էր լինում՝ «Բա որ եզնըս տանեն, հուվա՞ ետ պիրիլական»: Մեր գյուղացի Դավուն բացատրում է, որ եզնը այլեւս ոչ ոք չի տանելու, որ ետ բերեն:
– Վհանես դայի, խորհրդային տարիներից պատմիր:
– 1920 թ. գյուղ եկավ հեծելազորային կապիտան Մաթեւոսը: Հենց շրջապատի թորքերը, որ նեղում էին չփրեցոց, լսեցին, որ գյուղում դաշնակցական կա, իսկույն տեղահան եղան, փախան: Նրանք սարսափում էին դաշնակցականներից: Մայիսին կարմիր բանակը եկավ, քաջ Մաթեւոսին տարան Գյանջա: Բեկերի հողերը բաժանեցին գյուղացիներին, գյուղացիք հարստացան, ունեցվածքի տեր դարձան, բայց 1930- ին սկսած կոլեկտիվացումը ջարդեց գյուղացու մեջքը: Գյուղը 1937 թվականին սովից փրկեց Ռուբեն Սարգսյանը, որին գյուղացիք նախագահ ընտրեցին: Նա այնպես կազմակերպեց տնտեսությունը, որ բոլորը անձնվիրաբար սկսեցին աշխատել: Էս սարերի վրա թառած գյուղը դարձավ շրջանի ամենահարուստ տնտեսությունը: 1940 թ. Ռուբենը մասնակցեց Մոսկվայում համամիութենական հավաքին ու ցուցահանդեսին, Ստալինից մի «գրամոտա» ստացավ: Ռոմա, պահումը՞ք էդ թոխտը: Դե լավա: Հա, 1941- ի պատերազմը նորից ջարդեց մեր մեջքը: Նախագահին ֆրոնտ տարան: Իր սպիտակ ձիով գնաց: Ռուբեն Սարգսյանը մի այնպիսի կենսագրություն ունի, որ նրա մասին կարելի է վեպ գրել:
Ասես թե 96-ամյա Հովհաննեսը բացել էր իր հիշողությունների հսկա պահեստը, որի ծալքերից գետի պես դուրս էին հորդում անցյալի պատմությունները: Անշուշտ, դրանք տեղավորել հոդվածաշարում՝ անհնար էր: Ռոմայի հրավերով Կիմայենց տուն եկան գյուղի մյուս մեծահասակները՝ Հրաչիկ Սարգսյանը, Մեսրոպ Սարգսյանը, Սոնյա Սարգսյանը, Մնացական Մարտիրոսյանը, Սեդրակ Սարգսյանը, Օֆելյա Հայրապետյանը: Գյուղում տեղի ունեցած իրադարձությունները այդ երեկո ասես վերակենդանանում էին, շրջում լեռնահովիտով, քսվում գյուղի տներին, վերհիշում գյուղի շրջակայքի հին տեղանունները, ուրախ, զավեշտալի եւ դժբախտ դեպքերը, ապա անցնում հարեւան Հաթերք, Վաղուհաս, Զարդախաչ, Ականաբերդ, Գետավան, Դրմբոն, Չարեքտար եւ Աղդաբան գյուղերին, իջնում գետը, ասես զրուցում շատախոս Թարթառի հետ, կրկին հավաքվում, ամբողջանում, լցվում իմ գրառումների տետրը:
Ինձ թվաց, թե ողջ զրուցասեր Չափարը տետրիս մեջ է կուտակվել, երբ առավոտյան Ռոման ինձ մատուցեց «Չափար (Հակառակաբերդ)» գիրքը: Այս ուսումնասիրությամբ հսկայածավալ ու շատ կարեւոր աշխատանք է կատարել Չափար գուղի զավակ, գիտությունների թեկնածու Սիլվա Մանասյանը:
Իր ծննդավայրի հավերժ սիրահար Ռոման ցույց տվեց տանը կից ապառաժի վրա աճած պեխին, որը կարող էր Արցախաց աշխարհի, նրա ազատատենչ եւ անկոտրում մարդկանց խորհրդանիշը համարվել: Պեխին դժվարությամբ հասակ առնելով, գերծառային ճիգերով արմատները ապառաժից ապառաժ անցնելով, քարաբեկորների արանքում կենսասնունդ չգտնելով, ի վերջո, այնպես ամուր է գրկել ապառաժը, որ ոչ մի փոթորիկ, ոչ մի արհավիրք չի կարող նրան տեղահան անել:
Նման մի ծառ ես հանդիպել էի Սխտորաշենի երկհազարամյա հռչակավոր սոսենու մոտ: Սոսին աղբյուրից ոչ հեռու պարարտ հողի մեջ էր աճել, կայծակի հարվածից վերակենդանացել է, նոր շիվեր տվել, հզորացել, իսկ ապառաժին կառչած պեխին արմատներով անընդհատ հող է փնտրել, ու իր աճի հետ հինգ տոննանոց մի ապառաժ պոկել, վեր բարձրացրել: Մարդիկ հիանում են սոսիով, նրա մասին լեգենդներ հյուսում, պաշտամունքի առարկա դարձնում, իսկ պեխին, որը հենց մարմնավորում է հայոց այս երկրամասի մարդկանց հավաքական բնավորությունն ու կամային հատկանիշները, ոչ մի ուշադրության չեն արժանացնում:
Կիման վերսկսեց երեկոյան ծնունդ առած մի վիճաբանություն՝ գյուղի գերեզմանոցների վերաբերյալ:
– Ես մեր գերեզմանոցները չեմ հավանում: Ինձ համար ուրիշ տեղ պիտի ընտրեք:
Ռոմա Սարգսյանը ապառաժներն ի վեր քայլեց դեպի գերեզմանոցը, որտեղ ամփոփված էր հոր՝ Ռուբենի գերեզմանը: Միացա նրան: Գերեզմանոցից հրաշալի տեսարան էր բացվում դեպի Չափար գյուղը: Ռոման կանգնեց գերեզմանաքարի դիմաց ու մտովի կապվեց հոր հետ: Ես հեռացա, որ չխանգարեմ ծնողի հետ ներքին զրույցին: Ինքս մտաբերեցի գյուղացիների պատմածները՝ կապված Քափունց Ռուբենի հետ:
1920թ. մարտի 23-ի վաղ առավոտյան Շուշիի պետական դպրոցի 2- րդ դասարանի աշակերտ՝ 9- ամյա Ռուբենը հրացանների կրակոցներ է լսում: Սկսվել էին հայ- թաթարական ընդհարումները: Ընտանիքով իջնում են նկուղային հարկ, որտեղ հավաքվել էին նաեւ հարեւանները: Տեղեկանալով, որ թուրքական զորքերը, միացած տեղի թաթարների հետ, կոտորում են հայերին, թալանում ու հրկիզում տները, որոշում են փախչել եւ հեռանալ Շուշիից: Փողոցները լցված էին դիակներով: Թուրքերը փողոցները փակել էին, ջոկում էին աղջիկներին, երիտասարդ կանանց ու տղամարդկանց, մնացածներին բաց թողնում: Ռուբենը թաքնվում է Հունոտի կիրճում ու տեսնում, թե ինչպես Ջդրդուզում թուրքերը բռնաբարում են աղջիկներին ու կանանց, ու հպարտ հայուհիները, չտանելով թուրքի այս վայրագությունը, ապառաժից ցած էին նետվում: Մինչեւ կյանքի վերջը հայ կանանց ճիչերը հնչում էին Ռուբենի ականջներում: Մարտունու շրջանի մի գյուղում Ռուբենը պատահականորեն հանդիպում է հորը՝ Եղիշե Բարսեղյանին: Նրանք հաստատվում են Չափար գյուղում: Հոր մահից հետո պատանի Ռուբենը մի քանի տարի բատրակություն է անում հարեւան գյուղերում, ապա վերադառնում Չափար, գիշերային դպրոց հաճախում: 1932 թ. երիտասարդ կոմերիտականին ուղարկում են Ստեփանակերտ՝ բրիգադավարական կուրսերի: Վերադառնալով՝ նշանակվում է դաշտավարական բրիգադի բրիգադավար: Հաջորդ տարի երիտասարդ կոմունիստը արդեն Չափարի գյուղխորհրդի նախագահն էր, 1937-1941 թթ.՝ կոլտնտեսության նախագահը: Կոլտնտեսության միջոցներով կառուցում է գյուղի երկհարկանի ակումբը, ապա կոլտնտեսության գրասենյակն ու պահեստը, քարերով սալարկում աղբյուր տանող ճանապարհը: 1941-ի հունիսի 26- ին մեկնում է ռազմաճակատ, Կերչում ընկնում շրջապատման մեջ, շուրջ 800 հազար զինվորների հետ գերի ընկնում: Լեհաստանի գերմանական համակենտրոնացման ճամբարներից հետո տեղափոխում են Հունաստան, որտեղ փախչում է ճամբարից, հունական պարտիզանների շարքերում կռվում ֆաշիզմի դեմ: 1946 թվականին վերադառնում է Չափար գյուղը: Գյուղի երեք կանայք՝ Բալախանումը, Ռուբենի կինը՝ Մարալը եւ Սաթենիկը պատերազմի տարիներին շարունակելով Ռուբենի ստեղծած ավանդույթները, տնտեսությունը պահպանում են առաջավորների շարքում: Մարալի բրիգադը անտառից յուրացնում է նոր հողատարածքներ: Պատերազմի ավարտից հետո գյուղացիները ցնծությամբ են ընդունում Ռուբենին, ամենուր հայտնելով, որ իրենց նախագահն է վերադարձել: Որոշ մարդկանց դա դուր չի գալիս, մատնում են, եւ իշխանությունները, Ռուբենին 25 տարի տալով, նախ ուղարկում են Շուշիի բանտը, ապա աքսորում Կարագանդայի մարզի Կույնդա ճամբարը: Աքսորավայրում նա հանդիպում է շատ ու շատ հայրենակիցների, այդ թվում՝ բանաստեղծ Բոգդան Ջանյանին: 1955 թ. Ռուբեն Սարգսյանը արդարացվում է եւ տուն վերադառնում:
 Հեւասպառ գերեզմանոցում հայտնվեց Կիմայի թոռը՝ Ջոնիկը, հայտնելով, որ Արայիկն ու Հովիկը տանը մեզ են սպասում:
– Գյուղի ջոկատների հրամանատարներն են եկել,- ասաց Ռոման,- կզրուցես հետները, ապա կմեկնենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել