Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսում նախընտրական արշավը ավելի բաց է, քան՝ նախկինում

Նոյեմբեր 05,2010 00:00

\"\"Բելառուսում նախագահական ընտրությունների նախընտրական արշավը ավելի բաց եւ ժողովրդավարական է՝ նախորդ ընտրությունների համեմատությամբ, թեեւ առաջվա նման հեռու է եվրոպական չափանիշներից: Reuters-ի մատուցմամբ, հինգշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կանցլերի աշխատակազմի ղեկավար Ռոնալդ Պոֆալլան:

1994-ից Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է դեկտեմբերի 19-ին չորրորդ անգամ ընտրվել այդ երկրի նախագահի պաշտոնում՝ եւս հինգ տարի ժամանակով: Եվրամիությունն ավելի վաղ հայտարարել էր, թե առաջիկա ընտրությունները բելառուսական ժողովրդավարության համար ստուգարք են լինելու, իսկ Լեհաստանի արտգործնախարարը Մինսկին ԵՄ անունից խոստացել է 3 մլրդ դոլար վարկ եւ ԵՄ-ի աջակցությունը, եթե, իհարկե, ընտրություններն այդ երկրում համապատասխանեն եվրոպական ժողովրդավարության չափանիշներին:

Այդ ընտրություններն առաջին անգամ անցկացվելու են Մոսկվայի եւ Մինսկի կոշտ հակադրության պայմաններում, եւ, աղբյուրի դիտարկմամբ, Կրեմլը կարող է Բելառուսում կայանալիք ընտրությունները ոչ լեգիտիմ ճանաչել:

«Նախկինի համեմատությամբ ես տեսնում եմ, որ այն սահմանափակումները, որոնք եղել են նախկինում, հիմա չկան: Մենք դրական զարգացում ենք տեսնում»,- հայտարարել է Պոֆալլան՝ հավելելով, որ դա եվրոպական երկրներում ազատ ընտրությունների չափանիշների հետ համեմատել հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ, Լուկաշենկոյից բացի, առաջիկա ընտրություններում նախագահի պաշտոնում առաջադրվել է եւս 10 թեկնածու, որոնց ներկայացուցիչները բելառուսական ցիրուցան եղած ընդդիմության ներկայացուցիչներ են: Լուկաշենկոն զգալիորեն առաջ է անցել իր մրցակիցներից՝ իր նախաձեռնող խմբերի միջոցով հավաքելով թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ գործող նախագահին աջակցող ավելի քան մեկ միլիոն ստորագրություն՝ այն դեպքում, երբ դրա համար բավարար էր հավաքել առնվազն 100 հազար ստորագրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել