Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հետ համաձայն է

Նոյեմբեր 05,2010 00:00

\"\"«Որտեղ կան կաշառակերներ՝ պետք է վերացնենք»: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսպես մեկնաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ առողջապահության ոլորտում կաշառակերությունը մեծացել է: Ա. Բաբլոյանի խոսքերով՝ «Ես վարչապետի հետ 100 % համաձայն եմ, պետք է վերացնել կաշառակերությունը, հիմա դա կլինի առողջապահության ոլորտում, թե մեկ այլ՝ ինձ համար էական տարբերություն չունի»:

Պարոն Բաբլոյանի համոզմամբ՝ կոռուպցիան վերացնելու կամ գոնե դրա դեմն առնելու միջոցներից էր համավճարի ներդրումը. «Պետք է անենք այն քայլերը, որոնք կբերեն նրան, որ բոլոր ծառայությունների գները կլինեն նախօրոք հայտնի, ոչ թե օրվա ընթացքում կամաց-կամաց ավելանալով»: ԱԺ պատգամավորի վստահեցմամբ, վերջին 3 ամսում ներդրված համավճարի ծրագրով, որն առայժմ գործում է միայն «Արաբկիր» բժշկական կենտրոնում, իրենք դասեր են քաղել. «Կարծում եմ, եթե մենք կարողանանք ծրագիրն ազնվությամբ իրականացնել, ապա մի կողմից կերեւա, թե ինչ եկամուտներ են օրինական ճանապարհով մտնում հիվանդանոց եւ ինչպես են այդ գումարները բաշխվում որպես աշխատավարձ, կոմունալ ծառայություններ, դեղորայք եւ այլն»: Պարոն Բաբլոյանի ներկայացմամբ՝ համավճարով աստիճանաբար պարզ է դառնում, թե ծախսային որ հատվածն է որպես բեռ մնում բնակչության վրա, եւ պետությունն էլ կամաց-կամաց կգնա նրան, որ այդ հատվածն էլ փակի, ինչպես որ եկող տարի նախատեսվում է անվճար դարձնել մինչեւ 7 տարեկանների բուժծառայությունները:

Խոսելով առողջապահության ոլորտում գնագոյացման մասին, Ա. Բաբլոյանը վստահեցրեց, որ ԱԺ-ում մի առաջարկ է արել, որը որոշակիորեն կմեղմի ծառայությունների գները. «Օրինակ, այս տարի առաջարկել եմ՝ ինչպես որ դեղորայքը, եթե պետք է պետությունը գներ, այնպես էլ բժշկական սարքավորումները եւս պետպատվերի դեպքում գնի պետությունը: Երբ մենք թողնում ենք, որ մոնոպոլ ներկրողները իրենք բերեն այդ սարքավորումները, ապա թանկ է արժենում: Նրանք կարող էին բարձր գներ դնել, դրա համար մենք առաջարկեցինք՝ այնտեղ, որտեղ պետությունն է պետպատվեր դնում, ապա ինքը ունենա հնարավորություն եւ այդ պարագաները ինքը ձեռք բերի, հաշվարկի եւ տա այն գինը, որը որ պետք է: Այսպիսով, կկարողանանք դաշտը կառավարել եւ մոնոպոլ ներկրողները չեն կարողա ավելի բարձր գներ դնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել