Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒԾՈՒՄԸ ԳՏՆՎԱԾ ՉԷ

Նոյեմբեր 06,2010 00:00

\"\"Ըստ անկախ վերլուծաբան Գեւորգ Մելիքյանի,  այդ պատճառով է, որ ԼՂՀ հարցում առաջընթաց չկա

«Բանակցություններն ընթանում են, չկա որեւէ պատրանք, սակայն խնդիրը մի շարք հարցերի շուրջ անհամաձայնությունների մեջ է, ինչը ե՛ւ ղարաբաղահայաստանյան կողմին, ե՛ւ Ադրբեջանին դարձնում է հակադիր երկու բեւեռներ»,- ի պատասխան վերջին շրջանում Հայաստանում թե Ադրբեջանում հաճախակի հնչող այն տեսակետի, թե ղարաբաղյան հարցում բանակցությունները փակուղու մեջ են, եւ կողմերը փորձում են ընդամենը իմիտացիոն ֆոն ստեղծել՝ ասաց վաշինգտոնյան անկախ քաղաքական վերլուծաբան Գեւորգ Մելիքյանը: Հետեւաբար, նա հանիրավի է որակում այդ առիթով Մինսկի խմբին ուղղված մեղադրանքները:
Ի հավաստումն իր կարծիքի՝ մեր զրուցակիցը որպես օրինակ բերում է իսրայելապաղեստինյան հակամարտությունը, որն ավելի երկար պատմություն ունի, քան ղարաբաղյանը: Մեր զրուցակցին անհասկանալի են Հայաստանում ձեւավորված կարծրատիպերը՝ այս կամ այն հանդիպումները վերլուծել դիվանագիտական հաղթանակի կամ պարտության հակադրության մեջ, ինչպես նաեւ՝ հայտարարություններ անել ձեռքբերումների ու սպասելիքների մասով: Այս համատեքստում անդրադառնալով նախագահների աստրախանյան հանդիպման առիթով հնչած հայտարարություններին՝ վերլուծաբանը նշում է. «Նման հանդիպումների նպատակը հիմնարար լուծումներ գտնելը չէ: Լուծումներ գտնելու համար նման հանդիպումների ձեւաչափերը շատ տարողունակ չեն: Դրանք հիմնականում միտված են տրամադրությունները եւ մտադրությունները շոշափելուն, բանակցային գործընթացը կենդանի պահելուն եւ որոշ կետերի շուրջ հնարավոր պայմանավորվածություններ ձեռք բերելուն: Աստրախանի հանդիպման հիմնական կարեւորությունը եւ միակ առանձնահատկությունն այն էր, որ ստորագրվեց կոնկրետ փաստաթուղթ կոնկրետ հարցի՝ ռազմագերիների փոխանակման մասին»:
Միաժամանակ, սակայն, Գեւորգ Մելիքյանի տարակուսանքն է առաջացնում այն փաստը, որ նման տիպի փաստաթուղթը ստորագրվեց երկրների նախագահների մակարդակով: Ռազմագերիների փոխանակման հարցերը միջազգային պրակտիկայում կարող են կարգավորվել նաեւ ավելի ցածր մակարդակներում: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությունում ՌԴ դերին եւ նշանակությանը, ապա Ռուսաստանը միշտ էլ փորձել եւ փորձելու է հնարավորինս մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում: «Այս հանդիպումը այդ ներկայության եւ դերակատարության հերթական պարզ դրսեւորումն էր, սակայն ասել, որ ՌԴ-ն պատրաստվում է կողմերին պարտադրել լուծումներ եւ այն վավերացնել Աստանայում՝ պարզամտություն է: ՌԴ-ն, ինչպես եւ շահագրգիռ այլ տերություն, չի կարող միանձնյա կայացնել Ղարաբաղի ժողովրդին վերաբերող որոշում»,- ասում է անկախ վերլուծաբանը: Նա գտնում է, որ չի կարելի թերագնահատել նաեւ մյուս համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դերը՝ ի դեմս Ֆրանսիայի: Ի դեպ՝ աստրախանյան հանդիպումից հետո Մեդվեդեւի հայտարարությունը՝ Աստանայում սպասելիքների վերաբերյալ, Գեւորգ Մելիքյանը համարում է ակնարկ մյուս համանախագահների դերի մասին. «Նա այդպիսով ցույց տվեց, որ գործընթացը միակողմանի չէ»:
Մեր զրուցակիցը համոզված է նաեւ, որ Աստանայի գագաթաժողովում հիմնական սկզբունքների շուրջ կրկին անգամ համաձայնություն չի լինի: Չի լինի նաեւ «ճանապարհային քարտեզի» ստորագրում, ինչպես որ դա եղավ հայ-թուրքական մերձեցման պարագայում: Խնդիրն այն է, որ նման «քարտեզ» պարզապես չկա: Պարոն Մելիքյանը նշեց նաեւ, որ չնայած ղազախական կողմի եւ այլեւայլ միջնորդների բոլոր ջանքերին՝ ԱՄՆ-ի նախագահն այդպես էլ չի մասնակցի գագաթաժողովին, ինչն առնվազն խոսում է Օբամայի վարչակազմի կողմից եվրասիական տարածաշրջանի հանդեպ ոչ լիարժեքորեն ձեւավորված հայեցակարգերի բացակայության մասին, այդ թվում նաեւ՝ հակամարտությունների մասով: ԱՄՆ-ը, որը միջազգային ասպարեզում ունի չափազանց մեծ ազդեցություն, իր մասնակցությունը ԵԱՀԿ գագաթաժողովին կբերի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջոցով: Ուստի եւ այլեւս անմիտ է սպասել նախագահների եռակողմ հանդիպում՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, այնպես, ինչպես վերջին անգամ եղավ Կանադայում, որտեղ եւ արվեց հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հերթական կոչը: Եվ բնական է, որ նախագահներից մեկի բացակայությունը պարզապես թույլ չի տա ստորագրել հիմնարար որեւէ փաստաթուղթ: Իսկ նման փաստաթղթերն արտգործնախարարների մակարդակով չեն կարող ստորագրվել: Նաեւ՝ մեկ ամսում լուրջ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում: Մյուս ամենակարեւոր խոչընդոտներից մեկը, որը պարզապես հետաձգում է արմատական որոշումներ կայացնելը, ղարաբաղյան կողմի բացակայությունն է բանակցային գործընթացում:
Գեւորգ Մելիքյանը համաձայնեց «Առավոտի» դիտարկմանը, որ ԱՄՆ պետքարտուղարության եւ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարություններն Աստրախանի հանդիպումից հետո եւ ԵԱՀԿ գագաթաժողովից ակնկալիքները դեկլարատիվ էին. «Աստանայում չի նախատեսվում հակամարտությունների վերաբերյալ լուրջ փաստաթղթերի ընդունում: Ինչ վերաբերում է ընդհանրապես նմանատիպ կառույցներին, ապա Հայաստանում ես միտում եմ տեսնում թերագնահատելու կամ գերագնահատելու միջազգային, մասնավորաբար՝ եվրոպական կառույցների դերն ու նշանակությունը: Այդ կառույցները, որպես այդպիսին, կոչված չեն այս կամ այն հակամարտությանը լուծումներ բերելուն կամ որոշումներ պարտադրելուն: Նրանք չունեն այդ լիազորությունները, եւ այդ մասին, կարծում եմ, բավականաչափ խոսվել է: Այդ կառույցները կարող են միջնորդներ դառնալ եւ առավելագույնը կարող են հանդես գալ առաջարկություններով: Նրանք չեն կարող ստորագրել կամ ստորագրել տալ որեւէ հիմնարար փաստաթուղթ, որը, ենթադրենք, անկախություն կտար ԼՂՀ-ին կամ հակառակը՝ այն կդարձներ Ադրբեջանի անքակտելի մասը, ինչպես որ անհույս երազում են մեր հարեւանները: Լուծումը (նաեւ նմանատիպ կառույցների անմիջական աջակցությամբ եւ խորհրդատվությամբ) գտնում են հակամարտող կողմերը, որն, իհարկե, կարող է վավերացվել նշյալ կառույցների միջոցով: Բոլոր պետություններն ինքնիշխան իրավական միավորներ են՝ անկախ չափերից եւ ռեսուրսներից, եւ պետք չէ կարծել, որ ՌԴ-ի կամ ԱՄՆ-ի ցանկությունները կամ շահագրգռվածությունները կարող են լինել վճռորոշ»:
(Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել