Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ղարաբաղցի գերին ՀՀ խնդիրը չէ՞

Նոյեմբեր 06,2010 00:00

ՀՀԿ փոխնախագահի տրամաբանությամբ՝ հենց այդպես է ստացվում

Երեկ ՀՀԿ փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ասուլիսում անդրադառնալով Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ ստորագրած հայտարարության մեջ տեղ գտած ռազմագերիների եւ զոհվածների աճյունների փոխանակման խնդրին՝ բառացիորեն ասել է հետեւյալը. «Հայտարարությունում խնդիրը վերաբերում է ընդամենը գերիների խնդրին եւ դիակների վերադարձին, առավել եւս այն մասով, որ մասով վերաբերում է Հայաստանին: Մնացածը Ղարաբաղի եւ նրա իշխանությունների խնդիրն է: Այն գերիները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, դա վերաբերում է Հայաստանին եւ ՀՀ խնդիրն է, մնացածը ԼՂ իշխանությունների խնդիրն է»:
Ասել կուզի՝ Հայաստանը, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, Աստրախանում ստորագրել է մի փաստաթուղթ, որով ստանձնած պարտավորությունը դեռ ԼՂ-ի պարտավորությունը չէ, եւ ԼՂ քաղաքացի պատանդների ու զոհվածների աճյունները, ԼՂ տարածքում գտնվող ադրբեջանցի պատանդների կամ զոհերի աճյունների վերադարձն էլ ՀՀ խնդիրը չէ: Հետաքրքիր է՝ իսկ ՌԴ նախագահ Մեդվեդեւն ու Ադրբեջանի նախագահ Ալիեւը դրան տեղյա՞կ են: Այս հարցադրումն, ի դեպ, երեկ «Առավոտի» հետ զրույցում արեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Իսկ մինչ այդ Գ. Սահակյանի շատ ինքնատիպ հայտարարության առնչությամբ մենք մեկնաբանություն խնդրեցինք ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանից եւ ստացանք ոչ պակաս ուշագրավ պատասխան: Վերջինս այսպես «թարգմանեց» Գ. Սահակյանի միտքը. «Մենք նորից պնդում ենք այն անհրաժեշտությունը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին առանցքային եւ էական, որոշիչ նշանակություն ունի Ղարաբաղի իշխանությունների եւ Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, համաձայնությունը, նաեւ հիմնավորում ենք ԼՂՀ-ի լիարժեք մասնակցությունը հետագա բանակցային գործընթացին»:
Իսկ դա նշանակո՞ւմ է, որ հայտարարությունը, որը ստորագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, բացառապես Հայաստանին եւ հայաստանցի ռազմագերիներին կամ նրանց աճյունների վերադարձին է վերաբերում եւ Ղարաբաղի ու ԼՂՀ քաղաքացի գերիներին չի վերաբերում:
Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ պատգամավորը պնդեց. «Դա նշանակում է մի բան. որ մենք եւս մեկ անգամ հղում ենք անում, որ ԼՂ-ն առանձին միավոր է, եւ ԼՂ ժողովրդի անվտանգությունը եւ հետագա ճակատագրի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Լեռնային Ղարաբաղին»:
Շատ լավ, եւ դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ԼՂ վերաբերյալ այն բոլոր հայտարարությունները կամ փաստաթղթերը, որոնք ստորագրում է ՀՀ նախագահը, եւ որտեղ չկա ԼՂ իշխանությունների կամ նրա ներկայացուցիչների ստորագրությունը, վերաբերում են բացառապես Հայաստանին եւ ոչ թե նաեւ ԼՂ-ին: «Դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադարձնել բանակցային գործընթաց ու բանակցային գործընթացում անպայման ունենալ նաեւ ԼՂ իշխանությունների տեսակետն ու դիրքորոշումը»: Իհարկե, սրանք ցանկություններ ու մտադրություններ են, որոնց մասին աստրախանյան փաստաթղթում ոչինչ ասված չէ: Դա արձանագրեց փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Գ. Սահակյանի հայտարարությունը նա որակեց որպես «տգետ գնահատական»: «Դա նշանակում է, որ Գ. Սահակյանը կարդացել ու չի հասկացել, թե ինչ է գրված իր կարդացած փաստաթղթում, որովհետեւ այդ փաստաթղթում Ղարաբաղ չկա, որովհետեւ ԼՂ իշխանությունը այդ փաստաթղթի հետ կապ չունի: Դրա հետ կապ ունեն միայն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, եւ եթե ինչ-որ խնդիր կա լուծելու՝ Ղարաբաղի իշխանություններին մարդատեղ չեն դնելու, այլ պահանջելու են ՀՀ իշխանություններից՝ որպես այդ թուղթը ստորագրողի: Ղարաբաղն այդ հարցում սուբյեկտ չէ: Ղարաբաղն ընդհանրապես, ըստ այդ փաստաթղթի, ոչ միայն քաղաքական գործընթացների, այլ նույնիսկ ռազմատեխնիկական հարցերում, որոնք ԼՂ-ին են վերաբերելու, սուբյեկտ չի: Այդ հայտարարությունը դա է նշանակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել