«Հայաստան» համահայկական հիմնադրամի իրականացրած ծրագրով Սյունիքի մարզի ամենահարավային Նռնաձոր գյուղում կառուցվել է խմելու ջրատար՝ Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի հայոց թեմի հովանավորությամբ: Ծրագրի արժեքը 87,3 մլն դրամ է: Խողովակաշարի բացումը երեկ էր՝ Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի հայոց թեմի պատվիրակության «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ջրագիծը մոտ 3,2 կմ երկարություն ունի: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 4-5 օր առաջ: Ամռան 3 ամիսներին գյուղում ջուր չէր լինում, ցամաքում էր աղբյուրը, եւ բնակիչները ստիպված դույլերով ջուր էին բերում գյուղից 3 կմ հեռու գտնվող աղբյուրից: Այժմ ջրատարի կառուցումից հետո գյուղի բոլոր տներին ջուր կհասցվի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Նռնաձորի գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը: Ջրատարի կառուցման ծրագիրը մեկնարկել էր դեռեւս 2008թ. հոկտեմբերին: Կառուցվել են նոր ջրընդունիչ հոր, ջրամատակարարման ներքին ցանց, 2 ջրավազան եւ պոմպակայան: Արդյունքում կենարար ջուրը հասանելի է համայնքի յուրաքանչյուր տանը: Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղը 154 բնակիչ ունի: Մայրաքաղաքից 429 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը սահմանակից է Իրանին: Ժամանակին գյուղն ադրբեջանաբնակ է եղել: Ղարաբաղյան շարժման տարիներին ադրբեջանցիները հեռացան գյուղից, որից հետո այստեղ բնակվելու եկան Գետաշենից տեղահանվածները՝ գյուղաբնակների մոտ 40%-ը գաղթականներ են: