Երեկ մի խումբ երիտասարդներ բողոքի գործողություն են իրականացրել Հայաստանում Իրանի դեսպանատան առջեւ՝ բողոքելով այդ երկրում 43-ամյա Սակինե Մոհամմադի Աշտիանիին կախաղան բարձրացնելու որոշման դեմ:
Ինչպես news.am-ին հայտնել է ակցիայի կազմակերպիչներից Լուսինե Վայաչյանը՝ մեկ տասնյակից ավելի երիտասարդներ պաստառներ են փակցրել եւ քարեր են դրել դեսպանատան մոտ՝ դրանով խորհրդանշելով այն հանգամանքը, որ Աշտիանիին ավելի վաղ դատապարտել էին մահապատժի՝ քարկոծման միջոցով: Ակցիայի մասնակիցները հանդիպել են դեսպանատան անվտանգության աշխատակիցների կոպիտ վերաբերմունքին, որոնք հայտարարել են, թե դեսպանատունը սուպերմարկետ չէ, որ նրա վրա պաստառներ փակցվեն, ապա նաեւ սպառնացել, որ ոստիկանություն կկանչեն: Ի վերջո, Լուսինե Վայաչյանին հրավիրել են դեսպանատուն, որտեղ նա ներկայացրել է իրենց բողոքը, ինչին ի պատասխան՝ ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը նախ հայտարարել է, թե չի հասկանում, թե ում մասին է խոսքը՝ ասելով, թե Իրանում շատ կանայք կան ձերբակալված, որ Եվրոպայում նույնպես կան ձերբակալված կանայք։ Երիտասարդները հայտարարել են, թե Իրանի դեսպանատան առջեւ իրենց բողոքի ակցիաները պարբերական են լինելու՝ նույնիսկ օրվա մեջ մի քանի անգամ: Հիշեցնենք, որ 43-ամյա Սակինե Մոհամմադի Աշտիանիին Իրանի դատարանը դատապարտել էր մահապատժի քարկոծման եղանակով՝ ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանության կազմակերպմանն առնչություն ունենալու համար: Միջազգային ճնշման արդյունքում քարկոծումը փոխարինվել է կախաղանով, եւ Իրանի իշխանությունները մտադիր են առաջիկայում իրականացնել այն: