Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարին էլ ամոթանք տվեց

Նոյեմբեր 05,2010 00:00

ՀՀ վարչապետը, ի թիվս այլ նախարարների, Գերասիմ Ալավերդյանից էլ էր դժգոհ

«Հանրապետության նախագահի հանձնարարականները մեզ պետք է սթափեցնեն, որովհետեւ նեգատիվ երեւույթների դեմ մեր պայքարը արդյունքներ չի տալիս»,- երեկ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ նախագահի հանձնարարականները վերաբերում են ոչ միայն մաքսային ու հարկային, այլեւ պետական բոլոր համակարգերին: Պարոն Սարգսյանին մտահոգել է վերջին շրջանում քաղաքացիների ահազանգերն այն մասին, որ թունաքիմիկատների առեւտուրը լուրջ վտանգ է պարունակում. «Այդ առեւտրի թույլտվությունը տրված էր գյուղնախարարությանը: Պարզվեց, որ գյուղնախարարությունը ստուգման արդյունքում ընդամենը մեկ խախտում է արձանագրել, մինչդեռ, երբ վարչապետի վերահսկողությունը գնաց այդ ստուգման հետքերով, պարզվեց, որ եւ Լինցենզավորման վարչությունը, եւ Բուսասանիտարիայի տեսչությունը, մեղմ ասած, պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները. բոլոր այդ օբյեկտներում վերահսկողական ծառայությունը հայտնաբերել է խախտումներ, որոնք նախկինում չէին արձանագրվել: Ընդ որում, Բուսասանիտարիայի տեսչությունը ծառայություններ է մատուցում նաեւ սահմանային բնակավայրերում, այլեւս հանդուրժելի չէ նման աշխատաոճը»: Վարչապետը նախ տեղեկացրեց, որ գյուղնախարարն արդեն աշխատանքից հեռացրել է Լիցենզավորման վարչության պետին, ապա հանձնարարեց. «Այսօր եւեթ լուծեք նաեւ Բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը»: Պարոն Սարգսյանի մյուս դիտողությունն էլ վերաբերում էր բուսասանիտարիայի գործառույթների պարզեցմանը. «10 օրվա ընթացքում ներկայացրեք պարզեցման առաջարկություններ, անիմաստ գործառույթները պետք է հանվեն ու մնան միայն այն գործառույթները, որ անհրաժեշտ են համապատասխան փաստաթղթեր տրամադրելու համար, ինչը օրենքի պայմաններն են»: Վարչապետը վերհանեց այլ խնդիրներ եւս. «2 տարի է՝ խոսում ենք այն մասին, որ վարկային ռեսուրսները պետք է հասանելի լինեն սահմանամերձ շրջաններում, ավելին՝ ծրագիր ենք հաստատել եւ միջոցներ հատկացրել, որ սահմանամերձ շրջաններում հատկացվող վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորվեն պետության կողմից, բայց 2 տարվա ընթացքում այդ գործառույթներն իրականացվում են լրջագույն բացթողումներով: Այդ գործառույթները կատարող սուբյեկտները իրենց պարտականությունները պատշաճ չեն իրականացնում, խոսքը նաեւ այն ծրագրերի իրականացման գործակալության մասին է, որը մտնում է ֆինանսների նախարարության կազմում: Պարո՛ն Դավթյան (դիմեց ֆինանսների նախարարին-Ա.Ս.), 10 օրվա ընթացքում ներկայացրեք կառավարությանը համապատասխան որոշում՝ կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու համար: Անթույլատրելի է, որ ունենք ֆինանսական հատկացումներ, բայց միջոցները չեն հասնում գյուղացիներին»: Լրագրողները գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանից հետաքրքրվեցին՝ փոփոխությունների ի՞նչ առաջարկներ է առաջիկայում վարչապետին ներկայացնելու. «Խնդիրների լուծումը տեսնում ենք «Բուսասանիտարիայի մասին» օրենքում որոշակի փոփոխություններ անելով, ավելի թեթեւացնելու, հեշտացնելու ենք այն աշխատանքները, որ մեր աշխատակիցներն անում են սահմանամերձ կետերում: Վարչապետը նաեւ կադրային փոփոխություններ առաջարկեց, մենք նախատեսում ենք Բուսասանիտարիայի տեսչության պետի փոփոխություն»: Իսկ այն հարցին, թե այդ ինչպե՞ս գյուղատնտեսության ոլորտում վարչապետն այդքան խնդիր վերհանեց, երբ գյուղնախարարը միշտ նշում էր, թե ոլորտում խնդիրներ չկան. «Ես միշտ ասել եմ, որ այդպիսի խնդիրներ կան բուսասանիտարիայում, այդ մասին զեկուցել եմ եւ վարչապետին, եւ հանրապետության նախագահին, հիմա արդեն այդ խնդիրների վերջնական հստակ լուծման մեխանիզմներն են դրվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել