Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՏԻՍ»-«ԷԼԻՏԶՈՒՐ»՝ 69:82

Նոյեմբեր 05,2010 00:00

\"\"Երեկ Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմը «Միկա» ՄԱ մարզադահլիճում ընդունեց Իսրայելի «Էլիտզուր Ռամլային» եւ պարտվեց 69:82 հաշվով:

Սա գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի թիմի՝ Եվրոպայի 2010/11 թթ. գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի «F» խմբում անցկացրած երկրորդ խաղն էր եւ այս մրցաշրջանում կրած երկրորդ անընդմեջ պարտությունը:

«Առավոտը» երեկվա համարում բասկետբոլի սիրահարներին տեղեկացրել էր, որ «Էլիտզուրն» իր կազմի խաղացողների խաղամակարդակով գերազանցում է մեր առաջին մրցակից Նովոսիբիրսկի «Դինամո ԳՈՒՎԴ»-ին, եւ նրան հաղթելը հեշտ չի լինելու: Սակայն երեկվա հանդիպման մասին ճիշտ կլինի ասել, որ ոչ թե հյուրերն առավելության հասան, այլ «Հատիսը» պարտվեց:

Հանդիպումը, որ հեռարձակվում էր ուղիղ եթերով, մեր աղջիկների համար մեկնարկեց անգամ անզեն աչքով տեսանելի ինչ-որ ավելորդ լարվածության պայմաններում, ու այդ վիճակը շարունակվեց ամբողջ խաղի ընթացքում: Հենց սկզբից նախաձեռնությունը ձեռքից բաց թողնելով՝ հատիսցիները, չնայած հետագայում գործադրած ջանքերին, այդպես էլ չկարողացան հանդիպման ղեկը վերցնել իրենց ձեռքը: Նրանք բոլոր չորս խաղափուլերում էլ պայքարում էին հաշվի մեջ հետապնդողի անցանկալի դերում: Ճիշտ է, առաջին փուլի միջնամասում մերոնց, այնուամենայնիվ, հաջողվեց մեկ միավորի առավելություն ստանալ՝ 11:10, սակայն դա ոչ միայն երկար չտեւեց, այլեւ եղավ մարզասերների ոգեւորության միակ առիթը: Եթե առաջին խաղափուլն ավարտվեց հյուրերի աննշան առավելությամբ՝ 21:19, ինչը հետագայում իրավիճակը կարգավորելու հույսեր էր տալիս, երկրորդ փուլից հետո այդ տարբերությունը հասավ 10-ի (30:40), իսկ հույսը՝ զրոյի:

Հարազատ հարկի տակ, սեփական երկրպագուների աչքի առջեւ պարտվելը, այն էլ՝ մեծ հաշվով, դեռ հաղթելու հույսեր փափագող «Հատիսի» համար հեղինակության հարց էր: Դրա համար էլ մեր աղջիկները մեծ ջանքերի գնով կարողացան կրճատել այն եւ երկրորդ հանգստին գնալ ընդամենը հինգ միավորի (50:55) տարբերությամբ: Թվում էր, թե հանդիպման ընթացքի մեջ բեկում հասունանալու ժամանակը հասել է: Մանավանդ, որ եղավ մի ժամանակահատված, երբ էլիտզուրցիների գրոհներն էլ սկսեցին չստացվել: Սակայն այդ պատեհ պահից մերոնք օգտվել չկարողացան՝ մրցակցին թույլ տալով արագորեն ետ բերել կորցրածը եւ հաշվի տարբերությունը կրկին մեծացնել ու խաղն ավարտել 82:69 հաշվով:

«Հատիսը» երկրորդ անգամ խաղադաշտը լքեց առանց միավոր վաստակելու: Սակայն հարկ է նշել, որ ոչ այնքան «Էլիտզուրը» հաղթեց, որքան «Հատիսն» ամրագրեց իր պարտությունը:

Պատճառները շատ էին ու չափից ավելի տեսանելի: Նախ, այս տարի արդեն երկրորդ խաղում չէին ստացվում մեր թիմի հեռու, միջին եւ մոտ տարածություններից կատարած նետումները, ինչն էլ դարձավ պարտության հենց գլխավոր պատճառներից մեկը: Բացի այդ, զգացնել տվեց նաեւ խաղադաշտում բասկետբոլիստուհիների՝ միմյանց հասկանալու, տանը մշակված կոլեկտիվ խաղի պակասը: Բավական չէ, որ խաղային որոշ դրվագներում մերոնք միմյանց պարզապես չէին հասկանում, նաեւ անհասկանալի կերպով ոչ մի ձեւով չէին ստացվում երեք միավորանոց նետումները, ինչպես նաեւ միջին ու մոտ տարածություններից կատարվածները, օղակների տակ պայքար մղելը: Վստահ կարելի է ասել, որ ոչ թե «Էլիտզուրը» հաղթեց, այլ հատիսցիները խաղը տանուլ տվեցին:

Ինչո՞ւ այդպես ստացվեց, ինչո՞ւ անցած տարի դեռ նոր-նոր կազմավորվող «Հատիսը» ավելի լավ տպավորություն էր թողնում, քան այս տարի: Սրանք հարցեր են, որ ուղղում ենք նախ եւ առաջ գլխավոր մարզչին ու նրա գլխավորած մարզչական խորհրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել