Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՍ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

Նոյեմբեր 05,2010 00:00

Ոստիկանություն դիմե՞մ, թե՝ ոչ

Օրեր առաջ, ժամը 18-ի սահմաններում, ուսանող տղաս համակուրսեցու հետ մեր ընտանեկան «Ժիգուլի» ավտոմեքենան կանգնեցրել էր Արշակունյաց պողոտայի ոսկերչական գործարանին հարող մայթի մոտ եւ գործով գնացել հարեւանությամբ գտնվող Մամուլի տուն: Ընդամենը կես ժամից վերադառնալով՝ երիտասարդները տեսել էին մեքենան թալանված: Գողերը տարել էին ավտոմեքենայի միանգամայն նոր մագնիտոֆոնը, տղաների նոր գնված բաճկոնները եւ բեռնախցում եղած ավտոգործիքները: Ընդհանուր վնասը կազմել էր մոտավորապես 90 000 դրամ:

Ակնհայտ է, որ գողությունը կատարել էին նախօրոք այդ տարածքը հսկող անձինք, ովքեր տեսել էին, թե ինչպես են երիտասարդները ավտոմեքենան կանգնեցրել փողոցի ավտոհսկիչ չունեցող հատվածում, տեսել էին, որ երիտասարդները բանալիով փակել են մեքենայի դռներն ու գնացել Մամուլի տան ուղղությամբ: Ակնհայտ է, որ պատահական մարդիկ չէին համարձակվի թալանել փողոցում կանգնած ավտոմեքենան, չիմանալով, թե երբ կվերադառնա դրա վարորդը:

Իմիջիայլոց, ասում են, որ ոսկերչական գործարանի մուտքի մայթը օրնիբուն հսկում են տեսախցիկները:

Ավտոմեքենայի գողությունն ինձ համար նորություն չէր, բազմաթիվ անգամ եմ լսել ու կարդացել այդպիսի եւ ավելի դաժան դեպքերի մասին:

Հետաքրքիրն այլ բան էր, որը ուղղակի զարմացրեց ինձ:

Քանի որ ես էլ, որդիս էլ առաջին անգամ էինք թալանվել, որոշեցի Կենտրոնի ոստիկանությանը հայտնելու որոշումիս մասին խորհուրդ հարցնել ինձ ընկեր ու բարեկամ բազմափորձ վարորդներից: Եվ, ի զարմանս ինձ, բոլորից ստացա համարյա միեւնույն՝ հիասթափեցնող պատասխանը:

– Անիմաստ է: Այդպիսի գողերը համագործակցում են թաղային ոստիկանների հետ: Արդյունքի չես հասնի: Անտեղի նյարդերդ կքայքայես: Ընկել ենք՝ գիտենք:

– Հայտարարությունդ կընդունեն, սակայն քեզ, տղայիդ ու նրա ընկերոջը այնքան կտանեն-կբերեն, կաբինետների դռների մոտ ժամերով կսպասեցնեն, մինչեւ որ ինքդ կհրաժարվես քո ձեռքով գրած հայտարարությունից: Օգուտդ կլինի միայն ժամերով քննիչների տհաճ ու հոգնեցուցիչ հարցաքննությունները, ավտոմեքենայի զննությունը, մատնահետքեր վերցնելը, տեղեկանքներ ներկայացնելը եւ այլն: Վերջում էլ կասեն՝ գնացեք, երբ գողերին բռնենք՝ ձեզ կտեղեկացնենք:

– Այսքան ժամանակ ո՞ր գողին են բռնել, որ դրանց բռնեն: Անիմաստ գլխացավանքի մեջ կընկնես, պատեհ-անպատեհ ժամերին՝ քեզ աշխատանքի ժամին, տղայիդ դասի ժամին կզանգեն ու շտապ կկանչեն ոստիկանություն, կառաջարկեն այս կամ այն թուղթը ստորագրել, այս կամ այն ցուցմունքը փոխել եւ այլն: Ժամանակին չգնալու կամ ուշանալու դեպքում մի բան էլ կգոռգոռան, կահաբեկեն: Կամ կպարզվի, որ քննիչը շտապ տեղ է գնացել, պիտի գաս վաղը: Տառապանքս փորձ ունի:

– Հայտարարությունդ կվերցնեն, մի քանի ամիս կպահեն, հետո ինչ-որ մեկին մի այլ գողության վրա կբռնեն, կստիպեն, որ ձեր ավտոմեքենայի գողությունն էլ իր վրա վերցնի, կդատեն- կգնա: Ձեզ էլ կհայտնեն, որ գողը բռնվել է, հանցագործությունը բացահայտվել է, գործը՝ փակվել: Նույնիսկ կխնդրեն, որ իրենց գրավոր շնորհակալություն հայտնես մամուլով:

Բարձրաստիճան ոստիկան ընկերս էլ ի պաշտոնե ասաց, որ ոստիկանությանը հայտնել անհրաժեշտ է, հույսեր փայփայելը՝ ոչ: Կորուստդ վերադարձնելու հավանականությունը ձգտում է զրոյի:

Այսքան եւ դեռ ավելի բարի խորհուրդներ լսելուց հետո որդուս հետ որոշեցինք ոստիկանություն չդիմել եւ համակերպվել մեր կորստի հետ, դեռ մի բան էլ հրապարակային շնորհակալություն հայտնել գողերին, որ չեն գողացել մեր հնամաշ «Ժիգուլին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել