«Վերջին շրջանում լրջագույն դժգոհություններ են հասնում մեզ՝ առողջապահության ոլորտում կոռուպցիոն երեւույթների մասին: Խնդիրները վերացնելու նպատակով, հանձնարարական նախարարին՝ 10 օրվա ընթացքում առաջարկությունների փաթեթ ներկայացնել վարչապետին՝ ընդհուպ մինչեւ կադրային փոփոխություններ՝ սկսած աշխատակազմի ղեկավարից, վերջացրած նախարարի տեղակալներով, որոնք այդ գործառույթներում մասնակցում են կամ բավարար չափով չեն պայքարում այդ երեւույթների դեմ»,- երեկ կառավարության նիստի ժամանակ խոսքն ուղղելով առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանին՝ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ եթե ոլորտում կոռուպցիոն երեւույթները վերացնելու ուղղությամբ կադրային փոփոխություններն էլ չօգնեն, իրենք ստիպված կլինեն դիմել կտրուկ քայլերի: Լրագրողները Հայկ Դարբինյանից հետաքրքրվեցին՝ վարչապետի հանձնարարականը ինչպե՞ս են կյանքի կոչելու. «Հիմա պատրաստ չեմ պատասխանելու, նոր է խնդիրը դրվել: Դե, կոռուպցիա կա, որ ասվեց՝ ուրեմն կա: Դրա համար պետք է ուսումնասիրել, քննարկել ու տեսնել»: Իսկ ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, փոխնախարարը դժվարացավ պատասխանել, թե արդյունքում նախարարության որքան աշխատակիցներ կազատվեն աշխատանքից, ապա նշեց, որ վարչապետի հանձնարարությունը պետք է նայվի. «Դա չի նշանակում, թե հատկապես փոխնախարար կամ տեսչության պետ պետք է ազատվի»: Ի դեպ, երեկ կառավարությունը հավանության է արժանացրել ռազմական գործողությունների հետեւանքով 1992-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հայեցակարգը: ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի խոսքով, համայնքից բռնի տեղահանվել է 704 ընտանիք, որից 652 ընտանիքը ապրում է Գեղարքունիքի մարզում, իսկ մնացածը՝ այլ մարզերում: Նախարարը նշեց նաեւ, որ ուսումնասիրությունների արդյունքում 513 բնակելի տներից 331-ը 5-րդ, 4-րդ կարգի վթարային վիճակում են. «Արդյունքում, պարոն վարչապետ, 704 ընտանիքից առաջնահերթ բնակարանային խնդիրների լուծման կարիք ունի 482 ընտանիք, որոնցից 151-ը ժամանակավոր կացարաններում է բնակվում, իսկ 331-ը՝ 4-րդ կամ 5-րդ կարգի վթարային շենքերում»: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության անդամների (Արմեն Մարտիրոսյան, Լարիսա Ալավերդյան, Ստյոպա Սաֆարյան, Անահիտ Բախշյան, Զարուհի Փոստանջյան եւ Րաֆֆի Հովհաննիսյան) օրենսդրական առաջարկությանը՝ նվազագույն աշխատավարձը սահմանել 45000 դրամ: Կառավարությունը այս որոշումը մեկնաբանում է նրանով, որ նման կտրուկ բարձրացումը կխաթարի մակրոտնտեսական կայունությունը: Վարչապետն էլ նկատեց, որ եթե տնտեսական աճը բարձր լինի, հնարավոր կլինի աշխատավարձը բարձրացնել պատգամավորների առաջարկությանը համապատասխան: