Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ ԿՄՐՍԵՆ

Նոյեմբեր 05,2010 00:00

Մայրաքաղաքի որոշ մանկապարտեզների ջեռուցման հարցը այս տարի էլ չի լուծվի

Հանրապետության մարզերի մանկապարտեզները միշտ էլ ջեռուցման խնդիր ունեն, Երեւանում էլ ոչ բոլոր մանկապարտեզներն են ջեռուցվում, չնայած արդեն ցուրտ է: Այս տարվա հունիսի 29-ին Երեւանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանձնարարեց մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներում լոկալ ջեռուցման համակարգեր տեղադրել, մինչ այդ 44-ում արդեն ընթանում էին համապատասխան աշխատանքներ: «Առավոտը» պարզեց, որ մայրաքաղաքում կան մանկապարտեզներ, որտեղ այս ձմեռ դեռ կիրառվելու են հին մեթոդները՝ վառարան, էլեկտրական սալիկներ եւ այլն:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 76 մանկապարտեզի ջեռուցման համակարգերի ներդրման աշխատանքները տարվում են: Մանկապարտեզի տնօրեն Նուրիցա Շահբազյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ մինչեւ նոյեմբերի 15-ը կավարտեն աշխատանքները. «Մարտկոցները տեղադրված են, կաթսաները՝ նույնպես: Այժմ կառուցում են կաթսայատունը»:

Արաբկիր համայնքի նախկին 73, ներկայիս թիվ 25 նախադպրոցական ուսումնական հաստատությունում արդեն լիովին ավարտված են աշխատանքները: Մանկապարտեզի աշխատակցի խոսքով, մնում է միայն փորձարկում կատարել: Նախորդ տարի այս մանկապարտեզը ջեռուցվել է էլեկտրական վառարանով ու երբեք պարապուրդ չեն ունեցել:

Արաբկիր համայնքի թիվ 27 մանկապարտեզում ջեռուցման համակարգ ներդրվել է դեռեւս 6 տարի առաջ: Նույն համայնքի թիվ 33 մանկապարտեզն էլ 2003 թվականից է ջեռուցվում: Վերջինիս տնօրեն Մերի Աբգարյանի փոխանցմամբ՝ «Մեր շրջանը գրեթե ամբողջությամբ ջեռուցվում է: Մի քանի մանկապարտեզներ կան ընդամենը, որոնք քաղաքապետարանում քննարկման փուլում են: Իսկ մեր մանկապարտեզում առանձին կաթսայատուն է կառուցված»:

Դավիթաշեն համայնքի 5 մանկապարտեզներից 4-ի ջեռուցման խնդիրը լուծված է, բացառությամբ թիվ 59-ի: Այստեղ ջեռուցման համակարգեր դեռ չեն տեղադրվել, մանկապարտեզին հարկավոր է առանձին կաթսայատուն, որովհետեւ շենքային պայմանները հակացուցված են գազով ջեռուցում ապահովելու համար: Իսկ թե խնդիրը երբ կլուծվի, «մութ» է եւ մանկապարտեզի, եւ քաղաքապետարանի համար:

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Սիլվա Աչոյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ մայրաքաղաքի 161 նախադպրոցական հաստատությունից 59-ը դեռ անցյալ տարիներից ջեռուցվում էր, 88-ում այս տարի քաղաքապետարանի որոշմամբ տեղադրվել են լոկալ ջեռուցման համակարգեր, իսկ 12-ի հարցը դեռ լուծված չէ:

«Այս պահին 82 մանկապարտեզներում լիարժեք ավարտված են աշխատանքները, իսկ մյուսներում ավարտին են հասցվում»,- մեկնաբանեց Ս. Աչոյանը:

Հարցին՝ մայրաքաղաքի մյուս մանկապարտեզներում ինչո՞ւ չեն տեղադրվել ջեռուցման համակարգեր եւ ինչպե՞ս պետք է լուծվի դրանց հարցը, նախադպրոցական բաժնի պետն ասաց. «Կան մի քանի մանկապարտեզներ, որոնց հետ կապված խնդիրներ ունենք: Այդ մանկապարտեզները ջեռուցման ընդհանուր ծրագրի մեջ չէին կարող մտնել, որովհետեւ ունեին շենքային պայմանների անհարմարավետություն: Որոշների համար կառուցվելու են առանձին կաթսայատներ: Դրանց կառուցման հարցը այժմ գտնվում է նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի պատրաստման եւ քննարկման փուլում»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել