Լրահոս
Օրվա լրահոսը

Հանքերը թալանել են

Նոյեմբեր 06,2010 00:00

Առանց մի լումա բյուջե վճարելու

Երեկ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ներկայացնելով «Գեոպրոմայնինգ գոլդ ՍՊԸ»-ին պատկանող Գեղարքունիքի մարզի Սոթքի եւ Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքավայրերի շահագործման օրինականության հարցը, բազմաթիվ աղմկահարույց փաստեր հայտնեց: ՎՊ-ն իր եզրակացությունն արդեն ներկայացրել է ՀՀ կառավարությանը եւ առաջարկել քննարկել ընկերության հանքային իրավունքները դադարեցնելու հարցը: Ըստ ՎՊ ուսումնասիրությունների, պարզվել է, որ 2004 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2008 թ. փետրվարի 29-ը Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերի շահագործումը եւ հանքարդյունահանումը կատարվել է ապօրինաբար՝ առանց ուժի մեջ մտած լիցենզիաների: «Գեոպրոմայնինգ գոլդը» օրինական հանքահանում վերսկսելու համար ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնք այդպես էլ մինչ օրս չեն իրականացվել, չի ներկայացվել բնապահպանական միջոցառումների ժամանակացույցը, եւ չեն եղել դրանց առնչվող նախահաշիվները եւ այլն: Ընկերությունը պարտավորվել է նաեւ Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայրից տարեկան նվազագույնը արդյունահանել 600 հազար տոննա հանքաքար, ինչը եւս չի կատարվել: 600 հազար տոննայի փոխարեն 2007-ին արդյունահանվել է 16655 տոննա, 2008-ին՝ 29236, 2009-ին՝ շուրջ 320 հազար տոննա: Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքավայրից էլ պետք է արտահանվեր 120000 տոննա հանքաքար, մինչդեռ 2007-ին ընդամենը 1600 տոննա է արտահանվել, իսկ 2008-ին եւ 2009-ին արտահանում չի եղել: «Գեոպրոմայնինգ գոլդի»՝ ՊԵԿ-ին ներկայացրած հաշվետվությունների համաձայն, ընկերությունն աշխատել է խոշոր վնասներով: Ի. Զաքարյանը, սակայն, ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի տրամադրած՝ «վնասով աշխատելու» թվերը, քանի որ միջազգային շուկայում այդ տարիների ընթացքում ոսկու գներն անընդհատ աճ են արձանագրել. «Այս պարագայում խոսել մեր գիգանտ կառույցներից մեկի՝ 16-17 մլրդ դրամներով վնասով աշխատելու, այսինքն՝ պետական բյուջե ոչ մի հարկ չտալու մասին, մնացած դատողությունները թողնում եմ ձեզ»:
Պարոն Զաքարյանը նշեց, որ ընդերքն օգտակար հանածոների օգտագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար ընկերությունը պարտավոր է եղել տրամադրված տարածքի համար պետական բյուջե վճարել Սոթքի հանքավայրի համար տարեկան 3 մլն 830 հազար դրամ, իսկ Մեղրաձորի համար՝ 2 մլն 210 հազար դրամի չափով կոնցեսիոն վճար, որը մինչեւ ստուգման ավարտը դեռեւս չի վճարվել, եւ շուրջ 25 մլն դրամ պետք է մտնի պետական բյուջե: ՎՊ նախագահը հայտնեց, որ թեեւ ֆինանսատնտեսական ստուգում կատարելը ՎՊ-ի իրավասություններից դուրս է, բայց մի կարեւոր փաստ էլ արձանագրեց: Ընկերությունը ՎՏԲ բանկից վերցրել է 250 մլն դոլար վարկ եւ գոնե մեկ լումա չի վճարել եւ ոչինչ չի արել այդ հանքավայրերի շահագործումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Իսկ թե ինչու նման խնդրի առնչությամբ ՎՊ-ն չի դիմել նաեւ դատախազությանը՝ Ի. Զաքարյանը պատասխանեց, որ ուսումնասիրությունները շարունակվում, են ու չբացառեց, որ կարող է նաեւ դատախազություն ուղարկել: Իսկ հարցին, թե ովքե՞ր են հանքի շահագործման իրական տերերը, ՎՊ նախագահի պատասխանն այսպիսին էր. «Խնդրում եմ՝ Վերահսկիչ պալատի նախագահին սուբյեկտիվ դաշտ մի՛ տարեք: Իհարկե, միամիտ կլինի, որ կարծեք, թե անուններ չգիտենք… եթե սկսեմ խոսել անուններով, վաղը մյուս օրը իմ ցանկացած հանդիպումը ձեզ հետ կգնա սուբյեկտիվ դաշտ»: Նշենք, որ երեկ ՎՊ նախագահը լրագրողներին ներկայացրեց նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թվականի գործունեության տարեկան ծրագիրը:
Ավելի ուշ «Գեոպրոմայնինգը» հայտարարություն տարածեց, որում հայտարարում էր, որ Վերահսկիչ պալատը սխալ եզրակացություններ է արել եւ խախտել է ՀՀ Սահմանադրությունը: Հայտարարությամբ, որով այս ընկերությունը հերքում էր ՎՊ-ի բացահայտումները, մասնավորապես, ասվում էր, որ ՎՊ-ի ստուգումների արդյունքում կազմված հաշվետվության մեջ «շատ դրույթներ սխալներ եւ ոչ ճիշտ եզրակացություններ են պարունակում»: Ապա գրված է. «Սահմանված ժամկետում «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր պարզաբանումները, բայց դրանք ամբողջությամբ արհամարհվել են, ինչը ՀՀ Սահմանադրության եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի» խախտում է: Ստուգումներն իրականացվել են ոչ կոմպետենտ մասնագետների կողմից, եւ նրանց ենթադրությունները բացահայտ կեղծ բնույթ են կրում: ՎՊ հաշվետվությունը, որի եզրակացությունների հետ ընկերությունը կտրականապես համաձայն չէ, վնաս է հասցնում ընկերության վարկին եւ միջազգային հեղինակությանը, ինչի կապակցությամբ ԳՊՄ ԳՈԼԴ ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ մտադիր է դիմել դատական ատյաններին՝ ՎՊ ապօրինի գործողությունների դեմ հայցով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել