ՎՊ նոր բացահայտումները
Ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման գործընթացի վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել եւ մի շարք բուհերում հայտնաբերել լուրջ խախտումներ: Այս մասին երեկվա ասուլիսում տեղեկացրեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նրան զարմացրել էր հատկապես այն փաստը, թե ինչպես է Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանն արդեն մի քանի տարի գործունեություն ծավալել առանց լիցենզիայի, զբաղվելով՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ ըստ Քրօրի 18-րդ հոդվածի: «Այս դեպքը ԿԳ նախարարության իրավասությունից էլ է դուրս եւ դրանով պետք է զբաղվեն ՊԵԿ-ը եւ իրավապահ համակարգը: ԿԳ նախարարությունը լիցենզիա չի տվել, ինչ-որ մարդ կամ մարդկանց խումբ վեր է կենում հեռուստատեսությամբ, ռադիոյով հայտարարություն է տալիս, բուհ բացում»,- ասաց Ի. Զաքարյանը: Ի դեպ, մինչ պարոն Զաքարյանի բացահայտումները, «Առավոտը» մի քանի տարի առաջ արդեն անդրադարձել էր այդ խնդրին:
Որպեսզի բուհը ստանա լիցենզիա, պարտավոր է յուրաքանչյուր ուսանողի համար ապահովել 8.02 քմ տարածք, այնինչ՝ ուսումնասիրված 16 բուհերից միայն 2-ն է այս պայմանին բավարարել: Լիցենզիա տրամադրելու 5 կարեւորագույն պայմաններից մեկն էլ այն է, որ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի առնվազն 50%-ը լինեն տվյալ բուհի հիմնական դասախոսները: ՎՊ-ի ուսումնասիրությունները պարզել են, որ, օրինակ, Կովկասի ինստիտուտում 21%-ն է հիմնական, Երեւանի կառավարման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանում՝ 42.9 %-ը, «Գալիք» համալսարանում՝ 47%-ը, իսկ Լ. Օրբելու անվան համալսարանում եւ Երեւանի էկոլոգիայի, տնտեսագիտության եւ իրավունքի հայկական ինստիտուտում՝ հիմնական դասախոսներ չկան: Լիցենզիա ստանալու մյուս կարեւորագույն գործոնին՝ առաստաղի բարձրության 3 մետր լինելուն չի համապատասխանել միայն Երեւանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը, որտեղ առաստաղի բարձրությունը 2.6 մետր է:
Երեւանի կառավարման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանում, Լ. Օրբելու անվան համալսարանում եւ Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտում, պարզվել է, որ մարզադահլիճ չկա: «Ռոսլին» արվեստի ինստիտուտն էլ ո՛չ մարզադահլիճ, ո՛չ էլ գրադարան ունի: Ինչպես նշեց ՎՊ նախագահը, մի քանի բուհերում էլ մարզադահլիճի վարձակալության պայմանագիրը չի ունեցել նոտարական գրանցում, այսինքն՝ չի ստացել իրավունքի պետական գրանցում: Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայում եւ Արտաշատի «Արտաշատ» համալսարանում էլ առնվազն 50% գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող դասախոսները կազմել են համապատասխանաբար 45,5% եւ 43,8%: Ի. Զաքարյանն ասաց, որ կազմված արձանագրությունները ուղարկվել են ԿԳ նախարարություն: 8 կետից կազմված եզրակացության մեջ Վերահսկիչ պալատը որոշել է խախտում հայտնաբերված բուհերին զրկել լիցենզիաներից: «Ոչ պետական ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթաց ՀՀ-ում փաստացի չի իրականացվել, հաստատված չեն կրթության որակի ապահովման չափանիշներն ու չափորոշիչները: Ոչ պետական բուհերի տարածքների ապահովման նվազագույն նորմատիվները ԿԳ նախարարության լիցենզավորման վարչության կողմից չեն հաշվարկվում ՀՀ տարածքում գործող շիննորմերով»,- ասաց ՎՊ նախագահը: Նա հայտնեց նաեւ, որ պետական ուսումնական հաստատությունները չեն հավատարմագրվել՝ խախտելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի պահանջները: Պարզվել է նաեւ, որ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի» 2010-2015 թթ. ռազմավարական ծրագիրը հաստատված չէ հոգաբարձուների խորհրդի կողմից: