Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐՆԻՍԱԺՈՒՄ ՄԵԶ ԱՎԱՆԱԿԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ»

Նոյեմբեր 05,2010 00:00

Հայաստան այցելած տուրիստների վատ տպավորությունները՝ մեր երկրի մասին

Մինչ մեր կառավարությունը թվերով է ուրախանում, որ մեր երկիր այցելած զբոսաշրջիկները շատացել են, եւ տուրիզմը մեր երկրում զարգանում ու բարգավաճում է, իրենք՝ տուրիստները, իրենց, մեղմ ասած, ոչ այնքան լավ տպավորությունների մասին գրում են միջազգային տուրիզմի կայքերում, որ մյուս օտարերկրացիները հոգեբանորեն պատրաստված գան Հայաստան: Խոսքը Գառնի-Գեղարդի, Մասիսի, Սեւանա լճի, ծիրանի կամ լավաշի մասին չէ: Դրանք միշտ էլ հիացրել են օտարերկրացիներին, բայց կան տարրական խնդիրներ, որոնք մեր աչքի համար արդեն շատ սովորական են դարձել, իսկ տուրիստների համար հիասթափեցնող փաստեր են:

www.virtualtourist.com կայքում, որտեղ զբոսաշրջիկների համար ցանկացած երկրի մասին մանրամասն տեղեկատվություն կա՝ սկսած հյուրանոցներից, մարդկանց հյուրընկալությունից ու մակարդակից մինչեւ շուկայական գներն ու ազգային ուտելիքները, Հայաստանի մասին այնպիսի դիտողություններ կան, որ լրիվ կհիասթափեցնեն ցանկացած մարդու, ով մինչ այդ որոշած լինի այցելել մեր երկիր: Ընդ որում, այդ դիտողություններն ու գնահատականները կայքում զետեղել են Գերմանիայից, Իտալիայից եւ եվրոպական այլ երկրներից այն տուրիստները, որոնք այցելել են Հայաստան եւ պարզապես կիսվել իրենց տպավորություններով:

Նրանք մեր երկիրը ներկայացնում են ապահով եւ միաժամանակ խիստ վտանգավոր, ուստի զգուշացնում են, որ օդանավակայան ոտք դնելուն պես արտասահմանցիները խիստ զգուշանան մեր փոխարժեքի փոխանակման կետերից: Տուրիստներից մեկի խոսքերով՝ «ցուցանակի վրա ուրիշ թիվ է փակցված, բայց փողը փոխանակում են լրիվ ուրիշ կուրսով, ուստի ցանկացած change-ի մոտենալուց առաջ պետք է լավ կշռադատես քայլերդ եւ ուշադիր լինես, որ չխաբվես»: Մեկ այլ զբոսաշրջիկ բողոքում է, որ երեկոյան ուշ ժամերին Երեւանում զբոսնել չի լինում, կարող է աչքդ թարթես ու դառնաս թափառող շների կեր. «Ամենուրեք սոված ու գազազած թափառող շներ են, որոնք վտանգավոր են անցորդների համար: Կամ պետք է դու նրանց տրորես ու անցնես, կամ նրանք քեզ կհոշոտեն»:

Մյուս դժգոհությունները վերաբերում են անկանոն երթեւեկությանը՝ տրանսպորտին ու վատ ճանապարհներին: Նրանց գնահատմամբ՝ մեր երթուղային միկրոավտոբուսներն իսկական գլխակերներ են. «10-14 տեղանոց միկրոավտոբուսի մեջ առնվազն կրկնակի մարդ են տեղափոխում՝ առանց վախենալու նրանց կյանքի համար: Բացի այդ, լուսակիրները միայն խեղճ քաղաքացիների համար են, եւ դրանց ենթարկվում են միայն էժան մեքենաների վարորդները: Երբ հետիոտնի համար կանաչ լույս է վառվում, դա դեռ չի նշանակում, որ կարող ես գլուխդ կախ փողոցն ապահով անցնել, որովհետեւ կարող է մի վարորդ որոշի քո վրայով անցնել»:

Զբոսաշրջիկներից մեկին հունից հանել էր այն, որ մայրաքաղաքից դեպի հանրապետության մյուս մասերի տեսարժան վայրեր այցելելիս հաճախ ճանապարհին հանդիպել են կովերի: Նրա խոսքերով՝ «Կովերը դանդաղ անցնում են փողոցը, ու ստիպված ես լինում անընդհատ ագելակել մեքենան ու նրանց հե-հե-հե՜յ անես, որ ճանապարհն ազատեն: Երբ դա մի քանի անգամ է կրկնվում, արդեն նյարդայնացնում ու հոգնեցնում է, բացի այդ, խլում է քո թանկ ժամանակը»:

Գերմանացի Զիննը վատ տպավորություն էր ստացել մեր երկրից հենց միայն այն բանի համար, որ այստեղի «Vis-A-Vis Tour» տուրիստական գործակալությունը, առանց իր թույլտվության, իր կայքում օգտագործել էր գերմանացու անձնական տվյալները: Ըստ նրա, «բազմաթիվ անպատասխան էլեկտրոնային հաղորդագրություններից ու սպառնալիքներից հետո նոր միայն հաջողվեց այդ հայկական կազմակերպությանը ցույց տալ, որ սովորական գերմանացի տուրիստն էլ կարող է լուրջ քայլերի դիմել»:

Մեկ այլ տուրիստի վրդովեցրել է այն, որ Վերնիսաժում իրենց, այսպես ասած՝ ավանակի տեղ են դնում ու օրիգինալի անվան տակ վաճառում արվեստի կեղծ գործեր: Նա զգուշացնում է տուրիստներին, որ Հայաստանում դժվար է նաեւ օրիգինալ որեւէ CD կամ DVD գտնել, հիմնականում կեղծված ու գողացված տարբերակներն են: Մի եվրոպացի զբոսաշրջիկ խորհուրդ է տալիս խղճից թույլ բոլոր իր նման տուրիստներին, որ Հայաստանում չշփոթվեն ու մուրացիկ երեխաներին փող չտան, հատկապես՝ դոլարով, որովհետեւ այստեղ երեխաների մուրացկանությունը մաֆիա է. «Եթե հասկացան, որ տուրիստ ես, որ փողոցում լինես՝ կհայտնվեն կողքիդ ու ամենուրեք կհետեւեն քեզ՝ ստիպելով ամեն օր հարկի պես իրենց վճարել»:

Կայքում նաեւ տեղեկատվություն կա, թե տարբեր ծառայությունների ու ապրանքների դիմաց ինչ գներ են գործում տվյալ երկրում: Մի սփյուռքահայ հարկ է համարում մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին տեղեկացնել, որ ռեստորան կամ սրճարան մտնելիս չխաբվեն մենյուի մեջ նշված գնացուցակին. «Այնտեղ, բացի հաշվից, 10-15% սպասարկման վճար են գանձում ու անակնկալի բերում հաճախորդին, նրանց հաշվի գրքույկից գլուխ են հանում միայն երեւանցիները: Մեր համոզմամբ՝ ռեստորանի գնացուցակի մեջ պետք է մտներ նաեւ նրանց սպասարկումը»:

Տուրիստները տարբեր մարզեր կարճաժամկետ այցելությունների ժամանակ հանդիպել են դույլերով ջուր կրող կանանց ու ապշել. «Մենք գիտեինք, թե Հայաստանը լավ հող ու ջրի երկիր է, բայց ջուրը ժամով էին տալիս: Տեսնել է պետք, թե ինչպես են ջրի ժամին կանայք խառնվում իրար: Մարդիկ ստիպված էին իրենց օրվա ամբողջ գործերը պայմանավորել, այսպես կոչված՝ ջրի ժամով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել