Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ՝ ԲԱՆԿԱՅԻՆ ՔԱՐՏՈՎ

Նոյեմբեր 05,2010 00:00

Հաջորդ տարեսկզբից թոշակառուները կարող են ընտրել՝ կենսաթոշակները ստանալ կանխի՞կ, թե՞ անկանխիկ: Գործադիրը երեկ կենսաթոշակների վճարման կարգի մասին նախագիծ է հաստատել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը բացատրեց, որ անկանխիկ եղանակը նախընտրող թոշակառուները իրենց կենսաթոշակները կստանան բանկային հաշվեհամարից. «Այս կարգը հնարավորություն կտա անձին իր բանկային հաշվին փոխանցված կենսաթոշակը տնօրինել առանց ժամկետների սահմանափակման՝ բանկի հետ պայմանավորվելով գումարի կանխիկացման եղանակի մասին»: Պարոն Գրիգորյանը հատուկ ընդգծեց, որ բանկային հաշվի բացումն ու սպասարկումը անվճար են. «Ծախսերը հոգալու է պետությունը»: Թոշակառուից միայն կպահանջվի տարին մեկ անգամ այցելել նոտարին ու բանկին ներկայացնել իր ողջ լինելու մասին տեղեկանք:

Նախարարի խոսքով, բանկային համակարգին անցնելուց առաջ թոշակառուները պետք է կենսաթոշակ նշանակող տարածքային բաժին դիմեն համապատասխան դիմումով՝ նշելով բանկի անունն ու բանկային հաշվեհամարը: Իսկ նրանք, ովքեր կնախընտրեն թոշակը ստանալու ավանդական եղանակը, ըստ նախարարի, խնդիրներ չեն ունենա. «Ընձեռվող հնարավորության շրջանակներում, ընտրության բազմազանությունը ստիպելու է ծառայություն մատուցող բոլոր կազմակերպություններին ավելի որակյալ ծառայություն մատուցել, որովհետեւ կազմակերպությունների միջեւ լուրջ մրցակցություն է լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել