Ադրբեջանական բանաձեւի աննպաստ ձեւակերպումների դեմ պայքարում
Նոյեմբերի 4–ին շարունակվել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Լեհաստանում: Արտաքին գործերի պետքարտուղար, նախարար Յացեք Նայդերի հետ քննարկվել են Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ քաղաքական համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ Լեհաստանի նախաձեռնած «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում: Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանում տարբեր ուղղություններով բարեփոխումների իրականացման ընթացքը: Քննարկվել են հայ-լեհական երկկողմ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր, երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի է: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադառնալով ԼՂ խնդրի լուծման գործընթացին՝ Արթուր Բաղդասարյանն անընդունելի է համարել Ադրբեջանի նախաձեռնությունը՝ ՆԱՏՕ-ի՝ նոյեմբերին կայանալիք Խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ դնել բանաձեւի նախագիծ, որում խոսվում է Ադրբեջանի «գրավյալ» տարածքների մասին: «Բանակցային գործընթացի զարգացումների՝ նման բուռն ժամանակաշրջանում անընդունելի է կրքերի ավելորդ թեժացումը: ԼՂ հիմնախնդիրը կարգավորվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, եւ տարբեր կառույցներում նման բանաձեւերի ի հայտ գալը կարող է վնասել բանակցային գործընթացին»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: Լեհական կողմն ըմբռնումով է ընդունել ՀՀ ԱԱԽ քարտուղարի հարցադրումները եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմին, որպեսզի բանաձեւի նախագիծն անընդունելի ձեւակերպումներով չընդունվի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում: Լեհաստանի էկոնոմիկայի նախարարությունում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դրաժինա Հենցլեւսկայի հետ: Քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման խնդիրը, պայմանավորվածություն է ձեռք բերվել լեհական կողմի մասնակցությամբ եւ ֆինանսավորմամբ մշակել հատուկ ծրագիր Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի եւ հանրապետությունում առկա նման մյուս խնդիրների լուծման համար: Այդ նպատակով առաջիկայում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ համապատասխան համաձայնագիր կստորագրվի: Լեհական կողմը ցանկություն է հայտնել լուրջ ներդրումներ կատարել «Նաիրիտ» գործարանում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հատուկ պատվիրակություն կայցելի Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու խնդիրը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Սենատի մարշալ Մարեկ Ժուլկովսկու, Լեհաստանի կառավարող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության՝ Սեյմի եւ Սենատի խմբակցությունների ղեկավարներ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայայի, Մարեկ Ռոցկու, ինչպես նաեւ կուսակցության հիմնադիր անդամ, լեհ-հայկական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի հետ: Քննարկվել են հայ-լեհական քաղաքական համագործակցությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի հետ միջկուսակցական համագործակցության խնդիրները: Արթուր Բաղդասարյանն այցելել է նաեւ «Նատոլին Կամպուս» կրթական հաստատություն: Նման խոշոր կրթական հաստատություններ գործում են Եվրամիության երեք երկրներում՝ Բելգիայում, Լեհաստանում եւ Ֆրանսիայում, որոնք կադրեր են պատրաստում Եվրամիության վարչակազմի համար: Ակադեմիայի ղեկավարության հետ ձեռք բերված պամանավորվածության համաձայն՝ համագործակցության համաձայնագիր կստորագրվի Հայաստանում Եվրոպական ակադեմիայի եւ «Նատոլին Կամպուս» կրթական հաստատության միջեւ, որի արդյունքում ամեն տարի երեք քաղծառայողներ եւ Եվրոպական ակադեմիայի երեք շրջանավարտներ կարող են մեկ տարի տեւողությամբ անվճար ուսում ստանալ այդ կրթական հաստատությունում եւ աշխատանքի անցնել Եվրոպական միության կառույցներում: Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Վարշավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի լուծմանը, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր: Օրվա ավարտին Արթուր Բաղդասարյանը հարցազրույց է տվել լեհական առաջատար «Ռեչպոսպոլիտա» թերթին: Նույն օրը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան: