Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրքը մնաց Նանյանի վրա

Նոյեմբեր 06,2010 00:00

\"\"Ղեւոնդ Ալիշանի «Շիրակ» աշխատության ոդիսականը

Օրերս Շիրակի մարզում սկսել են մի հետաքրքիր պատմություն շրջանառել՝ կապված նախկին մարզպետ Լիդա Նանյանի գրահրատարակչական գործունեության հետ: Ինչպես փոխանցում են «Առավոտի» աղբյուրները, դեռեւս այս տարեսկզբին հանրապետության մարզպետներին «պետպատվեր» էր իջեցվել՝ զբաղվել գրահրատարակչական գործունեությամբ ու մասնավորապես վերահրատարակել հայրենագիտական մեծ արժեք ներկայացնող Ղեւոնդ Ալիշանի գրքերը: Օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրահանգվել էր սեփական ծախսերով տպագրել Ալիշանի «Սիսականը», այնուհետեւ նույն հրահանգը իջեցվել էր Շիրակի մարզպետին: Տիկինը պարտավորվել էր տպագրել նույն հեղինակի «Շիրակ» աշխատությունը, եւ գործի էր անցել, նույնիսկ շնորհանդեսի օր նշանակել: Ասում են՝ Լ. Նանյանը մոտ 12 մլն դրամ է ծախսել, իհարկե հետագայում գիրքը վաճառելու ու իր փողերը հետ բերելու ակնկալիքով: Մեր աղբյուրների պատմելով, տիկինը սկզբում որոշել է այն վաճառել 40000-50000 դրամով, սակայն խորհրդատուները հասկացրել են, որ իր բիզնեսը չի գործի Շիրակի մարզում՝ մտավորականությունը հաց գնելու փող անգամ չունի:
Վերջնական համաձայնության են եկել վաճառել մոտ 100 դոլարով, ու նախատեսվել է գրքերը «սաղացնել» դպրոցների տնօրենների ու գյուղապետերի վրա, որոնցից շատերը իրենց անուն-ազգանունները ճիշտ գրել անգամ չգիտեն, սակայն հարկադրված կլինեին սեփական մարզի պատմությունը ընթերցել ու լուսավորվել: Նույն աղբյուրների փոխանցմամբ, մինչ տիկին Նանյանը շնորհանդեսի օրվա մասին պաշտոնապես կհայտարարեր, ու այն գյուղապետերին կվաճառեր, նրան պաշտոնանկ արեցին՝ գրքերի ծախսերը թողնելով նախկին մարզպետի վրա: Այժմ Նանյանը գրքերը պինդ-պինդ իր մոտ է պահում՝ որպես հուշ, չնվիրելով անգամ ուսումնական հաստատություններին: Ալիշանի «Շիրակը» իսկապես շքեղ հրատարակություն է, որի վրա հավերժացված է նաեւ մարզպետ Լիդա Նանյանի անունը: Ճշտելու համար՝ հիմնավո՞ր են նախկին  մարզպետի հասցեին հնչեցրած այն քննադատությունները, որ գիրքը պրոպագանդելու փոխարեն՝ իր մոտ է պահում, մենք Շիրակի մարզի մի քանի դպրոցների տնօրեններից հետաքրքրվեցինք՝ ունե՞ն այդ գրքից: Թիվ 17 դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանի ասելով՝ բոլոր դպրոցներին բաժանել են, բացի իրենից: Գիրքը չի վաճառվում անգամ Գյումրու գրախանութներում, մինչդեռ այդ գրքի արժեքն իմացող գյումրեցի մտավորականները, օրինակ՝ լրագրող Համլետ Մոսինյանը նախկին մարզպետին հետեւյալ խորհուրդն է տալիս. «Ղեւոնդ Ալիշանի «Շիրակը» այնքան հին հրատարակություն էր, որ դրա վերահրատարակումը պարզապես հայրենասիրական քայլ է, երազանք: Լավ կլիներ, որ Լիդա Նանյանը այն դեֆիցիտ հուշանվերի չվերածեր, թեկուզ այն մատչելի չէ, բայց կարելի է վաճառքի հանել, եթե ոչ բոլորը, գոնե մի քանիսը անպայման կգնեն: Հայրենի պատմությունը տան նկուղներում անթույլատրելի է պահել»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել