Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ՀՀ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»

Նոյեմբեր 05,2010 00:00

Կրթահամակարգի կնճռոտ խնդիրները՝ բլոգերների մատուցմամբ

Եթե տարիներ առաջ կրթության բնագավառում գոյություն ունեցող հիմնախնդիրներին վերաբերող խոսակցությունները սահմանափակվում էին հասարակության շրջանում ասեկոսեներով, տարատեսակ խոսակցություններով, վերջին տարիներին կրթության ոլորտը քննարկման առարկա է դարձել օն-լայն միջավայրում՝ բլոգներում:

«Առավոտի» «ճամփորդությունը» տարբեր բլոգներում ցույց տվեց, որ այստեղ քննարկումներն ավելի անկաշկանդ են: Իհարկե, երբեմն դրանք հասնում են գռեհկության, սակայն ընդհանուր առմամբ արտացոլում են ՀՀ կրթահամակարգի իրական վիճակը:

Buzand.livejournal.com բլոգի հեղինակը, օրինակ, ծաղրուծանակի է ենթարկում որեւէ մասնագիտությամբ փորձագետ կամ գիտական թեկնածու դառնալը: Նա հեգնանքով նշում է, թե ինչ կետեր պիտի իրականացնի անձը, որպեսզի դառնա «պատմաքաղաքափորձագետաբան կամ դրա նման մի բան»՝ հայաստանյան գիտական միջավայրում: Բլոգերը նշում է, որ այդպիսի ցանկություն ունեցող անձը պետք է ոչ ամբողջությամբ կարդա մեկ-երկու գիրք կամ մենագրություն, հնարավորինս (ցանկալի է ընդհանրապես չծանոթանալ) այլ տեսակետի, մասնավորապես՝ գիտական, պետք է լինի համարձակ, անմիջապես մերժի ցանկացած տեսակետ, հատկապես նրանք, որոնք գիտական են, երբեք չծանոթանա գիտական հաստատությունների ու ակադեմիկոսների գրվածքներին. դրանք բոլորը հին ու փտած բաներ են: Ըստ Buzand.livejournal.com բլոգի հեղինակի՝ գիտությունների թեկնածու դառնալու համար կարեւոր նախապայման է հնարավորինս լուրջ դեմքով ու, ամենակարեւորը, շատ արագ խոսելը, որեւէ սեմինար. բրիֆինգ, թոք-շոու, ասուլիս կամ անգլերենանման հնչողություն ունեցող այլ միջոցառում կազմակերպելը: Ամփոփելով՝ հեղինակը նշում է. «Որոշակի ջանքեր գործադրելուց հետո հաջողությունը երաշխավորված է: Դուք դառնում եք գիտական-փորձագետ»:

Parze.livejournal.com բլոգի հեղինակն էլ անդրադառնում է մանկավարժության հիմնախնդիրներին եւ իր գրառումներից մեկում նշում. «Ցավոք, այն երիտասարդները, որոնք չեն կարողանում բարձրագույն կրթություն ստանալ, ձգտում են ուսուցիչ-մանկավարժ դառնալ»:

https://artrblog.blogspot.com/2010/07/blog-post.html բլոգում ՀՊՃՀ ուսանող Արտուշ Ռուշանյանն էլ անդրադառնում է համալսարանական կրթության կնճռոտ հարցերին: Բլոգերը համալսարան բառի փոխարեն հատուկ շեշտադրումով օգտագործում է «հմալսարան» տարբերակը եւ նշում. «Ի՞նչ եվրոպականացման մասին կարող է խոսք լինել, եթե հայ ուսանողների ու դիմորդների 15%-ի համար համալսարանը «լռվելու ու ժամանակ մեռցնելու» վայր է, 30%-ի դեպքում՝ կին կամ ամուսին գտնելու տարածք, 35%-ի համար՝ բանակից ազատվելու միջոց: Էն 20%-ն էլ իբր գնում է մի բան սովորելու, էն էլ դրանց մի 10%-ն էլ հիասթափվում է: Այս բոլոր կետերին պլուս՝ վերջում դիպլոմ են «առնում», բա «գառդիռոբի» ոտքի տակ ի՞նչ դնեն»: Իր մասին պատմելով՝ Արտուշը նշում է. «Ես ինքս արդեն, ոչ բարով, 3-րդ կուրսի ուսանող եմ ու վերաբերում եմ հիասթափված 10%-ին: Ամբողջ կյանքս սովորել եմ, բայց հիմա գիրք-գրականությունից սիրտս խառնում է: 10 տարի սովորել եմ անգլերեն թեքումով դպրոցում, բայց եկա ինստիտուտ, առաջին կուրսից սկսեցինք անգլերենի այբուբենը անցնել, 2-րդում հեքիաթներ էինք կարդում: Ոչինչ չսովորեցի, իմացածս էլ մոռացա: «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներն ինֆորմատիկայի ժամերին ընդամենը word-ով տեքստեր էին հավաքում: Դա որքանո՞վ է ճիշտ: Վա՛յ, որքան եմ հոգնել այդ լեկցիաներից: Աջ ձեռքիս միջնամատն ինձնից արդեն զզվում է: Այ, որ մեր լեկցիաների գոնե 5%-ը գործնական, ակտիվ ու պրակտիկ դասեր լինեին, ես ու համակուրսեցիներիցս շատ-շատերը մեր «գյոզալական» մասնագիտությունից չէինք հիասթափվի ու կաշխատեինք մի բան սովորել»: Ամփոփելով՝ հուսահատ ուսանողը գրում է. «Մեր կրթական համակարգի վիճակը ծիծաղելի է: Ու ծիծաղում եմ, որ չլացեմ… Է՛հ, Խորենացի ջան, ողջ լիներ, հաստատ կասեր՝ Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, ողբամ զքեզ, ՀՀ կրթական համակարգ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել