Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱԿԻՆ»

Նոյեմբեր 06,2010 00:00

\"\"Ըստ ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանի, բանակին բարոյական աջակցություն պետք է ցուցաբերեն բոլորը

«Բանակին եւ բանակի պատասխանատուներին բարոյական աջակցություն պետք է տրվի բոլորիս կողմից, եւ այն քայլերը, որոնք ձեռնարկվում են, նպատակ ունեն հաղթահարելու մեր բանակում տարիներ շարունակ կուտակված խնդիրները: Բնական է, որ դրանք մեկ օրում կամ մի քանի ամսում արդյունք տալ չեն կարող: Դրանք համալիր միջոցառումներ են, եւ պետք է կամք դրսեւորել, որպեսզի այն բարեփոխումները, որ մենք հռչակել ենք, իրականացվեն զինված ուժերում, կատարվեն մինչեւ վերջին կետը: Բնականաբար, այստեղ իր անելիքն ունի նաեւ Ազգային ժողովի մեր հանձնաժողովը, եւ կարծում եմ՝ այն, ինչ մեզանից է կախված, մենք կանենք»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով բանակի շուրջ վերջին շրջանում ակտիվացած տեղեկատվության եւ ապատեղեկատվության մասին՝ ասաց ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանը: Վերջինիս գլխավորած Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի անդամները օրերս այցելել էին Արմավիրի ուսումնական զորամաս՝ տեղում ծանոթանալու զինվորների կյանքին, տեսնելու, թե ինչ պայմաններում են ապրում զինծառայողները, ինչ են ուտում, եւ հրամանատարներն ինչպես են շփվում զինվորների հետ:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը պատասխանելով «Առավոտի» հարցին՝ արդյոք նման այցերը հնարավորություն տալի՞ս են օբյեկտիվ տեղեկություններ ստանալ այն մասին, ինչ իրոք կատարվում է զորամասերում, ասաց. «Մեր հանձնաժողովը նպատակ ունի մերթընդմերթ այցելել տարբեր զորամասեր՝ տեղում ճշտելու իրավիճակը, տեսնելու, թե ինչպիսին են պայմանները եւ նաեւ՝ զրուցի ծառայողների հետ, լսի նրանց առաջարկությունները, բողոքները, ինչու ոչ՝ նաեւ հետեւություններ անի՝ օրենսդրության մեջ որոշակի փոփոխություններ կատարելու համար: Մեր այցը Արմավիրի ուսումնական զորամաս այս ծրագրի իրականացման քայլերից մեկն էր: Կարծում եմ, որ հանձնաժողովի անդամները հնարավորություն ունեցան մանրամասն ծանոթանալու իրավիճակին, տեսնելու, թե ինչպես են սնվում մեր զինվորները: Կոնկրետ այս զորամասում ծառայում են հիմնականում բուհ ավարտածները, որոնք վաղվա մեր հրամանատարներն են լինելու»: Մեր հարցին՝ այցելությունն անսպասելի՞ էր, թե՞ նախապես տեղեկացված էին զորամասում, պարոն Կարապետյանն ասաց, թե մեկ օր առաջ են տեղյակ պահել իրենց այցի մասին: Մեր դիտարկմանը՝ թե այդ կարգի այցերով չես կարող ճշտել բանակի իրական պատկերը, պարոն Կարապետյանը համամիտ չէր. «Չեմ կարծում, որ հատուկ նախապատրաստվել էին, որովհետեւ առանձին աղբյուրներից ես ճշտեցի, որ սնունդը գրեթե անփոփոխ է, անհրաժեշտ կալորիականությունը զինվորները ստանում են, իհարկե, որոշ խնդիրներ կային ջրի հետ կապված, գիտեք, որ ջրի խնդիրը ընդհանրապես Արմավիր քաղաքում առկա է, բայց լուծում են գտել՝ երկու խորքային հորեր են փորվել: Հրամանատարների կարծիքով, ապագա զինվորներին դեռ դպրոցից պետք է նախապատրաստել բանակի համար, քանի որ ոչ բոլոր դպրոցներում ունենք ուսումնական զենքեր: Խնդիրը մենք խոստացանք բարձրացնել կրթության եւ գիտության նախարարության առաջ»:
Մեր հարցին՝ ինչո՞վ է բացատրում վերջին շրջանում բանակում եւ նրա շուրջ այս աժիոտաժը, ԱԺ Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց, ասելով, որ վերջին տարում բանակի շուրջ հրապարակայնությունն իրոք աննախադեպ մեծացել է. «Բանակի յուրաքանչյուր դեպքի մասին բոլորը տեղյակ են լինում: Մինչդեռ խնդիրն այն է, որպեսզի առաջին հերթին կանխվեն այդ դեպքերը, ամեն ինչ անել, որպեսզի նմանատիպ դեպքեր տեղի չունենան, եւ երկրորդը՝ եթե տեղի են ունենում, ապա պետք է յուրաքանչյուր դեպքի համար կատարվի պատշաճ եւ անկողմնակալ քննություն, եւ պետք է հետեւել, որպեսզի մեղավորները պատժվեն»: Մեր հարցին՝ հատուկ միտում տեսնո՞ւմ է այն ամենի մեջ, ինչ կատարվում է բանակի ներսում եւ բանակի շուրջ, պարոն Կարապետյանը նկատեց, որ հատուկ միտում չի տեսնում, բայց եւ կարծում է. «Կան դեպքեր, որոնց շուրջ մեկնաբանությունները եւ վերլուծությունները ճիշտ չեն, նույնիսկ մի քիչ ավելի չափազանցված են, քան իրականում է: Միշտ էլ բանակում նմանատիպ դեպքեր եղել են, դրանք ունեն եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառների մեջ կարելի է դասել այն, որ մինչ այսօր բանակում օրենքի տեսքով չի գործում Զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը: Ընդամենը կա 1996 թվականին ընդունված կառավարության մի որոշում: Մեր հանձնաժողովն արդեն լսումներ է կազմակերպել այս նախագծի շուրջ, եւ արդեն նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել