Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ պիտակավորեք մարդկանց»

Նոյեմբեր 06,2010 00:00

 Զգուշացնում է հոգեբանը

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետների նախաձեռնությամբ, երեկ համալսարանում երիտասարդ հոգեբանների համար գիտաժողով էր կազմակերպվել: 2 տարին մեկ անգամ կազմակերպվող այս գիտաժողովը, որը սովորաբար մասնակիցներ է ունենում նաեւ հանրապետության այլ բուհերից, այս անգամ ոչ ոքի չէր հետաքրքրել: Նախատեսված ժամանակից մեկ ժամ անց էլ դահլիճը դեռ դատարկ էր, իսկ գիտաժողովն էլ սկսելու մտադրություն չկար: ԵՊՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանի խոսքով, կազմակերպիչները նախօրոք չէին համապատասխանեցրել գիտաժողովի ժամերը ուսանողների դասաժամերի հետ: Ըստ նրա, այս գիտաժողովի ընթացքում երիտասարդ հոգեբանները կարեւոր հիմնախնդիրներ են վերհանում. «Հոգեբանի դերը գնալով մեծանում է հասարակության մեջ, նրանց առաջ լուրջ մարտահրավերներ են ծառացել, օրինակ՝ ինչպես լուծում տալ սոցիալական, կառավարման, քաղաքական ու տարբեր այլ հիմնախնդիրների, որոնց հետ բախվում ես ամեն օր: Պատասխաններն ի զորու են տալ հոգեբանները՝ իրենց հետազոտությունների միջոցով»:
ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս Հասմիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպմանը նախատեսել էր երիտասարդ հոգեբաններին ներկայացնել «Ստիգման եւ հոգեկան առողջությունը» թեմայով իր հետազոտությունը: Նա երկար ուսումնասիրել է ու բացահայտել, թե ինչ է ստիգման ու ինչպես է այն ազդում անձի ձեւավորման վրա. «Ստիգման անձի պիտակավորումն է՝ կապված որոշակի հիվանդությունների հետ, օրինակ՝ հոգեկան խախտումների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տարբեր սեռավարակների, հաշմանդամության: Հատկապես հոգեկան հիվանդությունները աշխարհում դեռ դիտվում են որպես ամոթալի մի բան»: Նրա խոսքով, արտասահմանցի հոգեբանների կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայումս աշխարհում մոտ 450 միլիոն հոգեկան հիվանդ կա, իսկ մոտ 1 միլիոն մարդ հասարակության կողմից պիտակավորման պատճառով ինքնասպանություն է գործում:
Դասախոսը նկատեց, որ երբեմն լրատվամիջոցներն են պիտակավորված հերոսներ «արտադրում». «Միֆեր են ստեղծում ֆիլմերի հերոսների միջոցով, որոնք ներկայացվում են, ասենք, որպես հոգեկան հիվանդներ: Ամբողջ խնդիրն այն է, որ հասարակության թաքցրած կամ ակնհայտ դիրքորոշումը հիվանդի նկատմամբ՝ ավելի քայքայող է, քան ինքը՝ բուն հիվանդությունը, ինչո՞ւ է քայքայիչ, որովհետեւ անձը պիտակավորման պատճառով չի դիմում մասնագիտական օգնության, մեր խնդիրն է հետեւել, որ չպիտակավորենք անձանց»: Կլինիկական հոգեբանության մագիստրանտ Արսի Բաբայանը ուսումնասիրել է քաղցկեղով հիվանդների մտերիմների հոգեվիճակը. «Քաղցկեղով հիվանդ մտերիմ ունենալը ազդում է ոչ միայն անձի աշխարհընկալման, այլեւ ողջ արժեքային համակարգի վրա: Այս թեման շատ արդիական է, հիվանդությունը՝ Հայաստանում խիստ տարածված: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որեւէ աշխատանք չի տարվում քաղցկեղով հիվանդների մտերիմների հետ: Իրականում նրանք դրա կարիքն ունեն, որովհետեւ խնամողների հոգեվիճակից է կախված հիվանդի վիճակը»:
Ա. Բաբայանը, ուսումնասիրություններն ամփոփելով, եզրահանգել է, որ անձի արժեքային համակարգը խիստ փոփոխական է. «Եթե առողջ մարդկանց խմբում կարեւորվում են իշխանության, նվաճման արժեքները, հիվանդ մարդկանց խմբում՝ անվտանգությունը, հարմարավետությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել