Երեկ, ժամը 13:00-ի սահմաններում, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 190 դպրոցի ետնամասում՝ Բաբաջանյան 133 շենքի հարեւանությամբ գտնվող թիվ 149 ավտոտնակում, ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի 11 ՏՍ 890 համարանիշի ավտոմեքենա: Իրավապահները ավտոմեքենայում հայտնաբերել են կիսամերկ վիճակում մահացած երիտասարդ տղայի եւ աղջկա: «Առավոտի» տեղեկություններով՝ երիտասարդների մահվան պատճառը եղել է ավտոմեքենայից արձակված շմոլ գազը: Տղան՝ 20-ամյա Լազր Ս.-ն է, որը բնակվում է Բաբաջանյան փողոցում, իսկ աղջիկը՝ 23-ամյա Թեհմինե Մ.-ն (Նոր Նորքի զանգվածի բնակչուհի): Դեպքի վայրում էին նաեւ Մաշտոցի ոստիկանության աշխատակիցները, քանի որ աղջկա ծնողները երեկ դիմել էին Մաշտոցի ոստիկանություն, որ իրենց աղջիկը աշխատանքից տուն չի վերադարձել: Մեզ հայտնի դարձավ, որ Թեհմինե Մ.-ն աշխատում է Մաշտոցի վարչական շրջանում գտնվող «Օրանժ»-ի գրասենյակում: