Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԳ-Ն ԿՎԵՐԱՑՆԻ՞ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Նոյեմբեր 06,2010 00:00

Լյուբլինում երեկ իր աշխատանքներն ավարտած համաժողովի մասնակիցներից մեկի բնորոշմամբ՝ «Արեւելյան գործընկերությունը ոչ միայն գումարներ կարող է տալ՝ այն կարող է նաեւ վերացնել արգելքները մեր երկրների միջեւ»:

Լեհաստանից եւ այլ երկրներից շուրջ հարյուր բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, փորձագետներ ու լրագրողներ մասնակցեցին «Արեւելյան գործընկերություն. Ռազմավարություն 2011 թվականի եւ հետագայի համար» միջազգային համաժողովին, որը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտը կազմակերպել էր նոյեմբերի 4-5-ը Լյուբլինում: Հիշեցնենք, որ Լեհաստանի եւ Շվեդիայի նախաձեռնությամբ 2009-ի մայիսից կյանքի կոչվեց Արեւելյան գործընկերությունը, որով Եվրամիությունն առաջիկա տարիներին սերտացնելու է կապերը նախկին խորհրդային 6 հանրապետությունների հետ: Եվ քանի որ 2011թ. կեսից Եվրոպական միության խորհրդում նախագահությունը ստանձնելու է Լեհաստանը՝ արդեն այժմ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Մարչին Զաբորովսկին հայտարարեց, թե այս ծրագիրը գերակայություն է լինելու լեհական նախագահության շրջանում. «Սա բավական երիտասարդ քաղաքականություն է, չհասունացած եւ ոչ ամբողջությամբ ձեւավորված: Արտերկրի մեր գործընկերների համար այնքան էլ ակնհայտ չէ, թե ինչ նպատակների է ծառայում այս գործընկերությունը»: Լեհաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Եվա Սինովիեցը նշեց. «Կարծիք կա, որ Արեւելյան գործընկերությունը չօգտագործված հնարավորություն է: Բայց քիչ ժամանակ է անցել Պրահայից, որտեղ առաջարկվեց այս գաղափարը: Մեր համաժողովն առիթ կլինի, որ ուրվագծվեն այս գործընկերության հաջորդ փուլերը, բարելավվեն առկա մեխանիզմները»: Համաժողովի հիմնական զեկուցողը՝ Լեհաստանի Եվրոպական հարաբերությունների եւ տնտեսական քաղաքականության հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգիելեվիչն իր ելույթում ասաց. «Ոմանք ասում են, թե Եվրոպական միությունը հոգնել է ընդլայնումից հետո: Իրո՞ք հոգնել է՝ վիճելի հարց է: Բայց սա լավագույն փուլը չէ ԵՄ համար: Հիմա հեշտ չէ, լինելով ԵՄ անդամ, խոսել դրա բացության կամ առանց վիզաների տեղաշարժի մասին: Սակայն մենք կշահենք, եթե բաց լինենք մեր արեւելյան գործընկերների առջեւ: Եվ եթե դրական չխոսենք այս գործընկերության մասին՝ այն չի բացի իր թեւերը»: Նա թեեւ նշեց, թե 2011 թվականին միայն հնարավոր կլինի ամփոփել ԱԼԳ առաջին արդյունքները, սակայն արդեն իսկ նշեց, թե բացառությամբ Վրաստանի՝ Հարավային Կովկասի մյուս երկրներն իրապես շահագրգռված չեն այս նախաձեռնությամբ:
Նրա ելույթից հետո լրագրողներին առաջարկվեց համաժողովի հետագա ընթացքը լուսաբանել «chatham house»-ի սկզբունքով, այսինքն՝ անվանական մեջբերումներ չանել զեկուցողներից, այլ ուղղակի նշել քննարկված թեմաներն ու գաղափարները: Ուստի առանց որոշակիացնելու՝ նշենք, որ ինչպես մեր Շիրակի թեմի առաջնորդն էր բողոքում Բրիտանական դեսպանատան կողմից իրեն վիզա չտրամադրելու դեմ՝ լեհ մի եպիսկոպոս քննարկման ընթացքում դժգոհեց հոգեւորականների համար վիզաների ժամկետային սահմանափակումներից: Կամ՝ երբ քննարկվում էր Արեւելյան գործընկերության դերը քաղաքացիական հասարակության զարգացման առումով՝ մասնակիցներից մեկը՝ ճիշտ այնպես, ինչպես դժգոհում են Հայաստանում, դժգոհեց, որ այդպես էլ պարզ չդարձավ, թե շուրջ երկու շաբաթ հետո կայանալիք Բեռլինի համաժողովի մասնակիցներն ինչպե՞ս են ընտրվել. «Նման բաները պետք է լինեն շատ թափանցիկ»:
Հայաստանի անունն անընդհատ հնչում էր այս քննարկման ընթացքում: Մասնավորապես նշվեց, թե մեր երկիրն արդեն 8 կետերով կատարել է այն պարտավորությունները, որոնք իր համար նախատեսված էին գործողությունների ծրագրով: Սակայն նաեւ ընդգծվեց, թե Հայաստանում դեռ շատ բան պետք է արվի: Ընդհանուր առմամբ՝ եւ մեր պետությունը, եւ Ադրբեջանը նշվեցին այն երկրների շարքում, որտեղ հռչակագրային մակարդակով հայտարարվում է, թե ցանկանում են ինտեգրված լինել եվրոպական կառույցներում, սակայն կան մենաշնորհների տիրապետող հզոր խմբեր, որոնք խոչընդոտում են տնտեսական ինտեգրման գործընթացին: Երբ քննարկում էին ԵՄ եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի հեռանկարները՝ Հայաստանի մասին ասվեց, թե ապրանքաշրջանառությունը ԵՄ հետ 4%-ից պակաս է, եւ սա շատ ցածր ցուցանիշ է:
Համաժողովի մասնակիցներին բաժանվել էին Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի պատրաստած տեղեկագրերը, որոնցից մեկը կոչվում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներ. տարածաշրջանային եւ եվրոպական հետեւանքները»: Հեղինակը՝ ինստիտուտի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով պատասխանատու Թոմաշ Սիկորսկին, վստահ է, որ թե Հայաստանը, թե Ադրբեջանն են վճարում ներկա լարվածության գինը, «մինչդեռ Ռուսաստանն ու Թուրքիան առավել հակված են ընդունել ստատուս քվոյի փոփոխությունը: Այս պայմաններում Եվրոպական Միությունը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի՝ ուղղված հատկապես անվտանգության եւ վստահության աստիճանի բարձրացմանը, բայց առանց Ղարաբաղի կարգավիճակի վիճահարույց հարցի արծարծման»:
Վերլուծության մեջ համառոտ շարադրված է հակամարտության պատմությունը, ընդ որում՝ օգտագործված է ԼՂՀ անվանումը. «Փաստացի անկախ, բայց միջազգայնորեն չճանաչված» ձեւակերպմամբ: Կամ՝ օգտագործված է «Ադրբեջանի ագրեսիվ հռետորություն» արտահայտությունը, իսկ փախստականների թիվը նշված է 590 հազար: Անդրադարձ կա նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձին, որով, ըստ Թոմաշ Սիկորսկու՝ «ժամանակավորապես քայքայվեցին Ադրբեջանի ռազմավարական դիրքերը»: Նշված է, թե ձախողումն այս հարցում «կարող է նշանակել, որ հայերն ավելի հակված կլինեն զիջումների՝ ապագա բանակցությունների ընթացքում»: Լեհ փորձագետը «խիստ անհավանական» է գնահատել հավանականությունը, որ Ադրբեջանը կփորձի ուժով վերահսկողություն հաստատել ԼՂՀ վրա. «Քանի որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի միացյալ բանակների որակական եւ քանակական ներուժը հավասար է Ադրբեջանին: Հետեւաբար Բաքվի համար անհնար է իրագործել բլիցկրիգի տիպի պատերազմ»: Դեռ օգոստոսի վերջին հրապարակված այս վերլուծության մեջ կարծես իրականացող կանխատեսում կա. «Եթե Թուրքիան եւ ԵՄ-ն մեծացնեն իրենց ներկայությունը տարածաշրջանում՝ Ռուսաստանը կարող է հանդես գալ նոր խաղաղարար նախաձեռնություններով եւ նույնիսկ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ընդունելու դրանք»:
Թոմաշ Սիկորսկին նաեւ ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում եւ Լեհաստանում որոշումներ կայացնողներին մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնցից մեկն է. «Անընդհատ ճնշում պետք է լինի ԵՄ հաստատությունների վրա՝ մեծացնել իրենց հետաքրքրությունն այս տարածաշրջանով: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը պետք է պահպանել եւ պետք է աջակցել կայունացնող նախաձեռնություններին: Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում հավասար հեռավորության քաղաքականությունը պետք է ընդգծել, եւ Լեհաստանը պետք է մնա անաչառ այս հակամարտության մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել