Երեկ, ժամը 10.30-11-ի սահմաններում, ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները Մասիսի եկեղեցու հարեւանությամբ գտնվող գերեզմանոցի տարածքում հայտնաբերել են 25-30 տարեկան կնոջ դիակ՝ բռնության հետքերով:
Կինն ամբողջովին մերկ է եղել: Մահացած կնոջ մոտից գտել են քարեր, որոնց վրա առկա են եղել արյան հետքեր:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Մարգար Մելքոնյանը, Մասիսի ոստիկանապետ Գուրգեն Բեգլարյանը, օպերատիվ քննչական խումբն ու փորձաքրեագետները: Մարզային վարչության պետը հանձնարարել է փորձաքրեագետին, որպեսզի նախ լվանան հայտնաբերված դիակի դեմքի արյան հետքերը, լուսանկարահանեն, որպեսզի կարողանան ճշտել նրա ինքնությունը:
Մարգար Մելքոնյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ոստիկանությունը մի քանի վարկած է առաջ քաշում, սակայն իրենց համար առաջնայինը անձի ինքնությունը ճշտելն է: