«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի տիրապետում որեւէ տեղեկատվության, թե մամուլում նշված անձինք որեւէ մեղսակցություն ունեն Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարված որեւէ հանցագործության»,- հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազությունը՝ ի դեմս գլխավոր դատախազի տեղակալ Ե. Զաբարչուկի: Այդպիսով, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հերքել է օրերս հայաստանյան մամուլում տեղ գտած «տեղեկատվությունը», թե Ռուսաստանի Դաշնությունում քննվող քրեական գործերով շոշափվում են նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների անունները, եւ անգամ կազմվել է նման ցուցակ ու ՌԴ գլխավոր դատախազության կողմից փոխանցվել ՀՀ գլխավոր դատախազին: Հայաստանի գլխավոր դատախազությունը նախկինում հանդես էր եկել հերքումով՝ հայտարարելով, որ տպագրվածը մտացածին է, արհեստածին: Իրեն երկար սպասեցնել չտվեց նաեւ Ռուսաստանի դատախազության արձագանքը՝ հայտարարելով, որ թերթում զետեղվածը իրականությանը չի համապատասխանում: Ռուսաստանի Դաշնության դատախազությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել ճիշտ հակառակի մասին վկայող պաշտոնական գրություն՝ ընդգծելով, որ տեղեկություններ չունեն թերթի «մատնանշած» քրեական գործերի առկայության մասին: Հետեւապես, չէին կարող ինչ-որ ցուցակ կազմել, առավել եւս հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին:
Ընդ որում՝ Ռուսաստանի դատախազությունը պաշտոնական գրություն է ուղարկել Հայաստանի դատախազություն՝ հերքելով հայկական մամուլի հրապարակումները: