Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացնե՞լ, թե՞ ոչ՝ երեխային

Նոյեմբեր 05,2010 00:00

Արտաքին գնահատման բոլոր «կողմերը»

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հանրապետության դպրոցներում շարունակում է անցկացնել արտաքին ընթացիկ գնահատումներ: Երեկ Երեւանի մի քանի դպրոցներում քաղաքապետարանի կրթության վարչության եւ ԳԹԿ ներկայացուցիչներ ներկա էին 5-րդ դասարանում՝ մաթեմատիկա եւ հայոց լեզու առարկաներից եւ 6-րդում՝ օտար լեզվից անցկացվող ընթացիկ գնահատմանը: ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի խոսքով՝ արտաքին գնահատումը, որի նպատակը միջնակարգ դպրոցների իրական վիճակի վերհանումն ու արդյունքների միջոցով ուսման որակի բարձրացումն է, կրելու է մշտական բնույթ: «Առավոտի» հետ զրույցում նա տեղեկացրեց, որ արտաքին գնահատում արդեն անցկացվել է հանրապետության մարզերի եւ Երեւանի 91 ավագ դպրոցներում, մարզերից ստացված արդյունքները տեղադրված են թեստավորման կենտրոնի atc.am էլեկտրոնային կայքում, իսկ երեւանյան դպրոցներինը՝ պարզ կլինի օրերս: Մարզերից ստացված արդյունքները ԳԹԿ տնօրենը գոհացուցիչ չի համարում: Նա հայտնեց, որ կատարվելու է նաեւ համակողմանի վերլուծություն: Գ. Խաչատրյանն ասաց նաեւ, որ նոյեմբերին հանրակրթական դպրոցներում լինելու է ազգային ստուգատես՝ հայագիտություն թեմայով, 8-րդ դասարանցիները լրացնելու են հայոց լեզվին եւ հայ գրականությանը, ինչպես նաեւ հայոց պատմությանը վերաբերող թեստ: Դեկտեմբեր ամսին էլ 7-րդ դասարանցիները իրենց գիտելիքները կստուգեն ֆիզիկա, քիմիա եւ աշխարհագրություն առարկաներից: «Կրթության որակի խնդիրը ամբողջ աշխարհի առջեւ ծառացած խնդիր է, եւ հիմնական նպատակը ոչ միայն վիճակի ուսումնասիրությունն է, այլեւ համապատասխան «դեղատոմս» առաջարկելը, որը հնարավորություն կտա շտկել իրավիճակը»,- կարծում է Գ. Խաչատրյանը: Ընթացիկ գնահատման ժամանակ աշակերտները սովորում են լրացնել նաեւ ձեւաթուղթը, ինչը, ԳԹԿ տնօրենի կարծիքով, աշակերտին օգնում է, որպեսզի վերջնական քննության ժամանակ վերջինս չհայտնվի արտակարգ վիճակում:

ԳԹԿ մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանն էլ նշեց, որ բացի ձեւաթուղթը լրացնել սովորելուց, այն նաեւ հնարավորություն է տալիս ստուգումները կատարել համակարգչի միջոցով: Մեզ հետ զրույցում պարոն Նասիբյանն ասաց, որ արտաքին գնահատումը թույլ է տալիս իմանալ, թե, օրինակ, միջին դպրոցից ավագ դպրոց ի՞նչ շրջանավարտ է մտել. «Տարիներ շարունակ դպրոցում ավանդույթ կար, ասենք՝ տարրական դպրոցի ուսուցիչն ասում էր՝ ես լավ աշակերտ եմ տվել, դուք միջինում փչացրել եք, միջինինն էլ ասում էր՝ ավագն է փչացրել: Փորձում ենք օգնել ծնողին, դպրոցի տնօրենին, գուցե ինչ-որ տեղ տնօրենը կարող է վերապահումով մոտենալ իր ուսուցչին կամ ուսուցչուհուն, բայց երբ դրսի աչք է գալիս եւ ցույց տալիս, որ տարրականի շրջանավարտներն այնքան էլ լավ գիտելիքով չեն եկել միջին դպրոց, դա զգաստացնում է ե՛ւ ուսուցչին, ե՛ւ տնօրենին, ինչպես նաեւ կրթության վարչության համապատասխան բաժնին»:

Ստ. Շահումյանի անվան թիվ 1 միջն. դպրոցի փոխտնօրեն Կարինե Սաքանյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե կողմ է նման ստուգումներին, բայց դրանք պետք է կազմակերպված եւ ճիշտ լինեն, որպեսզի արդյունքն էլ արդյունավետ լինի: Մասնագիտությամբ կենսաբան Սաքանյանը գտնում է, որ ստուգման մասին պետք է երեխային նախապես տեղեկացնել, որպեսզի հոգեպես պատրաստ լինի, այլապես երեխայի գիտելիքները վախից հօդս կցնդեն. «Եղել եմ արտերկրում՝ ԱՄՆ-ում, 5-ամսյա փորձաշրջան եմ անցել, այցելել ամերիկյան եւ հայկական դպրոց: Այնտեղ տնօրենը մի շաբաթ առաջ նախապես զանգում էր բոլոր երեխաների տներ, ծնողներին ասում՝ լավ կերակրեք, այնպես արեք, որ երեխան չբացակայի: Մեկ շաբաթ երեխան պարապում էր եւ պատրաստ էր լինում գրավոր գրելուն: Մեզ մեկ օր առաջ են տեղեկացրել, բայց ասել են՝ այս դասարանը ֆրանսերենից է գրելու, այսօր պարզվել է, որ նույն դասարանը մաթեմատիկայից պիտի գրավոր գրի: Որքանո՞վ է դա ճիշտ»: Ստ. Շահումյանի անվան դպրոցի տնօրեն Լիլի Վարդգեսյանը դեմ էր զգուշացնելուն՝ «Ո՛չ երեխաները, ո՛չ տնօրենը, ո՛չ էլ ուսմասվարը չպետք է իմանան»: ԳԹԿ տնօրեն Գ. Խաչատրյանը հարցի առնչությամբ «Առավոտին» ասաց, թե իրենք դիմել են Երեւանի քաղաքապետարանին. «Գնդակը քաղաքապետարանի դաշտում է, իրե՛նք էին պարտավոր տեղեկացնել»: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության հանրակրթության բաժնի պետ Անահիտ Մելքոնյանն էլ այս առնչությամբ պատասխանեց, որ դպրոցներին նախապես տեղեկացվել է: Նա, սակայն, կարծում է, որ երեխային նախապես տեղեկացնել պետք չէ. «Երեխան դրանից լարվում է, մանավանդ որ՝ արտաքին գնահատում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել