Մինչ թեղուտցիները հավաստիացնում են, թե «չենք ապրըմ, յոլա ենք քինըմ», գյուղապետը պնդում է, որ Դիլիջանի զարգացումը բերում է Թեղուտի զարգացման
Դիլիջան քաղաքից 8-9 կմ հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի Թեղուտ գյուղը առանձին համայնք է 1993-ից այսկողմ, մինչ այդ եղել է Հաղարծինի մի թաղամաս: Բնակիչների պատմելով՝ նախկինում գյուղի տարածքում ծխախոտ են մշակել, գործարաններ են աշխատել, այժմ շուրջ 1600 բնակիչ ունեցող գյուղում բնակիչները ոչ մի զբաղմունք չունեն: Հողագործությամբ զբաղվել մարդիկ չեն կարող՝ հողերը բերրի չեն, ոռոգման ջուր չկա: Գյուղի 248 հեկտար վարչական տարածքից 105 հեկտարը գյուղատնտեսական է, որից ընդամենը 11 հեկտարն է վարելահող: Թեղուտցիների ասելով՝ անասնապահությամբ զբաղվելը եւս ձեռնտու չէ, խոտ կարող են բերել միայն 30 կմ հեռավորությունից, որը, գյուղացիների պնդմամբ, շատերի համար թանկ հաճույք է: Թեղուտում մինչ այսօր մանկապարտեզ չի եղել, ինչը եւս շատ թեղուտցիների համար խնդիր է, չեն կարող աշխատել, որովհետեւ ստիպված են ողջ օրը երեխաներին հետեւել: «Մեր գյուղի տների 30%-ը դատարկ է, գյուղում հիմնականում մեծերն են մնացել, ջահելները դուրս են գնում աշխատելու ու վերադառնալու ցանկություն չեն ունենում: Մենք էլ մի կարտոշկա ենք մշակում, էն էլ բերք չի տալիս, անջրդի է»,- ասում է 51-ամյա Սամվել Փիրումյանը: 70-ամյա Գրետա Զարգարյանի խոսքով՝ «Մի ֆիրմա, հիմնարկ չկա, որ աշխատենք, սովետի հետ ամեն ինչն էլ՝ կարգն էլ, կյանքն էլ, կուլտուրան էլ քինաց- կորավ: Մենք չենք ապրըմ, յոլա ենք քինըմ, ասել Թումանյանի՝ սաղ ենք, մեռած չենք»: Երբ հետաքրքրվեցինք մշակութային կյանքի մասին, գյուղամեջում հավաքվածներից մի քանիսը չհասկացան հարցի իմաստը, հարցնում էին՝ ի՞նչ է մշակույթը, ոմանք էլ բացատրում էին համագյուղացիներին. «Էն որ մարդիկ կուլտուրապես զարգանում են, համերգ են գնում, տելեվիզոր են նայում»: Նույնիսկ հեռուստացույցը, ինչպես թեղուտցիներն էին ասում, իրենց համար իրականությունից հեռու մի բան է: Գյուղում 2 հեռուստաալիք է հասանելի՝ «Հ1»-ը եւ մեկ ռուսական ալիք, ընտանիքների մոտ 10%-ը արբանյակային հեռուստատեսությունից է օգտվում: Թերթի երես թեղուտցիները վաղուց չեն տեսել, բայց հպարտանում էին, որ երիտասարդները հնարավորություն ունեն ինտերնետից օգտվել:
«Առավոտը» զրուցեց Թեղուտի գյուղապետ Գեւորգ Թամրազյանի հետ: «Ըստ վիճակագրական տվյալների, մարզի կտրվածքով մեր գյուղը համարվում է սոցիալական առումով միջինից բարձր համայնք: Մյուս համայնքների համեմատությամբ Թեղուտն անմխիթար չէ, որ մնացած համայնքները տեսնեք, կհամոզվեք, որ բավականին տարբերություն կա»,- հավաստիացրեց գյուղապետը: Միեւնույն ժամանակ հավելեց, որ մեծ է ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնողների թիվը եւ արտերկրից եկած գումարները թեղուտցիների ապրուստի հիմնական միջոցն են: Գյուղապետը վերջին 2 տարիներին արտագաղթողների թվի նվազում է նկատել՝ կապված ճգնաժամի հետ. «Հիմնական բացակաները 120-150-ն են, բայց ունենք նաեւ հայրենադարձության դեպքեր, որը շատ ուրախալի է»: Մեր զրուցակիցը հայտնեց, որ համայնքի բյուջեի մեծ մասը ծախսում են ճանապարհների պահպանման, սպասարկումների ու աղբահանության վրա: Ճանապարհները, սակայն, խիստ անմխիթար վիճակում են, ասֆալտ չկա, լայնությունն էլ հազիվ մեկ մեքենայի անցում է ապահովում:
Գյուղը գազիֆիկացված է, խմելու ջրի խնդիր թեղուտցին չունի: Պարոն Թամրազյանը հայտնեց, որ համայնքը վճարում է բնակիչների ծախսած ջրի դիմաց եւ նույնիսկ ջրաչափ տեղադրված չէ: Գյուղապետը տեղեկացրեց, որ համայնքում այժմ իրականացվում է ներհամայնքային ճանապարհներին կից հենապատերի կառուցման ծրագիր. «Հատկապես գարնանը վարարումների եւ սելավների հետ կապված՝ մեզ մոտ ահավոր վնասներ կան: Պատճառը նաեւ գյուղատնտեսական հողերի անմշակ թողնելն է, որովհետեւ երբ հողը խոնավությունը չի ներծծում, ջուրը սելավի ձեւով գալիս- լցվում է գյուղ»: Մանկապարտեզ չունենալու մասին էլ գյուղապետն ասաց, որ ներկայացրած մի շարք ծրագրեր ունի, իսկ ակնկալիքը հիմնականում «Հայաստան» համահայկական հիմնադրամից է. «գյուղում 2-6 տարեկան մոտ 50 երեխա կա, նախատեսում ենք համայնքային կենտրոնի շենքում մանկապարտեզ էլ բացել»:
Չնայած թեղուտցիները վստահեցնում էին, որ Դիլիջանի՝ իրենց գյուղին մոտ գտնվելը գյուղացիների եւ գյուղի զարգացման վրա որեւէ կերպ չի անդրադառնում, գյուղապետ Գեւորգ Թամրազյանը վստահեցրեց. «Մեր գյուղի վրա մեծ ազդեցություն ունի նաեւ Դիլիջանի եւ Հաղարծին վանքի մոտ գտնվելը, ունենք նաեւ Դիլիջանի դպրոցներում, բանկերում աշխատող թեղուտցիներ: Շփումը մեծ է տուրիստների հետ: Բնակչության մի զանգված, հատկապես նրանք, որ մոտ են ճանապարհին, փոքր ու միջին առեւտրով են զբաղվում, դա իրենց սեզոնային աշխատանքը կարելի է համարել: Մեր համայնքի վաղվա զարգացումը կապված է տուրիզմի հետ, եւ Դիլիջան քաղաքին վերաբերող յուրաքանչյուր ծրագիր ազդում է նաեւ մեր համայնքի վրա»: