Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՇՈՏՅԱՆԻՆ 10 ՕՐ ՏՎԵՑ

Նոյեմբեր 05,2010 00:00

«Վերջին շրջանում ահազանգող են դարձել այն բողոքները, որոնք դրսեւորվում են կրթական համակարգում: Կոռուպցիան այս ոլորտում խորացել է: Դրա մասին են վկայում եւ՛ վերլուծական նյութերը, որոնք դարձել են հանրությանը հասանելի, եւ՛ մեր վերահսկողական ծառայությունների աշխատանքները, եւ՛ վերլուծությունները»,- կառավարության երեկվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հանձնարարելով 10 օրվա ընթացքում գործողությունների ծրագիր ներկայացնել: «Հանձնարարվում է ներկայացնել պարզ ու հասկանալի գործողությունների ծրագիր, որ այլեւս չհանդուրժենք կոռուպցիոն երեւույթները կրթական համակարգում՝ ընդհուպ մինչեւ կադրային փոփոխություններ, պարոն Աշոտյան: Պետք է բուհերում թարմացվեն խորհուրդների կազմերը: Այն անձանց, որոնց մե՛նք ենք ներկայացնում, հստակ հանձնարարականներ պետք է տրվեն՝ թերությունները բացահայտելու ու դրանց դեմ պայքարելու»,- հավելեց վարչապետը:

Լրագրողները ԿԳ նախարարից հետաքրքրվեցին, թե վարչապետի հանձնարարությամբ ոլորտում ի՞նչ է արվելու: «Այն, որ կրթության ոլորտում կոռուպցիա կա, վաղուց հայտնի էր: Այդ մշակույթը արմատավորվել եւ զարգացել է անկախության տարիներից: Կոռուպցիան բազմաթիվ դրսեւորումներ ունի մեր ոլորտում՝ ընդունելության քննություններից սկսած, վերջացրած ընթացիկ քննություններով, կոռուպցիոն դեպքեր կան նաեւ դպրոցներում՝ ապօրինի դրամահավաքներ եւ այլն: Վարչապետի նշած ժամկետում կմշակենք առաջարկների փաթեթ ու կներկայացնենք»,- ասաց Ա. Աշոտյանը: Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, նախարարը հայտնեց, որ այդ հանձնարարականը ընկալում է որպես փոփոխություններ այն ուսումնական հաստատություններում, որոնց ղեկավարները պիտանի չեն լինի պայքարել նախարարության հետ միասին:

։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել