Ռոմանից թմրանյութ չի գնել, նրա դեմ ցուցմունքներն էլ ջերմության մե՞ջ է եղել, երբ գրել է
Մեր երկրում մարդկանց «գլխին գործ սարքելու» ու նրանցից ծեծով-ջարդով ցուցմունք կորզելու ավանդույթը ոստիկանությունը սերնդեսերունդ փոխանցում է: Եվ եթե որոշ դեպքերում ոստիկանությունն այդ մեթոդներով առաջնորդվելիս որոշակի հաջողությունների է հասնում ու հանցագործություններ բացահայտում, ապա մի շարք դեպքերում էլ պետությանն ուղղակի վնասներ է հասցնում: Էլ չենք խոսում հասարակ քաղաքացիների նյութական ու բարոյական վնասների մասին: Շատ հաճախ այդ «սարքած գործերը» բացելու համար այլ իրավական մարմիններից ավելորդ ժամանակ, ֆինանսական ծախսեր ու մարդկային ռեսուրսներ են պահանջվում: ՀՀ քաղաքացի Ռոման Սարգսյանի գործը, որն արդեն մի քանի ամիս գտնվում է դատական գործընթացում, պետությանը վնաս հասցնելու դասական օրինակ է: Արդեն մեկ տարի Ռոմանը փակի տակ է: Նա մեղադրվում է թմրանյութ պահելու եւ տարածելու մեջ: Ռոմանի գործի հիմքում ո՛չ իրեղեն ապացույց կա, ո՛չ էլ վկաներ, որոնք կապացուցեն, որ Ռոմանն իսկապես մեղավոր է: Նախաքննական մարմինը Ռոմանին ձերբակալել է 2 անձի՝ Տիգրան Ղարիբյանի ու Սմբատ Կարա-Պողոսյանի ցուցմունքների հիման վրա, որոնք նույնպես այս պահին մեղադրվում են թմրանյութեր օգտագործելու եւ տարածելու մեջ: Նրանք իրենց նախաքննական ցուցմունքներում նշել են, որ տասնյակ անգամ թմրանյութ են ձեռք բերել Ռոմանից, նույնիսկ հանգամանալից նշել են ձեռք բերման վայրն ու ժամերը: Սակայն երեկ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած Ռոմանի հերթական դատավարության ժամանակ, այդ 2 մեղադրյալներներից մեկը՝ Տիգրանը, սենսացիոն հայտարարություն արեց. նա պարզապես հայտարարեց, որ ինքը Ռոմանից երբեւէ թմրանյութ չի գնել ու այդ թեմայով ընդհանրապես Ռոմանի հետ չի խոսել: Տիգրանը, հավանաբար վախենալով իրավապահներից ու խուսափելով հետագա խնդիրներից, ասաց, որ ցուցմունքները գրելիս 6-րդ վարչությունում իր նկատմամբ բռնություն չի կիրառվել, այլ պարզապես Ռոմանի դեմ ցուցմունք տալու ժամանակ շատ բարձր ջերմություն է ունեցել եւ չի հիշում, թե ինչ է գրել: Նա հրաժարվեց դատարանում նորից ցուցմունք տալ:
Նշենք, որ հենց առաջին օրվանից էլ Ռոմանն ու նրա հարազատները համաձայն չեն եղել նրան առաջադրված մեղադրանքի հետ եւ համոզված են եղել, որ Ռոմանը ոչ մի առնչություն չի ունեցել թմրանյութերի հետ, այդ ամենը պարզապես ոստիկանության կողմից «սարքած գործ է», որն անմիջականորեն կապված է Ռոմանի եղբոր՝ ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյա Սամվել Սարգսյանի գործունեության հետ:
Անհարմար վիճակից դուրս գալու համար մեղադրող դատախազ Մարատ Հակոբյանը դատարանում ծայրից ծայր ընթերցեց Տիգրան Ղարիբյանի նախաքննական ցուցմունքը՝ հավանաբար Տիգրանին հիշեցնելու նախորդ գրածները եւ սթափեցնելու, սակայն գործը վարող դատավոր Գագիկ Ավետիսյանի հարցերին էլ Տիգրանը պնդեց, որ Ռոմանից ոչ թմրանյութ է գնել, ոչ էլ այդ թեմայով նրա հետ խոսել: Երեկ նախքան Տիգրան Ղարիբյանի ու Սմբատ Կարա-Պողոսյանի հարցաքննությունը՝ դատավոր Գ. Ավետիսյանը Ռոմանին հնարավորություն տվեց խոսելու: Ռոմանը կրկին պնդեց, որ Տիգրանին եւ Սմբատին ճանաչել է, սակայն նրանց հետ երբեւէ թմրանյութի թեմայով չի խոսել, առավել եւս՝ վաճառել կամ տվել. «Նրանց ձերբակալվելուց հետո եմ իմացել, որ Տիգրանն ու Սմբատը կապ ունեն թմրանյութերի հետ: Ես նրանց հետ ծանոթացել եմ 2009-ի նոյեմբերին, երբ տաքսի էի վարում, հեռախոսահամարներով փոխանակվել ենք, որպեսզի եթե կրկին ուզեն՝ ես նրանց տեղափոխեմ: Ինձ առաջադրված բոլոր մեղադրանքները սուտ են: Ես մինչեւ հիմա այդպես էլ չեմ հասկանում՝ ինչո՞ւմ են ինձ մեղադրում: Իմ մեղադրական եզրակացության մեջ հակասական բաներ են գրված:
Մի անգամ Տիգրանը նշում է՝ իբր 45 հազարով եմ իրեն վաճառել, մի դեպքում գրել են՝ 39 հազարով, մի տեղ էլ՝ 25 հազարով: Նրանք այստեղ նստած են, թող վեր կենան ու ասեն, որ ես նրանց ինչ-որ բան եմ վաճառել, եթե նրանք, իհարկե, այդ ցուցմունքները չեն գրել 6-րդ վարչության աշխատակիցների ճնշումների ներքո: Հո գրելո՞վ չի, ով ում դեմ ինչ ուզի՝ կգրի ու նրան կբանտարկե՞ն, հիմի ես կարո՞ղ եմ ինչ-որ մեկի դեմ գրել, ու նրան առանց ստուգելու կդատե՞ն: Գրել են՝ իբր ես հերթի տակ թմրանյութ եմ վաճառել, փաստորեն ստացվում է, որ ամբողջ Երեւանն ինձանից է թմրանյութ գնել: Էդ դեպքում ինչո՞ւ 6-րդ վարչությունն ինձ գործի վրա չբռնեց»:
Ռոմանի պաշտպան Ռուբեն Բալաբանյանն իր պաշտպանյալից հետաքրքրվեց, թե քանի՞ անգամ է մեքենայով տեղափոխել Տիգրանին ու Սմբատ Կարա-Պողոսյանին: Ռոմանն ասաց, որ չի հաշվել, իսկ պաշտպանի մեկ այլ հարցին էլ, թե թմրանյութերի մասին որեւէ խոսակցություն եղե՞լ է, Ռոմանն ասաց, որ՝ ոչ: Ըստ Ռոմանի. «Երբեմն-երբեմն նրանց տաքսու ծառայություններ եմ մատուցել, եւ երբ պարզվել է, որ Տիգրանի հետ համագյուղացիներ ենք, նրան ասել եմ, որ մեր գյուղի մասին մի գիրք է հրապարակվել, եթե ցանկություն ունի, կտամ՝ կկարդա: Խոսակցությունն ընդամենը այդ թեմաների եւ մեկ էլ տաքսիների շուրջ է եղել»: Ռոմանը դատարանին նաեւ պատմեց, թե ինչպես են 6-րդ վարչության աշխատակիցները իր ձերբակալման օրը, ներկայանալով գազի վարչությունից, ներխուժել իրենց բնակարան, եւ երբ Ռոմանը զարմացել է նրանց գրոհից, իրավապահները խորհուրդ են տվել «ձեւեր չթափել» եւ ցույց տալ թմրանյութերի տեղը: «Ես էլ ասեցի՝ կարող եք ամբողջ տունը ստուգել եւ համոզվել, որ ես ոչ մի նարկոտիկ էլ չունեմ: Խուզարկության ժամանակ ոսկու կիսաջարդված մի կշեռք գտան, որը օգտագործել եմ տարիներ առաջ, երբ ոսկու գործ էի անում: Այդ կշեռքի կշռաքարերի վրա նրանք թմրանյութի հետքեր հայտնաբերեցին՝ չգիտես որտեղից, բայց դա արդեն ամիսներ անց: Երբ մեր տանն էին՝ շունը հոտոտեց այդ կշեռքն էլ, կշռաքարերն էլ՝ ոչ մի ռեակցիա չտվեց: Բայց փորձաքննությունը ցույց տվեց, որ իբր դրանցով ես թմրանյութ եմ կշռել»:
Ռոմանը նաեւ կասկածներ հայտնեց իր մեզի անալիզի վերաբերյալ, որի փորձաքննությունը նույնպես դրական է եղել, մինչդեռ Ռոմանի պահանջով նոր անալիզի արդյունքներով, այս անգամ ոչ թե մեզի, այլ մազի նմուշի տեսքով, ոչինչ չեն հայտնաբերել:
Սմբատ Կարա-Պողոսյանի հարցաքննությունը տեղի չունեցավ, քանի որ դատական նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 15-ը: Նշենք, որ այս գործը վարել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչության ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը: