Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԱՅՆ ՀԻՄԱՐՆԵՐԻՑ ԷԻ, ՈՐ ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐ»

Նոյեմբեր 06,2010 00:00

\"\"Անահիտ Գեւորգյանը եղել է անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի քարտուղար, ԱԻՄ կուսակցության համակիրներից: 20 տարի հետո պատգամավորը բացառիկ հարցազրույց տվեց «Առավոտին»:

– Պատգամավորի Ձեր լիազորություններն ավարտվելուց հետո մենք ոչինչ չգիտենք Ձեր մասին: Ինչո՞վ եք զբաղվել այս տարիների ընթացքում:
– Մեր լիազորությունների դադարեցումը համընկավ Սահմանադրության փոփոխությունների հետ: Սահմանադրության քվեարկության հետ կապված ես առաջարկեցի 20 փոփոխություն, որպեսզի քվեարկեմ Սահմանադրությունն անցկացնելու օգտին: Ինձ այն ժամանակվա քաղաքական վերնախավն ասաց, որ եթե ելույթ ունենաս, դու ցուցակից դուրս կմնաս:
Նրանք մտադիր չէին որեւէ փոփոխություն անելու: Իրավաբան Մարատ Ալեքսանյանը, որը մարդու իրավունքների մեր հանձնաժողովի անդամ էր եւ պատգամավոր, ու տարիներ շարունակ որեւէ ելույթ չէր ունեցել, հանկարծ ելույթ ունեցավ իմ առաջարկությունների դեմ: Հետո 1996-ին նշանակվեց արդարադատության նախարար: Ես հասկացա, որ նրանք դիտավորյալ արեցին: Ինձ արդեն ասել էին, որ Անահիտը պիտի սոված մնա, որ հասկանա, թե ինչ կորցրեց: Ես այն հիմար մարդկանցից եմ, որ գաղափարի համար գնում են անձնազոհության: Ես ինձ համարում եմ խոսքի արժեքը գիտցող: Հուլիսին մեր լիազորությունները դադարեցվել էին, եւ ես գնացի Հրազդան, որտեղից ընտրվել էի պատգամավոր: Ուշացումով՝ հոկտեմբերին ինձ վերականգնեցին աշխատանքի, որպես թիվ 5 դպրոցի տնօրեն:
Չէին ուզում վերականգնել: Ժողկրթբաժվարի միջոցով սկսվեցին «հետապնդումներ». գրել էին, մի 260 հոգի էլ ստորագրել էին, թե իբր ես հավատացյալ եմ: Ես հավատացյալ էի, որովհետեւ, երբ մարդու իրավունքների հանձնաժողովի քարտուղարն էի, պարտավոր էի կրոնի պատմությունն իմանալ: Հետեւաբար, այցելել էի աղանդների հավաքատեղիները, ավարտել Էջմիածնի երկամյա դասընթացները: Ես այն եզակի ուսուցիչներից եմ, որ ունեմ կրոնի պատմություն դասավանդելու՝ Էջմիածնի կողմից տրված վկայականը:
– Տիկին Գեւորգյան, դա Ձե՞ր դեմ էր ուղղված, թե՞ ԱԻՄ կուսակցության, որը ներկայացնում էիք:
– Իմ դեմ էին հետապնդումները, քանի որ ԱԻՄ-ն այդ շրջանում իր հովանու տակ ինձ չի վերցրել եւ ոչ էլ ես դրանից կառչել եմ: Ես գաղափարներ էի պաշտպանում, այն գաղափարները, որոնք օգտակար կարող էին լինել ժողովրդին: Անկախ նրանից, թե ով էր դրա հեղինակը:
– Հրազդանի դպրոցում որքա՞ն դիմացաք:
– Մեկ տարի հետո ինձ առաջարկեցին Կոտայքի մարզի կրթության տեսչության պետի պաշտոնը: Մանր չինովնիկներն ինձ համար չեն եւ առաջարկն իմ սրտով էր: Ես պարտաճանաչ անձ եմ: Սակայն հաստիքը 1 տարի հետո կրճատվեց եւ ես մնացի օդի մեջ: Որպեսզի ժողովուրդը չասի, էդ Գեւորգյանը աշխատանք էլ չունի, մյուս պատգամավորները առանձնատներ ունեն, մեքենա, Գեւորգյանն էս ինչ պետություն բերեց մեր գլխին, որպեսզի պետությունից դժգոհություն չլիներ, ինձ համար գործ ստեղծեցի. թերթ էի տպում «Բրուտի սայլ» անվանումով ու ինձ ճանաչող մարդկանց շրջանում տարածում:
– Ինչպե՞ս էիք տպում, երբ գումար չունեիք:
– Թերթը 98 օրինակ էր: Թերթը ստեղծագործողներին միավորող լրագիր էր, Հրազդանի շրջանի մտավորականների խոսափողը: Այն հնարավորություն տվեց, որպեսզի մարդկանց ոգին բարձրանա:
– Չառաջարկեցի՞ն տպաքանակը մեծացնել…
– Ոչ, դա էլ էր շատերին խանգարում: Ամուսինս, որը 20 տարի անկողնային հիվանդ էր, մահացավ: Դժվարություններն այդ ժամանակից սկսվեցին: Թոռնիկս էլ մահացավ: Ինձ այդ ժամանակ հանդիպեց ԳԽ պատգամավոր, այսօր Արցախի արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը: Նա առաջարկեց մեկնել Արցախ: Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի վերաբնակիչ էի, աշխատեցի տեղի 8-ամյա դպրոցում՝ տնօրեն: Աղջիկս՝ 3 եւ 5 տարեկան երեխաներով, եկավ ինձ մոտ: Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուն պահանջում էր կրճատել ուսուցիչներին, ես էլ չէի կարող մարդկանց ճակատագրի հետ խաղալ… Ազատեցին ինձ եւ նրա ազգականին նշանակեցին տնօրեն: Ու երբ ասացի՝ ինչո՞ւ եք ազատել, ասում է՝ օրենքով ենք ազատել, 6-րդ կետով՝ անպարտաճանաչության, «վստահության բացակայության»: Ո՞ր անպարտաճանաչության՝ հարցնում եմ: Պարզվում է, որ 3 աշակերտների վկայականները ուշ եմ ստացել: Ես չէի կարող հուսահատվել, քանի որ գյուղացիներն ինձ հետ հույսեր էին կապել: Բացի այդ, ինձ աշխատանք առաջարկողների հեղինակության հետ չէի կարող խաղալ:
– Նկատողություն Ձեզ տվե՞լ էին:
– Ոչ: ԼՂՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 6-րդ կետով՝ աշխատանքային պայմանագիրը լուծարվում է, եթե վերջին մեկ տարվա ընթացքում աշխատողը առնվազն երկու անգամ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Ես պաշտոնի ձգտում չեմ ունեցել, բայց երբ ապօրինի են դիպչում, ես դիմադրում եմ: Եվ մտադիր եմ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
– Բայց Դուք դիմել եք ԼՂՀ ընդհանուր իրավասության վարչական դատարան:
– Այո, դիմեցի: Դատարանն ամբողջությամբ մերժեց իմ հայցապահանջը:
Սակայն այդ ժամանակ վիրահատության ենթարկվեց մյուս թոռնիկս:
Երեխային բերեցին Երեւան՝ ուռուցք ուներ: 1,5 տարի երեխան մնաց հիվանդանոցներում: Ես ստանում էի 130 000 դրամ, 100 000-ն ուղարկել եմ երեխային, 30 000 դրամն էլ 4 տարեկան թոռնիկիս, աղջկաս հետ դատարաններ էի գնում, եւ ինչ էի ուտում: Քանի որ մեզ սարի լանջ էին տվել, ես քարերը հող դարձնելով եմ զբաղվել, ծառեր եմ տնկել, ուտելու բան չկար: Կներեք, որ ասում եմ, ցորենի թեփ ենք կերել: Դա ալյուրի փոխարեն խառնել եմ ջրին, կերել…
– Ձեր պատգամավոր նախկին ընկերներին չե՞ք դիմել:
– Ամաչել եմ: Միայն խնդրել եմ, որ աշխատանքի հարցը լուծել: Հասկացա, որ ԼՂՀ-ն Հրազդանից փոքր երկիր էր, որտեղ բոլորն իրար ճանաչում են, մեկը մյուսին մոտիկ է եւ չի ասի, թե աչքի վերեւը հոնք կա…
– Ի դեպ, ԼՂՀ Գերագույն դատարանն էլ այս տարվա մայիսին Ձեր վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում է ընդունել: Ի՞նչ պիտի անեք:
– Իմ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ է վերադարձվել: Ստացվել է այնպես, որ իմ կամքից անկախ՝ չեմ կարողացել վերականգնել իմ իրավունքները: Դժբախտ պատահարի հետեւանքով ուղեղի ցնցում էի ստացել, գլխիս վերք էի ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել