Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրեմն փող են ուզում»

Նոյեմբեր 06,2010 00:00

Այդպես է մտածում ԱՄՆ քաղաքացին, որին ոչ մի կերպ չի հաջողվում փաստաթղթեր հանձնել՝
քաղաքացիություն ստանալու համար:

«Ոնց որ մարդիկ հաճույք են զգում հաճախորդներին ձեռ առնել եւ ուղարկել կաբինետից կաբինետ»,- այս կարծիքն ունի անձնագրերի եւ վիզաների վարչության մասին ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ հայ Լեւոն Յաղուբյանը, ով 4 ամիս ցանկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ, սակայն չի կարողանում: Վարչությունում սկզբնական շրջանում նրանից պահանջել են բժշկական տեղեկանք եւ լիազորագիր՝ դատվածության մասին: Երկար քաշքշուկներից եւ մոտ 31.000 դրամ ծախսելուց հետո՝ նա այդ փաստաթղթերը ներկայացնում է: Հետո նրանից պահանջում են փաստաթուղթ, որտեղ գրված կլինի նրա ազգությունը:
«Բերեցի ամուսնության վկայականի քաղվածքը, վճարեցի 3000 դրամ, տարա ՕՎԻՐ՝ չընդունեցին, պատճառաբանելով, թե պետք է ծննդյան վկայականը բերես: Գնացի Բեյրութի դեսպանատուն՝ չտվեցին, գնացի Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող արխիվ՝ չտվեցին, Փափազյան փողոցում գտնվող արխիվը նայեցի՝ չկար, վերջապես Երրորդ մասի արխիվից գտա ծննդականս»,- պատմում է Լեւոն Յաղուբյանը:
Ծննդյան վկայականը ընդունվեց, չնայած որ այստեղ՝ ի տարբերություն ամուսնության վկայականի, չկար պրն Յաղուբյանի ազգության մասին ոչ մի խոսք: «Երբ այդ տեղեկանքն էլ բերեցի, էլ պատճառ չկար փաստաթղթերը չընդունելու, գտան մի պատճառ, որ ամերիկյան անձնագրի մեջ ազգանունս գրված է «գ» տառով, հայկական արխիվի փաստաթղթերի մեջ գրած է «ղ» տառով: Ես նրանց չկարողացա համոզել, որ ամերիկացիները «ղ» տառ չունեն»,- շարունակում է պրն Յաղուբյանը: Ապա նրան ուղարկում են Լեզվի պետական տեսչությունից փաստաթուղթ բերելու, որ այդ ազգանունները նույնն են: Լեզվի պետական տեսչությունում նրան ասում են, որ իրենք իրավասու չեն նման փաստաթուղթ տրամադրել:
«Անհասկանալի է նման մոտեցումը անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից: Մասնավորապես այն դեպքում, երբ չկա որեւէ օրենսդրական դրույթ, որը արգելում է նրանց ընդունել նման քաղաքացու դիմումը»,- ասում է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի երեւանյան մասնաճյուղի իրավաբան Մարիաննա Եղիազարյանը:
«Ում էլ ասում եմ, ասում են՝ ուրեմն ՕՎԻՐ-ը փող ա ուզում, փող տուր՝ կանեն: «Գ»-ն էլ «ղ» կսարքեն, «ղ»-ն էլ՝ «փ»: Հո մենակ ես չեմ, բոլորն էլ գիտեն ինչ ա կատարվում, ինչ քաշքշուկների մեջ են ընկնելու եւ դրա համար էլ Հայաստան չեն վերադառնում: Մի պահ ես էլ հիասթափվեցի, ուզում էի հետ գնալ, բայց ոչ՝ ես պայքարելու եմ եւ քաղաքացիություն ձեռք կբերեմ»,- ասում է պրն Յաղուբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել