Լրահոս
Օրվա լրահոսը

2009Թ. ԱՐՏԱՍԱՀՄԱՆ– ՀԱՅԱՍՏԱՆ

Նոյեմբեր 05,2010 00:00

82:18

\"\"Երկրի մրցունակության գնահատման հիմնական չափանիշներն են ՀՆԱ ծավալները եւ կառուցվածքը, մեկ շնչին բաժին հասնող ազգային եկամտի չափը, տնտեսության աճի տեմպերը, արդյունաբերական արտադրանքի ծավալները ՀՆԱ կառուցվածքում եւ արտահանման ծավալները։ Կան նաեւ այլ ցուցանիշներ, որոնք բնութագրում են տվյալ պետության տնտեսության վիճակը, բայց վերը նշվածներն այն կարեւորագույն մակրոպարամետրերն են, որոնք մշտապես պետք է գտնվեն պետության ուշադրության ներքո։

Մեր տիպի երկրների համար շատ կարեւոր է տեղական արտադրության զարգացումը, ներմուծման փոխարինումը եւ արտահանման առաջանցիկ աճի տեմպի ապահովումը ՀՆԱ աճի նկատմամբ։ Ասիական դինամիկ զարգացող երկրների փորձը հենց դա է հուշում։ Ցավոք, այս առումով շատ տխուր պատկեր է տիրում մեզ մոտ։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս տարվա 9 ամիսների ընթացքում ունեցել ենք ՀՆԱ-ի 2,8 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Թվում էր, թե վերջապես դուրս ենք գալիս ճգնաժամից եւ շարժվում ենք առաջ, սակայն նկատենք, որ Հայաստանում ճգնաժամը նոր չի սկսվել եւ հիմա չի ավարտվելու։ Ճգնաժամը կամ դրա հաղթահարումը միայն ՀՆԱ-ի աճը կամ անկումը չեն։ Քանի դեռ Հայաստանը չի դարձել արտադրող եւ արտահանող երկիր, խոսել ճգնաժամի հաղթահարման կամ դրա չհաղթահարման մասին՝ համարում եմ կոնյունկտուրային ու պարզունակ բանավեճ։

Այսպես. այս տարվա հունվար–սեպտեմբեր ամիսների տվյալներով, ներմուծումը գերազանցում է արտահանմանը ավելի քան 3,8 անգամ։ Ընդ որում, եթե դիտարկենք մեր արտաքին առեւտրի կառուցվածքը, ապա պարզ կդառնա, որ ՀՀ-ի արտահանման հիմնական ուղղությունը հումքային ռեսուրսների վաճառքն է եւ ընդհանուր առմամբ արտահանվող ապրանքների ցանկը մեծ չէ, իսկ փոխարենը ներմուծվում են լայն սպառման ապրանքներ։ Տպավորությունը այնպիսին է, որ մենք գնալով նմանվում ենք լատինաամերիկյան ինչ-որ հետամնաց երկրի, ասենք՝ Հոնդուրասին, որը արտահանում է հիմնականում բանան եւ ցինկ, այսինքն՝ հումք: Եվ մենք էլ աստիճանաբար դառնում ենք «բանանային երկիր»: Մեր երկրի արտահանման ծավալների կեսից ավելին հանքանյութ է: Մեր տնտեսությունը հիվանդ է: Ախտորոշումը՝ ներմուծախեղդ վիճակ: Հիվանդին բուժելու փոխարեն, մենք նրա կյանքը երկարացնելու համար ցավազրկող թմրադեղ ենք սրսկում՝ սփյուռքի, արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների ուղարկած տրանսֆերտների եւ դրսից ստացվող վարկերի տեսքով: Եվ եթե հանկարծ մի օր այդ մարդիկ որոշեն գոնե մեկ ամիս փող չուղարկել, կունենանք տնտեսական խայտառակ իրավիճակ: Տրանսֆերտների ծավալները կազմում են տարեկան 4,5 մլրդ դոլարից ավելի: Այդ 4,5 միլիարդը պետք է գոյանար արտադրության եւ արտահանման շնորհիվ, մեր երկրում ստեղծելով բազմաթիվ աշխատատեղեր: Սակայն այդ փողը որպես օգնություն ստանալով, այսօր մեր բնակիչները գնում են ներմուծված ապրանքներ: Այսինքն՝ այդ փողը ինչպես գալիս, այդպես էլ երկրից դուրս է գնում, չստեղծելով աշխատատեղեր, բարեկեցություն: Փաստորեն, մեր քաղաքացիները, գնելով ներմուծված ապրանքներ, բարեկեցություն են ստեղծում այդ ապրանքները արտադրող երկրների համար: Վերջերս ՀՀ ԱԺ-ն ընդունեց մի օրենք, որով հավասարեցվում է մեր տնտեսության որոշ կարեւոր ճյուղերի ներմուծման եւ տեղական արտադրության համար հարկային բեռը: Ըստ այդմ մենք, արտահանումը եւ հայրենական արտադրությունը խրախուսելու փոխարեն, ընդունում ենք այնպիսի օրենքներ, որոնք խթանում են ներմուծումը: Ներմուծվող ապրանքատեսականին ցույց է տալիս, որ Հայաստան են բերվում ոչ միայն այն ապրանքները, որոնց բացակայությունն օբյեկտիվորեն ստիպում է ձեռք բերել դրանք դրսից (վառելիք, կենցաղային տեխնիկա եւ այլն), այլ նաեւ այնպիսի ապրանքներ են մուտք գործում հայաստանյան շուկա, որոնք այսօր էլ ներքին շուկայում առաջարկվում են բազմաթիվ տեղական արտադրողների կողմից: Խոսքս վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներին՝ գրեթե բոլոր պարենային ապրանքատեսակներին, թեթեւ արդյունաբերության ոլորտին եւ այլն։ Սա ռեգրեսիա ապրող հասարակության ու պետության ապրելաոճ է, որը սպառնալիք է բոլորիս համար։ Ճիշտ է, տեղական արտադրություն կա, բայց դա մեր հնարավորությունների չնչին մասն է։ Երբ ներմուծողը, որոշ չինովնիկների օգնությամբ, ճնշում է գործադրում տեղական արտադրողի վրա, որի պատճառով վերջինս կորցնում է իր շուկան, երկրում մեծանում է գործազուրկների թիվը: Ներմուծողի պատճառով իր աշխատանքը կորցրած քաղաքացին այլեւս աշխատավարձ չի ստանում, կորցնում է գնողունակությունը եւ այլեւս չի կարող գնել նաեւ ներմուծված ապրանքները: Ներմուծողը ոչնչացնելով տեղական արտադրությունը, կորցնում է գնողունակ սպառողական պահանջարկը եւ ինքն էլ է սկսում վնասներ կրել: Ցանկալի է, որ մեր ներմուծողները հասկանան այս պարզ ճշմարտությունը: Ֆինանսների մյուս աղբյուրը դրսից ստացվող վարկերն են, որոնց շնորհիվ աճում է երկրի արտաքին պարտքը: 2010 թվականի վերջին մեր արտաքին պարտքը կհասնի 3 մլրդ 617 մլն դոլարի, ինչը մեր ՀՆԱ-ի 41,9 տոկոսն է: Այս առումով էլ վիճակը գնալով ավելի վտանգավոր է դառնում: Եթե արտաքին պարտք – ՀՆԱ հարաբերակցությունը հասնի 50%-ի, մենք կհայտնվենք վտանգավոր ֆինանսական գոտում: Կանխատեսվում է, որ 2013թ.-ին արտաքին պարտքը կկազմի 4 մլրդ 089,7 մլն դոլար, որի սպասարկման համար պետությունը պետք է ծախսի 255,6 մլն դոլար: Որտեղից պետք է գտնենք գումարներ արտաքին պարտքի ահագնացող աճը սպասարկելու համար: Պատկան մարմինները հույսը դնում են արտահանման աճի վրա: Արտահանման աճի առումով նրանց կանխատեսումները շատ լավատեսական են: Ինչի հաշվին է աճելու արտահանումը: Հետագա տարիներին արտահանման նման աճ ունենալու համար պետությունը այսօր արդեն պետք է վարեր հայրենական արտադրության եւ արտահանման աջակցության եւ խրախուսման քաղաքականություն: Իսկ այսօրվա միտումը տեղական արտադրությունը խեղդելն է եւ ներմուծման խրախուսումը: Պետական տարբեր գերատեսչությունների խնդիրը պետք է լիներ որոնել եւ գտնել շուկաներ հայկական ապրանքների համար: Առեւտրաարդյունաբերական պալատը, Զարգացման հայկական գործակալությունը, էկոնոմիկայի նախարարությունը, ԱԳՆ-ն՝ դեսպանատներում տնտեսական կցորդների օգնությամբ, պետք է լծված լինեին այս գործին: Աշխարհի բոլոր, քիչ թե շատ զարգացած, երկրներում այս գործը դրված է լուրջ հիմքերի վրա: Նախանձելի է Բելառուսի օրինակը: Հայաստանում բացված Բելառուսի առեւտրի տան ներկայացուցիչները կաշվից դուրս են գալիս իրենց երկրում արտադրվող ապրանքները Հայաստանի տարբեր ընկերություններին վաճառելու համար:

Ժամանակին մենք լիովին անպատրաստ նետվեցինք Առեւտրի համաշխարհային կազմակերպության գիրկը: Մեր հանճարեղ տնտեսագետ չինովնիկները այդ տարիներին ուզում էին, ինչպես ժողովուրդն է ասում, ունքը սարքել, սակայն աչքն էլ հանեցին, վտանգելով մեր հետագա զարգացումը: Ասածիս վկայությունն է արտահանում-ներմուծում տոկոսային հարաբերակցության դինամիկան: Եթե 2002 թվականին, երբ մենք դեռ ԱՀԿ անդամ չէինք, արտահանումը կազմում էր արտաքին առեւտրի 36%-ը, իսկ ներմուծումը՝ 64%-ը, ապա 2009 թվականին արդեն ունենք շատ ավելի վատ պատկեր. արտահանում՝ 18%, ներմուծում՝ 82%, այսինքն՝ տոկոսային հարաբերակցությունը կրկնակի նվազել է՝ ի վնաս արտահանման: 2010 թվականը դեռ չի ավարտվել, տվյալները դեռ չեն ամփոփվել, սակայն հույս ունենք, որ այս տարի պատկերն ավելի հուսադրող կլինի: ԱՀԿ-ի գոյությունը ձեռնտու է միայն զարգացած տնտեսություն ունեցող երկրների համար, իսկ նորերին անդամագրում են հնարավորինս վատ պայմաններով: Թույլ տնտեսություն ունեցող երկրները անդամակցում են առավելապես իմիջի համար, սակայն անդամագրվելուց հետո հայտնվում են ԱՀԿ-ի ճնշման տակ եւ ստիպված են լինում, այդ կազմակերպության թելադրանքով, ընդունել այնպիսի օրենքներ, որոնք խոչընդոտում են տեղական արտադրությանը եւ գյուղատնտեսությանը: Փաստորեն, մեր ձեռքից կարող են խլել մեր շուկան, իսկ մենք ստիպված կլինենք ենթարկվել:

Եվս մեկ անհանգստացնող հանգամանք. Հայաստանում պետական գնումների տարեկան ծավալը կազմում է 182 մլրդ դրամ: Պետական գնումների կառուցվածքում տեղական ապրանքների բաժինը մոտ 20% է, իսկ ներմուծված ապրանքների բաժինը՝ մոտ 80%: Սա ցավալի փաստ է: Ընդ որում, որեւէ միջազգային կազմակերպություն՝ ԱՀԿ, ԱՄՀ կամ ՀԲ, չեն կարող ազդեցություն ունենալ երկրի բյուջեի եւ բյուջեի ծախսերի վրա: Անհասկանալի է, թե մեր չինովնիկները ինչու են պետական բյուջեի փողերով նախընտրում գնել ներմուծված ապրանքներ:

Իմ կողմից մատնանշված պարամետրերը հիմք ընդունելով՝ կարելի է ասել, որ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները, մեղմ ասած, մտահոգիչ են։

Ակնհայտ է, որ այս վիճակը նպաստում է արտագաղթի աճին, որի հետեւանքով կրճատվում են ներքին շուկայի ֆիզիկական ծավալները: Արդեն հեռուստատեսությամբ է գովազդվում ամերիկյան Green Card-ի խաղարկությունը: Ռուսաստանում մեծ թափով ձեռնամուխ են եղել Սիբիրի վերաբնակեցման պետական ծրագրի իրականացմանը: Եվ մեր բազմաթիվ հայրենակիցներ այս ծրագրով մեկնում են Ռուսաստան՝ մշտական բնակության: Հայաստանից հիմնականում մեկնում են արհեստավարժ մասնագետները, բնակչության ակտիվ զանգվածը, քանի որ չեն կարողանում իրենց ունակությունները կիրառել հայրենիքում: Վերջերս Կանադա մշտական բնակության մեկնեց հայտնի երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ, Հայջազբենդի գեղարվեստական ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Բոլոր ասպարեզներից հեռանում են լավագույն մասնագետները: Հայտնի երգի բառերով ասած. «լավագույն տղերքը հեռանում են, օտար ափերում բախտ որոնում»: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով, 2009 թ.-ին Հայաստանից հեռացել եւ չի վերադարձել 52 198 մարդ, իսկ արդեն 2010թ.-ի 9 ամիսների տվյալներով՝ 69 890 մարդ: Իմ կանխատեսմամբ, 2020 թվականին սկսվելու է մասնագիտական-կադրային աղետալի սով: Ուղեղների այս արտահոսքը, իհարկե, նոր չի սկսվել, սակայն այն գնալով ահագնանում է:

Փորձը ցույց է տվել, որ բոլոր ազգերն ու պետությունները զարգանում կամ հետընթաց են ապրում հանրային կյանքի կազմակերպման մոդելների, նորմալ կամ անկատար օրենսդրության եւ այլ նմանատիպ հանգամանքներով պայմանավորված։ Դա է պատճառը, որ, օրինակ, Հյուսիսային Կորեան թերզարգացած է, իսկ Հարավային Կորեան հարյուր տարով առաջ է անցել եւ միջազգային շուկայում հայտնի է իր բրենդներով ու որակյալ արտադրանքով։ Նույն ազգն է, նույն լեզվով է խոսում, բայց տարբեր համակարգեր են ստեղծված, եւ արդյունքներն ակնհայտ են:

Խնդիրն այն է, որ օտար երկրներում գործարարությամբ զբաղվող հայը կարողանում է հաջողության հասնել այն պատճառով, որ միջավայրն է նպաստավոր։ Հետեւաբար մենք պետք է անենք այնպես, որ Հայաստանում հնարավորություններ ստեղծվեն հայի գործարար որակների բացահայտման համար։ Իսկ դա նշանակում է՝ պետության տնտեսական քաղաքականության փոփոխություն, որը կխթանի տեղական արտադրությունը, արտահանման խրախուսման միջոցառումներ եւ ներմուծող-պետական չինովնիկ, կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող հարաբերությունների վերացում, որը ամենալուրջ խոչընդոտն է տեղական արդյունաբերության զարգացման համար։

Միայն արտադրող եւ արտահանող Հայաստանը շանս ունի իր տեղը գրավել տարածաշրջանում, ապահովել իր անվտանգությունը եւ ՀՀ քաղաքացիների բարեկեցությունը։ Այլ ճանապարհ չկա։ Պետք է օր առաջ գործի անցնել եւ կյանքի կոչել տնտեսական հայրենասիրության գաղափարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել